Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/269

Այս էջը հաստատված է

իսկ սերմերից՝ ճարպայուղ, որը կիրառվում է մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար: Թունավոր է:

ԿԱՆՃՐԱԿ (Carthamus), ասպար, գաթի ծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 25, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Կ. խավոտ (C. lanatus), Կ. գիպսասեր (C. gypsicola), Կ.Թամամշյանի (C. tamamschyanae), Կ. թխակապույտ (C. glaucus), Կ. ներկատու (C. tinctorius) և այլն: Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագոծոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է ստորին լեռն․ գոտուց մինչև վերինը՝ չոր, քարքարոտ լանջերին, անտառներում, ցանքերում և այլն:

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, ամուր, մազածածկ կամ մերկ, բարձր.՝ 40-90 սմ: Տերևները հերթադիր են, կաշեկերպ, նշտարաձև, փշոտ: Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն, դեղին, նարնջագույն, վարդագույն, ծիրանագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը երկարավուն, քառանիստ, սպիտակ, մերկ, փայլուն սերմնապտուղ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ներկանյութեր (կարմիր և դեղին): Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, քրտնաբեր ևն միջոց:

ԿԱՊԱՐ (Capparis), կապրցախ, կորաք, կապարազգիների ընտանիքի ծառերի, թփերի և կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. փշոտ (C. spinosa): ՀՀ-ում տարածված է ամենուրեք՝ օշինդրային կիսաանապատներում, քարքարոտ, ժայռոտ, գիպսակիր, թույլ աղուտ հողերում, երբեմն առաջացնում է ինքնուրույն բուս․ համակեցություններ:

Կիսաթուփ է՝ փռված բազմաթիվ ցողուններով, երկար.՝ մինչև 3 մ: Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջական, կոշտ՝ փշանման տերևակիցներով: Ծաղիկները տերևանութներում են, մեկական, սպիտակ կամ բաց վարդագույն: Ծաղկում է հունիսից մինչև ուշ աշուն: Պտուղը հակադիր ձվաձև, բազմասերմ, կարմրավուն միջուկով հատապտուղ է։ Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, գլիկոզիդներ, վիտամին C, ալկալոիդներ, ներկանյութ և այլն: Սերմերը պարունակում են մինչև 36 % կարմրավուն ճարպայուղ: Ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են ռևմատիզմի և բրուցելոզի, նստանյարդաբորբի ժամանակ: Կոկոններից և մատղաշ ընձյուղներից պատրաստում են մարինադ: Մեղրատու է:

ԿԱՊՆԴԵՂ (Seseli), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 80, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Կ. մեծաջրանցքիկ (Տ. grandivittatum), Կ. նրբաճյուղ (Տ. leptocladum), Կ. մանանեխանման (Տ. peucedanoides): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ, կրային լանջերին:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված են: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, մանուշակագույն, հազվադեպ՝ դեղնավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը ձվաձև կամ երկարավուն ձվաձև, մեջքի կողմից սեղմված, մերկ կամ մազածածկ սերմնապտուղ է:

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, կումարին, ածխաջրեր, թթուներ: Օգտագործում են շնչարգելության, կծկանքի, նևրոզների և սրտային այլ հիվանդությունների ժամանակ, նաև որպես հակաքաղցկեղային միջոց:

Մեծաջրանցքիկ Կ. (հանդիպում է միայն Արագած լ. վրա) և նրբաճյուղ Կ. (բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՊՏԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Cyanophyta), ջրիմուռների բաժին: Ֆոտոսինթեզող ստորակարգ նախակորիզային օրգանիզմներ (պրոկարիոտներ), երբեմն անվանում են նաև ցիանոբակտերիաներ: Հայտնի է մոտ 2000, ՀՀ-ում՝ 160 տեսակ՝ նոստոկ (Nostoc), անաբենա (Anabaena), սպիրուլինա (Spirulina), օսցիլատորիա (Oscillatoria) և այլն: Բնակվում են քաղցրահամ և աղի ջրերում, հողում, ձյան և սառցի վրա, տաք հանքաղբյուրներում, քարանձավներում: Քարաքոսերի ֆիկոբիոնտ են:

Բարակ պեկտինային թաղանթով (որը խիստ լորձնանում է) պատված միաբջիջ, գաղութային կամ թելանման օրգանիզմներ են, որոնք ընդունակ են յուրացնելու օդի ազատ ազոտը: Պրոտոպլաստում պարունակվում են ավելի քան 40 տարբեր գունակներ, որոնց շնորհիվ ունեն տարբեր գունավորում՝ կապտականաչ, մանուշակագույն, վարդագույն, դեղնականաչ, գրեթե սև: Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով: Մասնակցում են հողագոյացման, ջրամբարների էվտրոֆացման գործընթացներին, նպաստում տիղմի առաջացմանը: Շատերն արտադրում են թունավոր նյութեր: Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ և այլն). երևույթն անվանում են ջրի «ծաղկում»: Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք և այլն: Սևանա լճում ջրի «ծաղկում» են առաջացնում անաբենա ցեղի տեսակները:

ԿԱՊՈՒՏԱԿ (Laser), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. եռաբլթակ (Լ. trilobum): Հանդիպում է Լոռու և Սյունիքի մարզերում: Աճում է անտառի բացատներում և թփուտներում:

Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձր.՝ մինչև 1,5 մ: Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան