Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/235

Այս էջը սրբագրված է

եղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն: Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն:

Դ-ից ստացված և քիմիաբուժ. պատրաստուկներին ներկայացվող պահանջները (արդյունավետություն, անվտանգություն և այլն) նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել Ղ և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:

ԴԵՂՁԵՆԻ (Persica), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 5 տեսակ: Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են Դ. սովորականից (P. vulgaris): ՀՀ-ում մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում:

Ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձր.՝ 3-8 մ: Տերևները նշտարաձև են, ատամնաեզր: Ծաղիկները երկսեռ են, վարդագույն: Պտուղը հյութալի, գնդաձև, կլոր, ձվաձև և այլ ձևերի կորիզապտուղ է: Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, պովիդլո և այլն): ՀՀ-ում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են: Դ-ու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%):

ԴԵՂՆԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Xanthophyta), ջրիմուռների բաժին: Ամենատարածված տեսակներից են բուորիդիում հատիկավորը (Botrydium granulatum) և վոշերիա սեսիլիսը (Vaucheria sessilis): Բնակվում են քաղցրահամ ջրերում, ջրափոսերի եզրերին, հանդիպում են նաև հողում: Սիֆոնային կառուցվածքով օրգանիզմներ են՝ հիմնանյութին կպած, հիմնականում՝ բազմակորիզ, բաց դեղնավունից մինչև մուգ դեղնավուն, երբեմն՝ կանաչավուն, որը պայմանավորված է ոչ միայն քլորոֆիլի, այլև կարոտինի (A-նախավիտամին) և քսանտոֆիլի առկայությամբ: Ունեն տարբեր Երկարության մտրակներ, ավելի երկարն ուղղված է դեպի առաջ, ունի մանր փետրային կառուցվածք, իսկ մյուսը կարճ է, հարթ՝ ուղղված հակառակ կողմը (այստեղից էլ՝ բաժնի երկրորդ անվանումը՝ տարամտրակավորներ): Բազմանում են անսեռ (զոոսպորներով) և սեռ. ճանապարհով:

ԴԵՇԱՆԱԽՈՏ (Deschampsia), մարգագետնախոտ, մանրախոտ, դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Դ. ճմոտ (D. caespitosa); Աճում է խոնավ մարգագետիններում, անտառներում, գետափերին, առաջացնում ճմաթմբեր և նպաստում ճահճացմանը:

Ցողունը մերկ է, բարձր.՝ մինչև 125 սմ: Տերևները նեգծաձև են, վառ կանաչ: Ծաղկաբույլը փռված է, հուրանանման, հասկիկները՝ մանր: Ծաղկում է հունիս-հուլիսին: Ցածր որակի կերաբույս է:

ԴԵՎԱԳԻ (Cistanche), ճմակ, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 18 (այլ տվյալներով՝ 12), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Դ. անորոշ (C.ambigua), Դ. աղուտային (C.salsa) և Դ. հատված (C.fissa): Մակաբույծ բույս է. հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտի աղուտալկալի հողերում աճող աստղածաղկազգիների (օշինդր) և թելուկազգիների (օշան, շոռան, թելուկ) ընտանիքի բույսերի արմատներին:

Ցողունը կանգուն է, հաստ՝ պատված հերթադիր դասավորված թեփուկներով, բարձր.՝ 20-40 սմ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանուշակագույն: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը տուփիկ է: Պարունակում է ալկալոիդներ և կարմիր գունակ:

ԴԵՐՄԱՏՈՖԻՏՆԵՐ, դերմատոմիցետներ, մանրադիտակային սնկերի խումբ, որոնք կարող են հարուցել մարդկանց և կենդանիների մաշկի և նրա հավելումների (եղունգներ, մազեր) հիվանդություններ՝ դերմատոմիկոզներ: Դ. պատկանում են պայուսակավորների և զիգոմիցետների դասերին, սակայն դրանց մեծամասնության մոտ հայտնի է միայն անսեռ փուլը, որի հետևանքով համարվում են նաև անկատար սնկերր։

Դ-ի հիմն, հատկությունը եղջերանյութ (կերատին) քայքայելն է, որը տարբեր Դ-ի մոտ ի հայտ է գալիս տարբեր ձևերով՝ կախված բնակեցման պայմաններից: Բաժանվում են երեք խմբի՝ հողային (հազվադեպ են առաջացնում դերմատոմիկոզներ), զոոֆիլներ և անթրոպոֆիլներ (մարդու և կենդանիների դերմատոմիկոզների հարուցիչներ), որոնք կարող են ունենալ նաև հողում զարգացող փուլ:

Հայտնի են Դ-ի երեք ցեղի՝ էպիդերմոֆիտիայի էպիդերմոֆիտոն (Epidermophyton), տրիխոֆիտիւսյի տրիխոֆիտոն (Trichophyton) և միկրոսպորիայի միկրոսպորում (Microsporum) 45 տեսակի հարուցիչներ:

ԴԺՆԻԿ (Rhamnus), եղջերափուշ, դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 140 (այլ տվյալներով՝ 110), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Դ. լուծողական (R. cathartica), Դ. Պալասի (R.pallasii), Դ. մանրապտուղ (Լ. microcarpa) և Դ. թիատերև (R. spathulifolia): Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին:

Ցողունի բարձր, մինչև 8 մ է: Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սև, հյութալի կորիզապտուղ է, ուտելի չէ, պարունակում է ներկանյութեր, կեղևը՝ աղաղանյութեր, տերևները՝ վիտամին C: Պտուղների, կեղևի եփուկը, թուրմը, մզվածքը օգտագործում են որպես լուծողական: Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործության մեջ: Մեղրատու է: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ:

ԴԻԱՏՈՄԱՅԻՆ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Diatomeae, Bacillariophyta), ջրիմուռների Հայտնի է մոտ 10 հզ. բրածո և ժամանակակից, ՀՀ-ում՝ 150 տեսակ, որոնք պատկանում են Պինուլարիա (Pinnularia), Ամֆորա (Amphora), Նավիկուլա (Navicula), Մելոզիրա (Melosira) և այլ ցեղերի: Տարածված են լճերում, լճակներում,