ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Հ. սովորական (A. millefolim), Հ. ասպիրակի (A. filipendulina), Հ. նեղատերև (A. tenufolia), Հ. Վիլհելմսի (A. wil- helmsii) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է թփուտներում, մարգագետիններում, խոտհարքներում, արոտավայրերում, գետահովիտներում, քարքարոտ լանջերին, աղբոտում ցանքերը: Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15-100 սմ: Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված կամ կտրտված: Ծաղկաբույլը զամբյուղ է, արտաքին ծաղիկները՝ լեզվակավոր, սպիտակ, դեղին, վարդագույն կամ կարմրավուն, իգական, կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին, երկսեռ: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը երկարավուն, թույլ եռակող կամ տափակ սերմիկ է: Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց: Մեղրատու է և գեղազարդիչ:
ՀԱԼԵՎՈՐՈՒԿ (Senecio), ալևորուկ, խաչախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, Երկամյա և բազմամյա խոտաբույսերի, լիանների (երբեմն՝ երկար փայտային ցողունով), թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ: Հայտնի է ավելի քան 1500 (այլ տվյալներով՝ 3000), ՀՀ-ում՝ 15 տեսակ՝ Հ. գարնանային (Տ. vernalis), Հ. խաւոուտիկատերեվ (Տ. taraxacifolius), Հ. կովկասյան (Տ. caucasigenus), Հ. ճարճրուկատերեվ (Տ. erucifolius) և այլն: Հ. Լիպսկու (Տ. lipskyi), Հ. Սոսնովսկու (Տ. sosnovskyi) և այլն ու սառցադաշտային դարաշրջանի մնացորդ Հ. գետային (Տ. fluviatilis, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռն. ճահճուտներում) տեսակները բնաշխարհիկներ են: Տարածված է բոլոր մարզերում, լեռնատափաստաններում, անտառներում, մարգագետիններում: Աճում է գետափերին, թփուտներում, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում: Հ. տափակատերևը (Տ. platyphylloides) դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ (տերևները՝ 0,49-3,5 %, ցողունները՝ 0,2-1,2%, կոճղարմատները՝ 2-4%, կոկոնները՝ ավելի քան 5 %, ծաղիկները՝ մինչև 3 %, սերմերը՝ մինչև 5 %), որոնց մեջ առավել կարևոր են պլատիֆիլինը, նեոպլատիֆիլինը, սենեցիֆիլինը, սառացինը: Պատրաստուկներն օգտագործում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի, լեղապարկի բորբոքումների, լյարդային ու երիկամային խիթերի և այլ դեպքերում: Որոշ տեսակներ մոլախոտեր են (գարնանային, փոքրաշաքիլ հներ և այլն):
Ցողունի բարձր. 10-100 սմ է: Տերևները փետրաձևլթակավոր են կամ ամբողջական, հաճախ՝ թավոտ: Ծաղկազամբյուղները ողկուզանման, հովանոցանման, վահանանման կամ հուրանանման ծւսղկաբույլերում Են, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, ծիրանագույն կամ մանուշակագույն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Մեղրատու է և ներկատու:
ՀԱԼՎԵ (Aloe), ալոե, թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ: ՀՀ-ում աճեցվում է ՀՀ ԳԱՍ Երևանի բուսաբ. այգում, Արմավիրի մարզում: Սենյակային պայմաններում աճեցվում է Հ. ծառանմանը (A. arborescens):
Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ հիմնականում խողովակավոր կամ նեղզանգակաձև, կարմիր, նարնջագույն, դեղին: Պտուղը տուփիկ է: Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով: Արժեքավոր դեղաբույս է. տերևների թուրմը պարունակում է ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ: Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում: Հ-ի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով: Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում:
ՀԱԿԻՆԹ՛ (Hyacinthus), շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30 տեսակ: Ծաղկագործության մեջ տարածված է Հ. արևելյան (H. orientalis) տեսակը (ունի 400-ից ավելի սորտեր):
Սոխուկը լայն կոնաձև է: Տերևներն արմատամերձ են, հարթ, հյութալի, վառ կանաչ, գծաձև: Ծաղկակիր ցողունը գլանաձև է, հյութալի, անտերև, բարձր.՝ 20-50 սմ: Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ զանգակաձև, պարզ կամ բազմաթերթ, կապույտ, սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն և այլն, հաճելի բուրմունքով: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը մսոտ է, կլորավուն, մուգ դարչնագույն կամ սև: Լավագույն գեղազարդիչ բույսերից է:
ՀԱՂԱՐՋԵՆԻ (Ribes), կոկռոշազգիների ընտանիքի տերևաթափ բույսերի