ՄԱՇ (Vigna sinesis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա բույս:
Արմատն իլիկաձև է: Ցողունը մերկ է, կանգուն կամ կիսականգուն, բարձր.՝ 30-150 սմ: Տերևները եռմասնյա են, հերթադիր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակից մինչև մանուշակագույն: Պտուղը գլանաձև, դեղին կամ մուգ դեղին ունդ է: Սերմերը երիկամաձև են, ձվաձև, սպիտակ, դեղին, վարդագույն, գորշ, մոխրագույն, խայտաբղետ և այլն: 1000 սերմի կշիռը 300 գ է:
Պարենային և կերային բույս է: Սերմերը պարունակում են սպիտակուցներ, օսլա, ճարպ, թաղանթանյութ և այլն: Սև սերմերն օգտագործում են որպես խտացրած կեր, նաև կանաչ զանգվածը, խոտը, դարմանը, մղեղը՝ որպես կեր: Լավ զարգացած արմատային համակարգի շնորհիվ կուտակում է մինչև 300 կգ/հա ազոտ, լավացնում հողի ֆիզ. և քիմ. վիճակը:
Ջերմա- և խոնավասեր բույս է: ՀՀ-ում (փոքր հողակտորներով) մշակվում է Արարատյան դաշտում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
ՄԱՍՐԵՆԻ (Rosa), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի վարդ ցեղի վայրի թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ: Հայտնի է մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250), ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ Մ. Ղազարյանի (R. kazarjanii), Մ. առատափուշ (R. spinosissima), Մ. փափուկ (R. mollis), Մ. ալրապատ (R. pulverulenta) և այլն: Մեծ թիվ են կազմում նաև բնաշխարհիկները՝ Մ. Զանգեզուրի (R. zangezura), Մ. Սյունիքի (R. sjunikii), Մ. Սոսնովսկու (R. sosnovskyana), Մ. Հրաչի (R. hrachiana) և այլն: Տարածված է բոլոր մարզերում: Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում (900-2200 մ բարձր-ներում) և այլն:
Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձր.՝ մինչև 2 (3) մ: Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր: Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն:
Պտուղը պարունակում է վիտամիններ P, B1, B2, K, E, հատկապես՝ C (2-18%), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանք․ տարրեր, եթերայուղեր և այլն: Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն), յուղը կիրառվում է սնուցող, խոցերի, մաշկ․ որոշ հիվանդությունների բուժման համար: Մ. օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, օշարակ, կոմպոտ, պովիդլո, մուրաբա, կիսել և այլն): Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ: Մ-ի թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն: Պտուղները կեր են ձմեռող թռչունների համար: Ցրտա- և չորադիմացկուն է, մեղրատու:
Մ. կիսագնդաձևը (R. haemisphaerica) ՀՀ-ում հանդիպում է հազվադեպ (Երևանի շրջակայքում և Վայոց ձորի մարզում): Աճում է խիստ քարքարոտ լանջերին, կրաքարային խճաքարերի փլվածքներում: Ծաղիկները վառ դեղին են, պտուղները՝ նարնջագույն: Գեղազարդիչ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՄԱՏԻՏԵՂ (Polygonum), հավկտենի, հավուկեր, հնդկացորեն, մատիտեղազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 20 տեսակ՝ Մ. ալպիական (P.alpestre), Մ. տարատերև (P. heterophyllum), Մ. փաթաթվող (P. convolvulus), Մ. ջրային կամ ջրապղպեղ (P. hydropiper), Մ. ճնճղուկի (P. aviculare) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ թեքություններում, ճամփեզրերին, գետերի, առուների ափերին, խոնավ վայրերում, ջրակալներում, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն:
Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, փռվող, գետնատարած կամ փաթաթվող, բարձր․ կամ երկար.՝ մինչև 3 մ։ Տերևներն ամբողջական են, կոթունավոր, սրտաձև, նեղ նետաձև, երկարավուն-ձվանման, գծաձև և այլն: Ծաղիկները վարդագույն են, սպիտակ կամ կանաչավուն, մեկական, փնջերով՝ տերևանութներում կամ հասկանման ծաղկաբույլերում: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը երկ- կամ եռակող ընկուզիկ է կամ սերմիկ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ, վիտամին C, ներկանյութեր և այլն: Պատրաստուկները (թուրմ, լուծամզուք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային միջոց: Մ-ի որոշ տեսակներ կերային են, գեղազարդիչ, համեմունքային, մեղրատու:
ՄԱՏՆՈՑՈՒԿ (Digitalis), մատնածաղիկ, պուճպուճա, խլածաղկազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 36), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մ. ժանգոտ (D. ferruginea) և Մ. ջղավոր (D. nervosa): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն:
Կոճղարմատը կարճ է: Ցողունն ամուր է, բարձր.՝ 40-100 սմ: Տերևները հերթադիր են, նշտարաձև, ամբողջաեզր, ջղավոր, առաջացնում են արմատամերձ վարդակ: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ զանգակաձև, ժանգադեղնավուն, դեղին կամ բաց գորշավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է: Սերմերը մանր են, դարչնագույն: Մ-ի բոլոր տեսակները թունավոր են, իսկ որոշները՝ արժեքավոր դեղաբույսեր, պարունակում են գլիկոզիդներ, սապոնին: Պատրաստուկները