և ընկղմվում ջրի մեջ: Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն: Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման: Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով: Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով: Ջ. կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբ. այգու արհեստ․ ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում: Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա: Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն: Մատղաշ կոճղարմատներն ուտելի են:
ՋՐԱՌՎՈՒՅՏ (Menyanthes), ջրաերեքնուկ, ջրառվույտազգիների ընտանիքի ճահճային բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Ջ. եռատերև (M. trifoliata): ՀՀ-ում հանդիպում է Վայոց ձորի մարզում (Չիմոյգյոլում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր: Ցողունի բարձր․ մինչև 40 սմ է: Տերևները եռմասնյա են, երկար կոթուններով, հերթադիր: Ծաղկակիր ցողունն ուղիղ է, առանց տերևների, ծաղկաբույլը՝ ողկուզանման, ծաղիկները՝ ձագարանման, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հուլիսի կեսերին: Պտուղը միաբուն, երկբաժան տուփիկ է, սերմերը՝ խոշոր, կողքերից սեղմված: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց: Ունի մանրէասպան հատկություն: Գեղագարդիչ է:
ՋՐԸՆԿԱԼ (Aquilegia), ջրահավաք, արծվամագիլ, արծվակտուց, գորտնուկագգիների (հրանունկազգիների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ջ.Օլիմպիական (A. olympica): Տարածված է Լոռու և Տավուշի մարգերի մերձալպյան գոտիներում:
Ցողունի բարձր. 30-60 սմ է: Տերևները բարդ, եռակի փետրաբաժան են, կապտականաչավուն: Ծաղիկները միաթերթ են կամ բազմաթերթ, մեկական, խոշոր, բաժակաթերթիկները՝ կապտավուն, հազվադեպ՝ վարդագույն, պսակաթերթիկները՝ սպիտակ: Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից: Պտուղը բազմատերևապտուղ է: Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ: Ծաղիկներն օգտագործվում են ծաղկեփնջերում և ծաղկային ձևավորումներում:
ՋՐԸՆԿՈՒՅԶ (Trapa), փնջակոկոռ, ջրաշագանակ, ջրընկուզազգիների ընտանիքի ջրային միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 35 տեսակ: ՀՀ բնական և արհեստ. ջրավազաններում Ջ. բացակայում է: Ջ. լողացողը (T. natans) հանդիպում է միայն ակվարիումներում, բնորոշ է տարատերևությունը, ջրի մակերեսին լողացող տերևները կաշեկերպ են, անհավասար ատամնաեզր, ջրասույզները՝ թելանման, հակադիր դասավորված: Ցողունը նուրբ է, երկար ճյուղավորվող: Ծաղիկները մանր են, սպիտակ: Պտուղն ընկուզիկ է: Ջ. մնացորդային բույս է: Ա. Թախտաջյանի, Ի. Պալիբինի և այլոց աշխատանքներում հիշատակվում է Ջ-ի բրածո ձևերի գոյությունը Մեղրիի և Կայքի տարածքներում:
ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Algae), ստորակարգ, առավելապես ջրային բույսերի էկոլոգ. խումբ: Միաբջիջ, բազմաբջիջ և գաղութային օրգանիզմներ են: ՀՀ գրեթե բոլոր մարգերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ Ջ.: Վեգետատիվ օրգանները (արմատ, ցողուն և տերև) տարբերակված չեն, չափերը տատանվում են մի քանի միկրոմետրից մինչև տասնյակ մետրերի սահմաններում: Ինքնասուն բույսեր են: Բացի քլորոֆիլից, պարունակում են նաև այլ գունակներ՝ կարոտիններ (A-նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման, ակինետների, պալարիկների միջոցով), անսեռ (գոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռ. (հոլոգամիա, իզոգամիա, հետերոգամիա՝ օօգամիա, կոնյուգացիա) ճանապարհներով: Ջ. դասակարգվում են 10 բաժնի՝ կապտականաչ, կարմիր, ոսկեգույն, դիատոմային, պիրոֆիտային, գորշ, դեղնականաչ, էվգլենային և կանաչ: Որոշ Ջ. հանդես են գալիս, որպես քարաքոսերի ֆիկոբիոնտ: Ջ. ֆոտոսինթեզի ընթացքում առաջացնում են օրգ. նյութեր, դրական ներգործություն ունենում բնության մեջ բնական շարժընթացների վրա: Ջ. օգտագործվում են սննդի, բժշկության (ստանում են յոդ, բրոմ), գյուղատնտեսության (անասնակեր, պարարտանյութ՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր և այլն) մեջ, որոշներից ստանում են սոսինձ, ագար և այլն: Կիրառվում են նաև ջրավազանների կանաչապատման համար և սենյակային ակվարիումներում: Սևանա լճում Ջ. առաջացնում են ջրի «ծաղկում», որն զգալիորեն վատացնում է ջրի որակը: Որոշ Ջ. ջրամբարների աղտոտվածության կենսացուցիչներ են:
ՋՐԿԱՆԵՓ (Datisca), սարֆոտի, դատիսկենի, ջրկանեփազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ջրկանեփ (D. cannabina): Տարածված է Կոտայքի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է նախալեռնայինից մինչև միջին լեռն․ գոտու խոնավ, ստվերոտ վայրերում, ձորակներում, գետերի և գետակների ափերին: