Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/251

Այս էջը հաստատված է

բարձրակարգ բույսերի ժանգ հիվանդությունը: Ախտահարված բույսերի վրա զարգանում են դեղին, նարնջագույն, սև երանգներով բարձիկներ՝ սպորների կուտակումներ:

Ժ-ի զարգացման լրիվ ցիկլը կազմված է միմյանց հաջորդող հինգ տիպի սպորատվությունից: Գարնանը ձևավորվում են սպերմոգոնիումները և էցիդիումները, ամռանը՝ ուրեդոսպորատվությունը, աշնանը՝ տելեյտոսպորատվությունը՝ հանգստացող տելիոսպորներով:

Զարգացման ոչ լրիվ ցիկլի դեպքում սպորատվության մեկ կամ մի քանի տիպեր բացակայում են: Ժ. լինում են միատեր՝ զարգանում են բույսի մեկ տեսակի, և տարատեր՝ մի քանի տեսակների վրա: Ժ. հարուցում են բույսի տեղային, հազվադեպ՝ տարածուն վարակ: Որոշ տեսակներ զարգացնում են բազմամյա միցելիում: Հիվանդ բույսը թուլանում է, բերքատվությունը նվազում: Հայաստանում տարածված ամենախոշոր ցեղը (ավելի քան 150 տեսակ) պուկցինիան (Puccinia) է, որը խոտաբույսերի և ծառատեսակների մակաբույծ է: Առավել տարածվածներից է հացաբույսերի ցողունային ժանգի (Puccinia graminis) հարուցիչը, որի մասնագիտացված ձևերն ընդունակ են վարակելու միայն հացազգիների որոշակի տեսակներ, իսկ ռասաները՝ որոշակի սորտեր: Գիմնոսպորանգիում (Gymnasporangium) ցեղի տեսակները վարակում նե խնձորենին, տանձենին և այլ վարդազգիներ, ուրոմիցեսը (Uromyces)՝ թիթեռնածաղկավորներին և այլն:

ԻԺԱԼԵԶՈՒ(Ophioglossum), օձալեզու, իժալեզվազգիների ընտանիքի պտերների ցեղ: Հայտնի է 45, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ հ. հասարակ (O. vulgatum); Հանդիպում է Սյունիքի (Ծավ գ.), Կոտայքի (Արզական գ.) մարզերում: Աճում է խոնավ անտառներում, գետափերին, թփուտանման մացառուտներում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Բազմամյա խոտաբույս է, բարձր.՝ 3-30 սմ: Տերևները գոյանում են մեկական՝ ամեն տարի, աճում են դանդաղ: Տերևը սահմանազատված է սպորակիր (պտղատու, առաջանում է գծաձև հասկ՝ կազմված երկշարք սպորանգիումներից, որոնք ընկղմվում են տերևի հյուսվածքի մեջ) և վեգետատիվ (անպտուղ, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր, թեթևակի մսալի, կանաչ) մասերի: Գամետոֆիտները (նախածիլեր) պալարանման են, երկսեռ, բազմամյա, զարգանում են հողում (զուրկ են քլորոֆիլից): Ժող. բժշկության մեջ օգտագործում են որպես վերքերն ամոքող միջոց:

ԻԺԱԽՈՏ (Echium), քարբախոտ, օձի գլուխ, ախիոն, գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ հ. ռուսաստանյան (E. russicum), հ. սովորական (E. vulgare) և հ. իտալական (E. italicum): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն. գոտիներում: Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին, չոր վայրերում և այլն:

Ցողունը բութանկյունավոր է, հաստ, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 100 սմ: Տերևները հերթադիր են, նշտարաձև, ամբողջական: Բույսն ամբողջովին պատված է կոպիտ, փշանման մազմզուկներով: Ծաղկաբույլը խիտ հասկանման կամ ողկուզանման ոլորք է: Ծաղիկները սկզբում վարդագույն են, հետո՝ կապույտ: Պտուղը գորշ սպիտակավուն կամ թուխ, կնճռոտ, ձվաձև քառընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալուդներ, սապոնիններ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, E, կարմիր գունակ: Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր, հազը հանգստացնող միջոց:

ԻԼԵՆԻ (Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ հ. թավշային (E.velutina), հ. սովորական կամ եվրոպական (E. europaea), հ. ելունդավոր (E. verrucosa) և հ. լայնատերև (E. latifolia): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն. գոտիներում: Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերում, ձորերում և այլն: Բարձր. 1-9 մ է: Տերևները պարզ են, հակադիր, սղոցաեզր: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ կիսահովանոց է, ծաղիկները՝ երկսեռ, կանաչասպիտակավուն, դեղին: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը 4-5-բնանի տուփիկ է: Պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդներ: Բազմանում է սերմերով և կտրոններով: Բույսն ամբողջովին թունավոր է: Ի-ից ստանում են գուտապերչ:

Թավշային հ. հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԻՇԱԿԱԹՆՈՒԿ (Euphorbia), կաթնուկ, կաղանչան, ափարբի, գայլի կաթ, իշակաթնուկազգիների ընտանիքի, կաթնանման հյութ պարունակող, բազմամյա խոտաբույսերի կամ թփերի (հազվադեպ՝ ծառեր) ցեղ: Հայտնի է մոտ 2000, ՀՀ-ում՝ 27 (34) տեսակ՝ հ. հատվածապտուղ (E. condylocarpa), հ. երկարացողուն (E. macroclada), հ. վարելահողային (E. arvalis), հ. արևելյան (E. orientalis) և այլն: Տարածված է բոլոր մարզերի ստորին լեռնայինից մինչև վերին լեռն. գոտի: Աճում է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, քարքարոտ լանջերին, խոպան հողերում, խոնավ մարգագետիններում, ճահճոտ վայրերում և այլն, աղբոտում է ցանքերը:

Ցողունը խիստ կամ թույլ ճյուղավորվող է, բարձր.՝ 3-90 (140) սմ: Տերևները մեծ մասամբ հերթադիր են, ամբողջական: Ծաղկաբույլը բարդ հովանոցանման է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն, միատուն, որի կենտրոնում գտնվում են իգական, իսկ եզրերին՝ արական ծաղիկները: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը եռաբուն տուփիկ է: Տեսակներից շատերը դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, սապոնիններ: Շատ տեսակների կաթնահյութը թունավոր է, առաջացնում է այրվածքներ, երկար ժամանակ չապաքինվող խոցեր, ազդում է նյարդ. համակարգի և սրտի վրա: Կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր՝ կաուչուկ, գուտապերչ, խեժ և այլն:

Ի. բրդակիրը (E. eriophora) տարածված է Վայոց ձորի մարզում և Երևանի շրջակայքում: Աճում է միջին