գծաձև են: Ծաղկաբույլը խիտ, գլանաձև, մուգ շագանակագույն կողր է (գտնվում է ցողունի գագաթին), որի վրա հաջորդում են իգական (ներքևում) և արական (վերևում) մանր ծաղիկները: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը թռչող ընկուզիկ է:
Կոճղարմատները պարունակում են 44,2-57,2 % օսլա, շաքարներ, գլիկոզիդներ, վիտամին C և այլն, տերևները (մինչև ծաղկելը)՝ 71-82,2 մգ % վիտամիններ: Կոճղարմատն ուտելի է, կարելի է պատրաստել մարինադ, ստանալ ալյուր և այլն: Ցողուններից և տերևներից պատրաստում են զամբյուղներ, ծաղկամաններ, խսիր և այլն:
Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Երևանի բուսաբ. այգում:
ԿԻՊՐՈՍ, տես Սրնգենի.
ԿԻՍԱԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:
ԿԼԱԴՈՍՊՈՐԻՈՒՄ (Cladosporium), անկատար սնկերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ Կ. կարճ - սեղմված (C. brevi-compactum), Կ, նրբագեղ (C. elegantulum), Կ. խոտի (C. herbarum), Կ. գարու (C. hordei) և այլն: Տարածված է ամենուրեք: Բնակվում է հողում՝ բուս, մնացորդների վրա, մասնակցում դրանց քայքայմանը:
Միցելիումը գորշաձիթապտղագույն է, առաջացնում է միայնակ, թույլ ճյուղավորվող կոնիդիակիրներ: Կոնիդիումները տարբեր ձևերի (գլանաձև, էլիպսաձև, գնդաձև և այլն) ու չափերի են: Սապրոտրոֆներ են, կան նաև մակաբույծ տեսակներ: Բարձրակարգ բույսերի վտանգավոր, տարածված ախտածին տեսակներից են՝ Կ. գորշ (C. fulvum), ախտահարում է լոլիկը (գորշ բծավորություն կամ կլադոսպորիոզ), Կ. վարունգի (C. cucumerinum)՝ վարունգը (ձիթապտղագույն բորբոս) և այլն, որոշ տեսակներ հայտնի են որպես արդ. ապրանքների, հումքի կենսավնասում հարուցողներ: Օրինակ՝ Կ. ձյութեն՝ «նավթի սունկ» (C. resinae), տարրալուծում ու քայքայում է նավթը և նավթամթերքը, Կ. խոտին և Կ. կարճ-սեղմվածը հայտնի են որպես թաղանթանյութ քայքայողներ:
ԿԼԱԴՈՖՈՐԱ (Cladophora), կանաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. հավաքական (C. glomerata): Բնակվում է ծովերում և քաղցրահամ ջրավազաններում: Ամրանում է հիմնանյութին և ջրին տալիս կեղտոտ կանաչ գույն:
Կ-ի մարմինը թփանման է՝ կազմված բազմաթիվ ճյուղավորված թելիկներից, որոնք հատվածավորված են առանձին բազմակորիզ բջիջների և ունեն ցանցաձև քրոմատոֆոր: Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռ. (իզոգամիա) ճանապարհներով:
ԿԾՄԱԽՈՏ (Botriochloa), միրուսաբույս, միրուքախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Կ. սովորական (B. ischaemum) և Կ. կովկասյան (B. caucasicum): Հանդիպում է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է լեռներում, տափաստանների և անապատների թեքություններում:
Արմատները կարճ են, սողացող: Ցողունը կանգուն է, բարձր.՝ մինչև 80 սմ՚. Տերևները նեղ են, գծաձև, առաջացնում են արմատամերձ վարդակ: Ծաղկաբույլը կազմված է հասկանման ճյուղերի փնջից, մատնանման է կամ հուրանանման: Հասկիկները երկարավուն-գծաձև են, կանաչավուն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սերմնապտուղ է: Կերաբույս է, պարունակում է հում պրոտեիններ, ճարպեր, թաղանթանյութ և այլն:
ԿԾՎԻՉ (Armoracia), ծովաբողկ, ժախուկ, քթառ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. ռուսական կան (A. rusticana): Վայրի վիճակում հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սեմյոնովկա գ.): Տարածված է նաև մշակության մեջ և ագրոցենոզներում՝ որպես մոլախոտ: Արմատը մսալի է: Ցողունը կանգուն է, կողավոր, բարձր.՝ 50-150 սմ տերևները խոշոր են, երկարավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր:
Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերա յուղեր, հանք, աղեր և այլն: Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով: Արմատն օգտագործվում է սննդի մեջ՝ հում, եփած, թթու դրած և որպես համեմունք: Ունի բուժիչ հատկություններ (ախորժաբեր, արյան ճնշումն իջեցնող, հակալնդախտային, ստամոքսաղիքային համակարգի գործունեությունը կանոնավորո րող, միզամուղ և այլն):
ԿԾՎՈՒԿ (Bunias), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. արեվելյան (B. orientalis): Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, գետափերին, ցանքերում, աղբոտ վայրերում:
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մազմզուկապատ, բարձր.՝ 45-150 սմ: Արմատամերձ տերևները կոթունավոր են, հիմքի մասում՝ խոր կտրտված, ցողունայինները՝ նշտարաձև, գոգավորատամնաեզր ատամնաեզր: Ծաղկաբույլը վահանիկանման հուրան է, ծաղիկը՝ վառ դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը ընկուզանման պատիճակ է:
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, վիտամիններ: Ուտելի է (արմատները, տերևները, երիտասարդ ընձյուղները):