հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը: Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի: Ս-ի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր և այլն: Ս. օգտագործվում է տարբեր ճաշատեսակներ, հյութեր պատրաստելու, նաև պահածոյման համար:
Քառառէջ Ս. հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գ.) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՍՊԱՆԴ (Peganum), հարմալ, խուճիկ, զուգատերևազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. սովորական (P. harmala): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ճամփեզրերին, չոր լանջերին, գերեզմանոցներում:
Ցողունը խիստ ճյուղավորվող է, գետնատարած, բարձր.՝ 30-70 սմ։ Տերևները եռաբաժան են: Ծաղիկները մեկական են, ճյուղերի ծայրերին, սպիտակ կամ դեղնավուն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը եռաբուն տուփիկ է: Դեղաբույս է, պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, ճարպեր, ներկանյութ: Օգտագործում են էպիլեպսիայի, նյարդարմատաբորբի ժամանակ: Թունավոր է և միջատասպան:
ՍՊԻՏԱԿ ՄԱՄՈՒՌ, տես Տորֆամամուռ:
ՍՊԻՏԱԿ ՍՈՒՆԿ (Boletus edulis), թնջուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի տեսակ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է անտառային գոտիներում՝ ամռանից մինչև ուշ աշուն՝ հողի վրա (1000-1900 մ բարձր-ներում): Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կաղնու, սոճու, բոխու հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 5-25 սմ) բարձիկաձև է, մսալի: Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգ. պայմաններից, սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, սաղարթավոր անտառներում՝ բաց, դժգույն դեղնագույն: Երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են: Գլխարկի ստորին մասը սպունգանման է՝ մանր ծակոտիներով, սկզբում՝ սպիտակ, հասուն տեսակներինը՝ դեղնականաչավուն երանգով: Պտղամիսն ամուր է, սպիտակ: Ոտիկը (բարձր.՝ 7-12 սմ, հաստ.՝ 2-6 սմ) գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած, բաց գորշավուն, վերևի մասում՝ ցայտուն արտահայտված սպիտակ, ապա՝ կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով:
Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդ. հատկություններ: Պիտանի է բոլոր տեսակի խոհարար․ մշակման և մթերման համար: Ավելի արժեքավոր են չորացրած պտղամարմինները: Ունի նաև բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր: Նման է ոչ ուտելի լեղասնկին: Վերջինս ունի դառը համ, պտղամիսը կտրելիս վարդագույն է:
ՍՊԻՏԱԿԱԾԱՂԻԿ (Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. սովորական (Լ. vulgare): Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռն․ գոտում: Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները: Չարորակ մոլախոտ է:
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված: Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին: Ծաղկում է հունիսին: Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է: Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ: Մեղրատու է:
ՍՊԻՐՈԳԻՐԱ (Spirogyra), թելանման կանաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 340 տեսակ: Տարածված է լճերում, դանդաղահոս գետերում: Ջրամբարների մակերեսին կամ հատակին հաճախ առաջացնում է մուգ կանաչ լորձնային տիղմ:
Մարմինը թելանման է, չճյուղավորվող՝ կազմված միաշար դասավորված գլանաձև միակորիզ բջիջներից և մի քանի պարուրաձև ոլորված ժապավենաձև քրոմատոֆորներից (քլորոպլաստ):
Բազմանում է սեռ. (կոնյուգացիա) ճանապարհով: Զիգոտի ծլումն ուղեկցվում է ռեդուկցիոն բաժանմամբ. 4 հապլոիդ կորիզներից կենսունակությունը պահպանում է մեկը (ուստի զարգանում է միայն մեկ թելիկ):
ՍՏԵՊՂԻՆ (Pastinaca), տապղին, սպիտակ արմատիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 17, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ս. ցանովի (P. sativa), Ս. պիմպինելատերեվ (P.pimpinellifolia) և Ս. հայկական (P. armena): Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է անտառի բացատներում և եզրերին, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, տափաստանային և մարգագետնատափաստանային գոտիներում: Մշակության մեջ տարածված է ցանովի Ս.:
Արմատն իլիկանման է, մսալի, դեղնասպիտակավուն, հարթ, քաղցրահամ: Ցողունն ուղիղ է, կողավոր, վերին մասում ճյուղավորվող, բարձր.՝ 25-120 սմ: Տերևները կենտփետրաձև կտրտված են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր,