վիտամիններ): Պալարներում և կեղևում լույսի ազդեցությունից առաջանում են թունավոր նյութեր՝ գլիկոալկալոիդներ (սոլանին, չակոնին), որոնք եփելիս մասամբ լուծվում են ջրում: Կ-ից ստանում են օսլա, սպիրտ, գլյուկոզա, գլյուկոզային մաթ և այլն: 17,5 % օսլա պարունակող 1 տ Կ-ից ստացվում է 170 կգ օսլա կամ 112 լ սպիրտ: Որպես կեր օգտագործում են պալարները, փրերը, դիրտը և քուսպը: 100 կգ պալարը համարժեք է 29,5, փրերը՝ 12 կերային միավորի: Կ. բազմացվում է պալարներով (ընտրասերման նպատակով՝ սերմերով): ՀՀ-ում մշակում են Լորխ, Ստեփանավանյան և այլ սորտեր:
ԿԱՔԱՎԿՐԿՈՒՏ (Lithospermum), քարասերմիկ, մարգարտախոտ, ղուլպ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Կ. մանուշակագույն (Լ. purpuro-caeruleum), Կ. դեղատու (Լ. officinale), Կ. բարակածաղիկ (Լ. tenuiflorum) և Կ. դաշտային (Լ. arvense): Տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև միջին լեռն․ գոտիները: Աճում է անտառներում, թփուտներում, բաց վայրերում, աղբոտում այգիները, հացաբույսերի ցանքերը, (օրինակ՝ դաշտային Կ.) և այլն:
Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 10-100 սմ: Տերևները նստադիր են, երկարավուն-գծաձև կամ նեղ նշտարաձև՝ պատված կոշտ կամ փափուկ մազիկներով: Ծաղկաբույլը ողկուզանման ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը քառընկուզիկ է: Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ, վիտամին C, կարմիր գունակ, ճարպայուղ: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող միջոց:
ԿԵՂԾ ԱԼՐԱՑՈՂԱՅԻՆ ՍՆԿԵՐ, օօմիցետների դասի պերոնոսպորայինների ընտանիքի սնկեր: ՀՀ-ում տարածված են վնասակար պլազմոպարա վիտիկոլան (Plasmopara viticola)՝ խաղողի միլդյուի հարուցիչը, պերոնոսպորա սպինացեան (Peronospora spinaceae)՝ ախտահարում է սպանախը և այլ տեսակներ: Պերոնոսպորայի տարբեր տեսակներ հարուցում են բազմաթիվ բակլազգի կերաբույսերի պերոնոսպորոզ հիվանդությունը: Օբլիգատ մակաբույծներ են, ախտահարում են խոտաբույսերը, հազվադեպ՝ թփերը: Հարուցում են կեղծ ալրացողային հիվանդություն (առաջացնում են տարածուն կամ տեղային վարակ): Ախտահարված հատվածներում (հիմնականում տերևների վրա) ի հայտ է գալիս քլորոզ, հետագայում՝ գորշացող բծեր, որոնք ծածկվում են նուրբ, հազվադեպ՝ խիտ, հեշտ անհետացող, սպիտակ, մոխրագույն, մանուշակագույն փառով: Առաջացնում են անսեռ սպորատվություն՝ կոնիդիակիր (սպորակիր) թելիկներ՝ կոնիդիումներով: Կարգաբան․ նշանակություն ունեն կոնիդիակիր թելիկների ծայրային ճյուղերի ճյուղավորման տիպերը: Օրինակ՝ պլազմոպարա ցեղի ծայրային ճյուղերը ճյուղավորված են ուղիղ անկյան տակ, պերոնոսպորայինը՝ դիխոտոմիկ: Կոնիդիումներն աճում են կոնիդիակիր թելիկներից պոկվելուց հետո՝ առաջացնելով աճման խողովակ կամ զոոսպորներ:
ԿԵՆԻ (Taxus), կարմրածառ, գեղձի, բզենի, կենազգիների ընտանիքի երկտուն, մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղ: Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 8), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. սովորական կամ հատապտղային (T. baccata): Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերում: Աճում է խոնավ, ստվերոտ անտառներում, հազվադեպ՝ ստորին և միջին լեռն․ գոտիներում (1000-1800 մ բարձր-ներում), առաջացնում մաքուր ծառուտներ. ամենամեծը (25 հա) գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գ-ի մոտակայքում (Գետիկի հովիտ):
Բարձր. 10-20 (25) մ է: Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ: Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման: Սաղարթը խիտ է: Ապրում է 2-3 հզ. տարի: Բազմանում է սերմերով և կտրոններով: Աճում է դանդաղ (տարեկան մոտ 4 սմ)։ Բնափայտն ամուր է, արժեքավոր, ծանր, ճկուն, գորշակարմրավուն: Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ:
Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր: Բույսն ամբողջովին թունավոր է: Օգտագործվում է կանաչ շին-յան մեջ: Մեղրատու է:
Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿԵՆՍԱԾԱՌ (Biota), կենաց ծառ, դրախտանոճի, խայտանոճի, թույա, նոճազգիների ընտանիքի միատուն, մշտադալար, ասեղնատերև ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Կ. արևելյան (B. orientalis): Աճեցվում է Արարատյան դաշտում, նախալեռն․ շրջաններում, իսկ պուրակներում և ճամփեզրերին՝ որպես գեղազարդիչ բույս:
Ցածրաճ ծառ է, բարձր.՝ 8-10 մ: Ասեղնատերևները թեփուկանման են, մուգ կանաչ: Արական հասկիկները գնդաձև են: Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունանալուց չորանում, դառնում են կարմրադարչնագույն: Պտղաբերում է ամեն տարի: Սերմերը հասունանում են երկրորդ տարում: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով: Կյանքի միջին տևողությունը 1000 տարի է: Ջերմա-, լուսասեր է, չորադիմացկուն: Դիմացկուն է նաև ծխի ու փոշու հանդեպ: Պարունակում է եթերայուղեր: Մանրէասպան է: