Աճում է ամռանը և աշնանը՝ սաղարթավոր անտառներում, այգիներում՝ կենդանի ու փտած ծառերի վրա (1200-1800 մ բարձր-ներում):
Գլխարկը (տրամագիծը՝ 5-18 սմ) մսոտ է, զանգակակլորաձև, ոսկեգույն կամ ժանգադեղնավուն՝ կարմրավուն թեփուկներով, կպչուն, չորացած վիճակում՝ փայլուն: Պտղամիսը սպիտակավուն է կամ բաց դեղին: Թիթեղները լայն են, սկզբում՝ դեղնավուն, հասունանալուց հետո՝ գորշ շագանակագույն: Ոտիկը օղակով է, դեղնագորշավուն՝ պատված շագանակագույն թեփուկներով: Ուտելի է:
ԲՌՆՉԻ (Viburnum), գերիմաստի, այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana): Առաջինը հանդիպում է Սյունիքի և հս-արլ. մարզերի կաղնու-բոխու ենթանտառներում և թփուտներում, երկրորդը՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մանրանտառներում, անտառեզրերին:
Խոշոր թուփ է, բարձր.՝ մինչև 3,5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով: Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր: Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է: Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց: Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար:
ԲՐԻՆՁ (Oryza), դաշտավլուկազգիների (հացագգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20 (25) տեսակ: Մշակության մեջ տարածված են Բ. ցանովի (O. sativa) և Բ. մերկ կամ աֆրիկական (O. glabrrima) տեսակները:
Ցանովի Բ. միամյա է, ցողունի բարձր.՝ 60-150 (200) սմ: Արմատային համակարգը փնջաձև է: Տերևը նեղ է, սովորաբար՝ կանաչ, երբեմն՝ կարմիր, մանուշակագույն և այլն: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ հասկիկներում՝ մեկական: Պտուղը թեփուկավոր հատիկ է: Թեփուկից մաքրած հատիկը պարունակում է ածխաջրեր (75 %, հիմնականում՝ օսլա), սպիտակուցներ (7,7%), ճարպեր (0,4%), ջուր (14 %):
Խիստ պահանջկոտ է ջրի նկատմամբ, մշակվում է անընդհատ և ընդհատ ոռոգման պայմաններում:
Բ-ի ձավարը համեղ է, սննդարար, դյուրամարս, օգտագործվում է որպես բուժ․ սնունդ, հատիկը՝ սպիրտի, գարեջրի, օսլայի պատրաստման համար: Ծղոտից ստանում են բարձրորակ թուղթ և ստվարաթուղթ, պատրաստում գլխարկներ, զամբյուղներ, խսիրներ, թեթև կոշիկներ և այլն: Թեփն արժեքավոր անասնակեր է: ՀՀ-ում մշակվել է մինչև 1958-ը՝ Արարատյան դաշտում (Արաքսի ափին):
ԲՈՒՍԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄ, լանդշաֆտի, ռելիեֆի, հողերի, կլիմայի և այլ աշխարհագր. բաղադրիչներով պայմանավորված բուսատեսակների համախումբ բաշխման տարածքներ:
Հայաստանի և շրջակա երկրամասերի ժամանակակից երկրաբուսաբ. շրջանացման սխեմաներ մշակել են Ն. Կուզնեցովը, Ա. Գրոսհեյմը, Հ. Մաղաքյանը և Ա. Թախտաջյանը: Ըստ Հ. Մաղաքյանի սխեմայի (1941)՝ Հայաստանի ֆլորան և բուսականությունը պատկանում են չորս բուսաաշխարհագր. նահանգների.
1. Հայկ. լեռնաշխարհի ֆլորիստիկ. նահանգ, ընդգրկում է Շիրակի մարզի մի մասը (Ամասիա, Աշոցք և Ախուրյան) և Սևանի ավազանը: Նահանգի ամենաբնորոշ բուսաաշխարհագր. առանձնահատկությունը խոնավասեր անտառային բուսականության բացակայությունն է: Տիրապետողը լեռնաչորասեր և տափաստանային բուս․ ֆորմացիաներն են՝ ասեղնատերև նոսրանտառների մասնակցությամբ:
2. Կենար. Կովկասի ֆլորիստիկ. նահանգ, ընդգրկում է Ադրբեջանի ու Վրաստանի անտառները և Հայաստանի հս-արլ. մի մասը: Անտառներում տիրապետող տեսակը վրաց. կաղնին է, որն ավելի վեր փոխարինվում է հաճարենիով և արլ. կաղնիով, բնաշխարհիկները սակավաթիվ են, երբեմն հանդիպում են մնացորդային ծառաթփատեսակներ՝ կենի և մրտավարդ:
3. Իրան․ ֆլորիստիկ. նահանգ. ընդգրկում է ամբողջ Արարատյան գոգավորությունը, Գեղամա լեռնավահանի հվ. լանջերը, Վայքը, Մեղրին և Զանգեգուրի հս-արմ. մասը: Նահանգի բուս․ կազմն ինքնատիպ է. աչքի է ընկնում լեռնաչորասեր բուսատեսակների բազմազանությունը, որոնց զգալի մասը բնաշխարհիկներ են. բնորոշ են տրագականտային կենսաձևերը: Մեծ տոկոս են կազմում նաև Առաջավորասիական, Հայկ-իրան., Փոքրասիա-իրան. տարածքները: Արարատյան դաշտում տիրապետում են նաև Արալա-կասպ. ձևերը:
4. Ղարաբաղի ֆլորիստիկ. նահանգ, ընդգրկում է ԼՂՀ և ՀՀ Զանգեգուրի հս-արլ. և արլ. մասերը: Նահանգը հիմնականում անտառային է, գերիշխող ծառատեսակները՝ կաղնին ու հաճարենին:
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՎԵՐԸՆԹԱՑ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Հայաստանում բուսականության հիմն․ տիպերի աշխարհագր. տեղաբաշխումը, ըստ վերընթաց գոտիականության, ունի հետևյալ պատկերը, ամենացածր դիրք ունեն անապատներն ու կիսաանապատները (400-1400 մ), ամենաբարձրը՝ ալպյան գորգերն ու ձնամերձ (խիանոֆիլ) բուս․ համակեցությունները (3000-3600 մ), միջանկյալ՝ մերձալպյան մարգագետինները, բարձրախոտերը, լեռնատափաստանները, անտառներն ու քարաժայռային բուսականությունը: Ջրաճահճային և քարացրոնային բուսականությունը, որպես արտագոտիական համակեցություններ, հանդիպում է բոլոր գոտիներում: Բուսականության տիպերի վերընթաց բաշխվածությունն ու կառուցվածքը զգալիորեն փոխվում են՝ կապված կլիմայի և լեռնալանջի կողմնադրության հետ:
Անապատային բուսականության: Հայաստանի անապատային բուսականությունը գրավում է ընդամենը 30 հզ. հա տարածք: Այն հիմնականում Արարատյան դաշտում է և մերձակա