ցեղ: Հայտնի է 150, ՀՀ-ում՝ 6 (որից 5-ը՝ վայրի) տեսակ՝ Հ. արեվելյան (R. orientale), Հ. ալպիական (R. alpinum), Հ. Բիբերշտեյնի (R. biebersteinii), Հ. հայկական (R. armenum) և այլն: Տարածված է Արագածոտևի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլն: Հ. սովորականը (R. vulgare) աճեցվում է գրեթե բոլոր մարզերում: Մշակության մեջ տարածված են նաև Հ. սև (R. nigrum) և Հ. կարմիր (R. rubrum) ներմուծված տեսակները (նախալեռն. և լեռն. մարզերում):
Թփի բարձր. 2-2,5 մ է: Տերևները պարզ են, հերթադիր, 3-5-բլթականի, ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, Երկսեռ, հազվադեպ՝ բաժանասեռ և երկտուն, սպիտակ, դեղնականաչավուն և այլն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը հյութալի, բուրավետ, թթվաշ հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույների:
Պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային, աղաղա և ներկանյութեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, ջեմ, մուրաբա և այլն): Խոնավասեր է: Բազմանում է սերմերով և արմատային մացառներով:
Հ. Ախուրյանին (R. achurjani) հանդիպում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, աճում է միջին լեռն, գոտու ժայռոտ վայրերում, կիրճերում, թփուտներում: Հայկական Հ. հանդիպում է Վայոց ձորի մարզում (Ջերմուկի շրջակայքում), աճում է գետեզրերին և գետափերի քարքարոտ մասերում, վերին լեռն, գոտում առաջացնում է փոքր մացառուտներ: Այս բնաշխարհիկ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱՃԱՐԵՆԻ (Fagus), հաճարածառ, աճարենի, հաճարուկ, փեկոն, հաճարազգիների ընտանիքի միատուն, տերևաթափ բույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. արևելյան (F. orientalis): Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում: Աճում է միջին և վերին լեռն. գոտիներում (450-2200 մ բարձր-ներում): ՀՀ անտառների գերակշռող ծառատեսակներից է:
Սլացիկ ծառ է, բարձր.՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ: Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով: Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են: Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև: Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ: Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով: Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ: Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է: Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է:
Հ. ստվերադիմացկուն է, խոնավասեր: Բնափայտն ամուր է, առաձգական: Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շին-յան մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում): Ապրում է 400 և ավելի տարի:
ՀԱՄԱՍՊՐԱՄ (Melandrium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. Բուասիեի (M. boissieri): Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, աղբոտ վայրերում:
Ցողունն ուղիղ է, եղանաձև ճյուղավորվող, բարձր.՝ 40-80 սմ: Ստորին տերևները կոթունավոր Են, ձվաձև, վերինները՝ ձվանշտարաձև, սրածայր: Ծաղկաբույլը նոսր կիսահովանոց է, ծաղիկները՝ միասեռ, երկտուն, սպիտակ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը միաբուն, բազմասերմ, տանձաձև տուփիկ է:
ՀԱՄԵՄՈՒՆՔԱՑԻՆ ԲՈՒՅՍԵՐ, թարմ և չորացրած բույսեր, որոնց տարբեր օրգաններում (արմատ, ծաղիկ, սերմ, տերև և այլն) կուտակվում են սուր համով ու զանազան բուրմունքներով որոշ քանակությամբ օրգ. նյութեր՝ մեծ մասամբ եթերայուղեր, նաև վիտամիններ ու հակաբիոտիկներ: Օգտագործում են ուտելիքը կամ ըմպելիքը համեմելու համար՝ խոհարարության, սննդի արդ. (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի ևն), օծանելիքի արտադրության և բժշկության մեջ: Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարեղեն: Դրանք ախորժաբեր են և բարերար են ազդում ստամոքսի գործունեության վրա: Հ. բ. աճում են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն ավելի շատ տարածված են արևադարձային երկրներում: Հ. բ-ից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, հոտավետ ու սև պղպեղները և այլն: Շրթնածաղկավորների, խաչածաղկավորների, հովանոցավորների և այլ ընտանիքների Հ. բ. (հիմնականում՝ խոտաբույսեր) աճում են նաև բարեխառն գոտում: Դրանցից առավել տարածվածները (սոխ, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ, մաղադանոս, քեմոն, կծվի) հնագույն ժամանակներից մշակվել են նաև Հայաստանում: Սննդի մեջ օգտագործվել են նաև վայրի տեսակները (պատրինջ, ուրց, դաղձ, ռեհանուրց, եղեսպակ, քրքում, փրփրուկ, սրոհունդ և այլն):
ՀԱՊԱԼԱՍԵՆԻ (Vaccinium), հավամրգազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ: Հայտնի է 130, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Հ. ճահճային (V. uliginosum), Հ. մրտ են ական (V. myrtillus), Հ. կարմիր (V. vitisdaea): Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գ-երի շրջակայք), Կոտայքի (Հանքավան