հատապտղատու, շաքարատու, բուրավետ ևն), կերային (արոտային, խոտհարքային, խտակերային, սիլոսային և այլն), մեղրատու, դեղատու (ալկալոիդներ, սապոնիններ, վիտամիններ, եթերայուղեր, աղաղանյութեր, բազմաշաքարներ, սրտային գլիկոզիդներ, խեժեր, ճարպեր և ճարպանման նյութեր, բջջանյութ և բժշկ. վիրակապ. նյութեր պարունակող և այլն) և թունավոր (հակասնկիկային, միջատասպան, առնետասպան ևն) Բ. հ. պարունակող բույսերը: Այս դասակարգումը պայմանական է, քանի որ դժվար է սահմանազատել տեխ. և բնատնտ. բույսերը (օրինակ՝ կարտոֆիլն օգտագործվում է որպես սննդանյութ, սակայն նրա վերամշակումից ստացվում է սպիրտ):
ԳԱԶ (Astragalus), կոնի, խազիրան, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 2200, ՀՀ-ում՝ 150 (125) տեսակ: Տարածված է բոլոր մարզերի լեռն. գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ, անմշակ հողերում և լեռնալանջերին, երբեմն առաջացնում փշաբարձանման համակեցություններ: Տարածված տեսակներից ավելի քան 25-ը՝ Գ. Զանգեզուրի (A. zangezuricus), Գ. Մեղր ու (A. megricus), Գ. Թախտաջյանի (A. takhtadzjanii), Գ. Աղասու (A. agassii), Գ. Վեդու (A. vedicus), Գ. լճային (A. uraniolimneus) և այլն, բնաշխարհիկ են, 18-ը՝ Գ. թավոտ [(A. erlopodus) հանդիպում է Կոտայքի մարզում (Գառնի, Զովաշեն գեր)], Գ. հացենատերև [(A. fraxinifolius)՝ Լոռու մարզում (Մայմեխ լ.)], Գ. թեքված [(A. refractus)՝ Սյունիքի մարզում], Գ. Շուշի ի [(A. schuschensis)՝ Գեղարքունիքի մարզում (Սոթք գ.)] և այլն. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ցողունը ճյուղավորվող է, երբեմն՝ գետնատարած, բարձր.՝ 40-60 սմ: Տերևները կենտփետրաձև են, հազվադեպ՝ զույգփետրաձև, մանր, ամբողջաեզր, էլիպսաձև, կոթունները վերջանում են փշերով: Ծաղկաբույլը ողկույզ է կամ գլխիկ, ծաղիկները՝ դեղին, ծիրանագույն, սպիտակ, մանուշակագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղն ունդ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, խեժ, որի բաղադրության մեջ մտնում են բազմաշաքարներ, օրգ. թթուներ, լորձ, ներկանյութ և այլն: Խեժն օգտագործվում է նաև հրուշակեղենի, թղթի, լաքերի, ներկի, կաշվի արտադրության մեջ: Գ-ի որոշ տեսակներ թունավոր են: Մեղրատու է:
ԳԱԶԱՐ (Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. վայրի (D. carota): Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է Գ-ի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը: Մշակության մեջ տարածված է Գ. մշակովին (D. sativus): Երկամյա բույս է: Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս: Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն: Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն: Ծաղկում է հունիս-օգոստսին: Պտուղը երկսերմիկ է: Գ. պարունակում է ածխաջրեր, հանք, աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին): Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում:
ԳԱՂՁ (Cuscuta), գելուկ, գայլուկ, գայլխոտ, գաղձազգիների ընտանիքի միամյա մակաբույծ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Գ. մերձեցված (C. approximata), Գ. սովորական (C. epithymum), Գ. եվրոպական (C. europaea), Գ. Ցեզատիի (C.cesattiana) և այլն: Տարածված է բոլոր մարգերում: Աճում է ստորին, միջին լեռն. և նախալեռն. գոտիներում, կիսաանապատներում: Գ. գայլուկանման (C. lupuliformis), Գ. Լեհմանի (C. lehmanniana) և Գ. ծաղկակոթունավոր (C. pedicellata) հազվագյուտ տեսակները երբեմն հանդիպում են Երևանի շրջակայքում: Մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վագի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ: Ցողունը թելանման է կամ քուղանման՝ առանց արմատի և տերևների, փաթաթվող (պարուրում են շրջակա բույսերին և ծծիչներով ամրանում դրանց): Ծաղկաբույլը ողկուզանման է կամ գլխիկանման, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն, կանաչավուն կամ վարդագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը հատապտղանման տուփիկ է, սերմերը՝ մանր: Գ-ի բոլոր տեսակները նշված են կարանտինային