Ցողունի բարձր.և մինչև 100 սմ է: Ցողունային տերևները եռաբաժան են կամ մատնաձև, արմատամերձները՝ թաթաձև հատված (երբեմն բացակայում են): Ծաղիկները մեկական են կամ կիսահովանոցանման ծաղկաբույլով, դեղին, կարմիր, վարդագույն, սպիտակ, կապույտ: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը բազմընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, սապոնին, յուղեր, ներկանյութ ևն: Պատրաստուկներն օգտագործում են ռևմատիկ ցավերի, գլխացավի, ատամնացավի, գորտնուկի բուժման ժամանակ, նաև որպես միզամուղ, քրտնաբեր, արյան մակարդելիությունը բարձրացնող միջոց: Տեսակների մեծ մասը թունավոր է:
ՀՈՆԻ (Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. սովորական (C. mas): Վայրի վիճակում տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի անտառներում, մշակվում է Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Երևանի շրջակա այգիներում (Նորք) և այլն:
Բարձր. 4-8 մ է, պսակի տրամագիծը՝ 3-6 մ: Տերևները վառ կանաչ են, պարզ, ձվաձև, ամբողջական, հակադիր: Ծաղկաբույլը հովանոցանմւսև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, ոսկեդեղին: Ծաղկում է մարտին: Պտուղը կարմիր, մսալի կորիզապտուղ է: Պարունակում է շաքարներ, վիտամիններ, թթուներ: ժող. բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաղիքային խանգարումների ժամանակ և որպես հակալնդախտային ու քրտնաբեր միջոց: Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղաղանյութեր, տերևները՝նաև ֆիտոնցիդներ: Գեղազարդիչ է և մեղրատու:
ՀՈՎԱՆՈՑԱՍՆԿԵՐ (Macrolepiota), գլխարկավոր ագարիկալ սնկերի ցեղ: Հայտնի է մոտ 11, ՀՀ-ում՝ 8 տեսակ: Առավել տարածված են Հ. դաշտայինը (M. excoriata) և Հ. բարձրը (M. procera), հանդիպում են անտառներում, դաշտերում, մարգագետիններում, այգիներում: Աճում են հողի վրա՝ ամռանը և աշնանը:
Բարձր Հ-ի գլխարկը (տրամագիծը՝ 40 սմ) ձվաձև է, ապա՝ հովանոցանման, կենտրոնում՝ թմբիկով, հիմնականում՝չոր, սպիտակավուն, մոխրագորշավուն (կենտրոնում՝ ավելի մուգ)՝ խոշոր դարչնագորշագույն թեփուկներով ծածկված թելանման եզրերով: Պտղամիսը սպիտակ է, փխրուն՝ թույլ սնկային հոտով և ընկույզի համով: Թիթեղները ջինջ սպիտակ են (ի տարբերություն շամպինյոնի), ոտիկից առանձնացված են օղակով (կոլարիում): Ոտիկը (երկար.՝ 50 սմ, հաստ.՝ 1,5-3 սմ) պատված է սպիտակավուն, գորշ թեփուկներով: Գլանաձև է, սնամեջ, հիմքում՝ պալարաձև հաստացած, վերին մասում ունի լայն շարժուն օղակ:
Ուտելի են. հիմնականում օգտագործվում են Երիտասարդ պտղամարմինների գլխարկները՝ թարմ, աղ և թթու դրած:
ՀՈՎՎԱՄԱՂԱԽ (Capsella), ծտապաշար, ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. սովորական (C. bursapastoris): Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում: Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում ևն:
Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձր.՝ 10-60 սմ. Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն: Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ Հ. անվանումը): Սերմերը ձվաձև են, դեղևաշագանակագույն: Դեղաբույս է. տերևները պարունակում են խնձորա-, կիտրոնա-, ֆումարագինե- և այլ թթուներ, աղաղանյութեր, սերմերը՝ ճարպայուղեր: Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց: Ուտելի է և մեղրատու:
ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ (Convallaria), շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է միայն 1 տեսակ՝ Հ. մայիսյան (C. majalis): ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում, մշակվում է որպես գեղազարդիչ բույս: Մշակության մեջ տարածված են Հ. խոշորածաղիկ (C. grandiflora), Հ. խայտաբղետ (C. Հովվամաղախ variegatus), Հ. լայնատերեվ (C. latifolius) և սպիտակ, վարդագույն, միաթերթ կամ բազմաթերթ թավշյա ծաղիկներով, երբեմն խայտաբղետ տերևներով այլ սորտեր:
Կոճղարմատը սողացող է: Ծաղկակրի բարձր, մինչև 20 սմ է: Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր: Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը գնդաձև, կարմիր հատապտուղ է: Սերմերը բաց դեղնավուն են: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են սրտի սուր և