Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/238

Այս էջը սրբագրված է

Ե. Կոզո-Պոլյանսկուն (B. ko- so-poljanskyi) բնաշխարհիկ է, հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի անտառներում ու մացառուտներում, Ե. սակավաճաճանչը (B. pau- ciradiatum)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի անտառների բացատներում և թփուտներում, Ե. Սոսնովսկուն (B. sosnowskyi)՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի լեռնատափաստաններում և անտառի բացատներում: Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԵԶՆԱՐԳԵԼ (Ononis), արորկալ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 70-75, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ե. փ ո ք ր (0. pusilla), Ե. վարելահողային (0. arvensis), Ե. վաղեմի (0. antiquorum): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլն:

Ցողունը կանգուն է, բարձր.՝ 20- 80 uiT փշոտ ճյուղերով կամ առանց փշերի՝ պատված սպիտակ և գեղձային մազիկներով: Տերևները եռաբաժան են կամ պարզ, սղոցաեզր: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, եթերայուղեր, սապոնիններ: Արմատների եփուկն ու ջրաթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց: Որոշ տեսակների տերևներից ու ցողուններից ստանում են դեղին և կանաչ ներկեր: Մեղրատու է:

ԵԹԵՐԱՅՈՒՂԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, տերևներում, ծաղիկներում, արմատներում, սոխուկներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր, պարունակող բույսեր: Լինում են միամյա, երկամյա, բազմամյա: Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանմամբ: Պատկանում են նեխուրազգիների (գինձ, քեմոն, անիսոն, հոռոմսամիթ և այլն), խուլեղինջազգիների (դաղձ, եղեսպակ մշկահոտ, ռեհան, նարդոս և այլն), վարդազգիների (վարդենի), խորդենազգիների (վարդաբույր խորդենի), շքանարգիզազգիների (բրաբիոն), ձիթենազգիների (հասմիկ, Եղրևանի), հիրիկազգիների (հիրիկ) և այլ ընտանիքների:

Օգտագործվում են սննդի, քիմ. արդ., դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ:

ԵԼԱԿ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ: Բարձր.՝30-35 սմ: Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ: Ծաղիկները սպիտակ են: Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն հյութալի հատապտուղ է: Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին: Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն. օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն): Մշակվում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում:

ԵՂԲԱՅՐԱՐՅՈՒՆ (Diphelypaea), աղբերաց արյուն, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա, մակաբույծ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3-4, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ե. կարմիր (F. coccinea), Ե. Ելենայի (F. helenae), Ե. Տուրնըֆորի (F. tournefortii): Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում է խոտածածկ և քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին:

Ցողունը խողովակաձև է, թավոտ, կարմիր: Տերևներ չունի: Ծաղիկը թավշանման է, խոշոր, մեկական, վառ կարմիր կամ նարնջագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկփեղկ տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, կարմիր գունակ: Աստղածաղկազգիների ընտանիքի բույսերի (երիցուկ, տարկավան և այլն) մակաբույծ է:

ԵՂԲՈՐՈՍԻՆ (Cephalanthera), առեջագլխիկ, խոլորձազգիների ընտանքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 14, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ե. կարմիր (C. rubra), Ե. քրդական (C. curdica), Ե. երկարատերեվ (C. longifolia), Ե. դամասոնյան (C. damasonium), Ե. կովկասյան (C. caucasica): Հանդիպում