ԹԶԵՆԻ (Ficus), թթազգիների ընտանիքի մերձարևադարձային պտղատու, տերևաթափ ծառ կամ թուփ: Հայտնի է մոտ 900 (այլ տվյալներով՝ 1000), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Թ. սովորական (F.carica): Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտիներում: Աճում է կրահողերում, քարքարոտ, ժայռոտ, արևահար լանջերին, կիրճերում, գետահովիտներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հզոր արմատային համակարգով, տերևաթափ, խիտ-գնդաձև կամ լայնբրգաձև սաղարթով, կաթնանման հյութ պարունակող բույս է: Ցողունի բարձր. 5-12 մ է: Տերևները խոշոր են, բլթակավոր, խորը կտրտված, վերևից՝ կոշտ, խորդուբորդ, մուգ կանաչ, ներքևից՝ թավոտ, մոխրականաչ: Երկտուն է, բաժանասեռ (լինում են նաև միատուն): Արական Լւ իգական ծաղիկները հավաքված են տանձանման, երբեմն՝ գնդաձև ծաղկաբույլերում: Փոշոտումը խաչաձև է, կատարվում է փոքրիկ միջատի՝ բլաստիֆագի միջոցով: Պտուղներն ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից և նրա մեջ գտնվող սերմերից: Պտղաբույլերը գնդաձև են, տանձանման, կանաչավարդագույն, սևավարդագույն, դեղնավարդագույն: Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտման՝ կուսածնությամբ: Բազմանում է սերմերով, արմատային մացառներով, անդալիսով, կտրոններով: Ջերմասեր և երաշտադիմացկուն է: Պտղաբույլը պարունակում է շաքարներ (12-23%), պեկտինային նյութեր (0,5-4,2 %), օրգ. թթուներ (մինչև 1 %), վիտամիններ (Cv B1 B2), հանք, աղեր, սպիտակուցներ, օսլա և այլն: Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակած (մուրաբա, ջեմ, պովիդլո, կոմպոտ, չիր և այլն), բնափայտը՝ փայտագործության և խառատագործության մեջ: ՀՀ-ում մշակվում է Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում, Երևանում, Հրազդան գետի հովտի այգիներում (ձմռանը ծածկելու դեպքում):
ԹԹԵՆԻ (Morus), շերամածառ, թթազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20 տեսակ: ՀՀ-ում մշակության մեջ տարածված են Թ. սպիտակը (M. alba) և Թ. սեվը (M. nigra): Մշակվում է Արարատյան դաշտում, հվ., հս-արլ. գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և այլն: Բունը մուգ է՝ խոր ճեղքվածքներով, պսակը՝ խոշոր, լայն, բրգաձև, բարձր.՝ 12-20 մ: Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձև, ձվաձև, ամբողջական կամ ատամևաեզր, երբեմն՝ թույլ բլթակավոր: Ծաղկաբույլը կատվիկանման է, գլանաձև, կախ ընկած: Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը չոր ընկույզ է, պտղաբույլը՝ խոշոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, հյութալի, քաղցր, կիսաքաղցր և այլն: Պտուղը պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամին C և այլն: Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ: Բնափայտն ամուր է, կիրառվում է շին-յան, ատաղձագործության, երաժըշտ. գործիքների արտադրության մեջ: Բնափայտից և կեղևից ստացվում է բարձրորակ դեղին ներկանյութ, իսկ տերևները լավորակ կեր են շերամորդի համար: Բազմանում է կտրոններով, պատվաստներով և սերմերով: Մեղրատու է:
ԹԹՎԱՌՎՈՒՅՏ (Oxalis), գառնականջիկ, թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Թ. եղջրավոր (Օ. corniculata): Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում: Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին: Ցողունի բարձր. 5-40 սմ է: Տերևները հերթադիր են, մանր տերևակիցներով, եռաբաժան: Ծաղկաբույլը ցիմոզային է, ծաղիկները՝ երկսեռ, դեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, ձվաձև, կլոր կամ տափակ, շագանակագույն: Դեղաբույս է. պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու: Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ:
ԹԹՎԻՃ (Betonica), լոռասերմ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10-15 (այլ տվյալներով՝ 30), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Թ. խոշորածաղիկ (B.macrantha), Թ. դեղատու (B.officinalis) և Թ. արեվելյան (B.orientalis); Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներից մինչև ալպյան մարգագետինները: Աճում է անտառներում, թփուտներում, խոտածածկ լանջերին, մարգագետիններում: Ցողունը պարզ է, բարձր.՝ 20-60 սմ: Տերևները նշտարաձև են, աղեղնաեզր, ստորին մակերեսը՝ թավոտ: Ծաղիկները (ծիրանագույն, վարդագույն կամ սպիտակ) կեղծ տերևանութներում են և առաջացնում են խիտ հասկանման ծաղկաբույլ: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, լեղամուղ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց: