և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը:
Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 0,5-2 մ: Տերևները կենտփետրաձև են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր: Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչև մուգ վարդագույն: Ծաղկում է մայիսի վերջերից մինչև սեպտեմբերի սկիզբը: Պտուղը երկարավուն-ձվաձև, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ Կ. անվանումը):
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ․ գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ: Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն: Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է: Մեղրատու է:
Կ. բրդատերևը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, ՀՀ-ում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՐԱՊԱԾԱՂԻԿ (Butomus), կարապածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. հովանոցային (B. umbellatus): Տարածված է Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ճահճուտներում, լճակների, դանդաղահոս գետերի ափերին:
Ցողունը մերկ է, կլորավուն, բարձր.՝ մինչև 100 սմ: Տերևները գծաձև են, առաջացնում են արմատամերձ վարդակ, ներքևի մասում՝ եռանիստ, վերևում՝ հարթ (խոր ջրերում՝ երբեմն բարակ, ժապավենաձև): Ծաղկաբույլը գագաթնային հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, երկսեռ, բազմաթիվ, սպիտակ-վարդագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը պարկուճ է: Կոճղարմատը պարունակում է 59,4 % օսլա և շաքարներ, 13,9 % սպիտակուցներ, 3,9 % ճարպ, 7,1 % թաղանթանյութ ևն․ պիտանի է սննդի մեջ օգտագործելու համար: Կոճղարմատով սնվում են մարդիկ, ջրլող թռչունները և առափնյա կյանք վարող կրծողները: Գեղազարդիչ է:
ՀՀ-ում անհետացման վտանգի տակ է:
ԿԱՐՄՐԱՆ (Tamarix), իրղուն, մոշա, գզմազ, կարմրանազգիների ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 54), ՀՀ-ում՝ 8 (9) տեսակ՝ Կ. ճյուղառատ (T. ramosissima), Կ. Արարատի (T. araratica), Կ. քառառէջ (T. tetrandra), Կ. Մեյերի (T. meyeri) և այլն: Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում ևն:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 6 մ, ընձյուղները՝ բարակ, կարմրավուն: Տերևները թեփուկանման են, հերթադիր, նստադիր, կապտականաչավուն կամ մոխրագույն: Ծաղկաբույլը կողային պարզ ողկույզ է կամ գագաթնային խոշոր հուրան, ծաղիկները՝ երկսեռ (հազվադեպ՝ երկտուն), սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն: Պտուղը բազմասերմ, եռակող տուփիկ է: Սերմերը մանր են, հակառակ ձվաձև: Որոշ տեսակներ պարունակում են աղաղանյութեր, տոկոֆերոլներ, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ ևն, որոշները օգտագործվում են ժող. բժշկության մեջ՝ դեղնախտի, ռևմատիզմի, փայծաղի հիվանդությունների բուժման ժամանակ և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց: Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով: Լուսասեր է, երաշտակայուն, գեղազարդիչ և մեղրատու: Կարելի է օգտագործել աղուտ և ալկալի հողերի և ավազուտների կանաչապատման նպատակով:
Կ. պայծառը (T. florida) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է գետափերին, կավոտ և ավազոտ վայրերում), Մեյերի Կ.՝ Արարատի (Երասխ գ.), Արմավիրի (Եղեգնուտ գ.) և Սյունիքի (Ագարակ, Մեղրի) մարզերում՝ փուխր աղուտներում և առափնյա ավազուտներում, Կ. ութառէջը (T. octandra)՝ Արարատի (Երասխ, Արարատ), Արմավիրի (Մարգարա գ.) մարզերում՝ աղուտներում և գետափերին: Այս հազվագյուտ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՐՏՈՖԻԼ (Solanum), մորմազգիների ընտանիքի պալարապտղավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում (միայն մշակության մեջ) տարածված է մեկ տեսակ՝ Կ. չիլիական (Տ. tuberosum), որը միամյա է:
Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձր.՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն: Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված: Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն: Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է: Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է: Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն ) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն): Կ. մշակվում է պարենային, կերային և տեխ. նպատակներով: Պալարը պարունակում է մինչև 75 % ջուր և 25 % չոր նյութեր (օսլա՝ 14-22, ճարպ՝ 0,3, սպիտակուցներ՝ 1,4-3 %, թաղանթանյութ՝ 1, մոխիր՝ 0,8-1 %, C, B, B2, B6, PP, K