ցանքերում) և կաղզվանյան Վ. [հանդիպում է Ապարանի ֆլորիստիկ. շրջանի միջին լեոն. գոտում (1500-1600 մ բարձր-Ներում). աճում է խոտածածկ լանջերին] տեսակները անհետացման վտանգի տակ են: ՀՀ-ում աճող բոլոր Վ-ները գեղազարդիչ են:
ՎԱՐՍԱԿ (Avena), կոտշուկ, վարճոխ, դաշտավլուկազգիների (հացագգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 25 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում վայրի վիճակում տարածված է 6 (7) տեսակ՝ խրփուկ (A. fatua), Վ. Լյուդովիկի (A. ludoviciana), Վ. մորուսավոր (A. barbata) և այլն: Հանդիպում է Կոտայքի, ԳԵղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ճամփեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ցանքերում: Մշակության մեջ տարածված է Վ. ցանովին (A. sativa):
Արմատը փնջաձև է: Ցողունը կանգուն, հանգուցավոր ծղոտ է, բարձր.՝ 60-120 սմ: Տերևները նշտարաձև են, մերկ: Ծաղկաբույլը ցրված կամ կողքի թեքված հուրան է, ծաղիկները՝ երկսեռ, գտնվում են հասկիկներում: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը թեփուկավոր կամ մերկ հատիկ է: Հատիկի մակերեսը ծածկված է երկար, բարակ, միմյանց սեղմված մազմզուկներով: Վ. հատիկակերային բույս է: Հատիկը (պարունակում է սպիտակուցներ, օսլա, ճարպ, թաղանթանյութ, վիտամիններ) օգտագործվում է որպես խտացրած կեր, կանաչ զանգվածը, ծղոտը, մղեղը՝ որպես կեր: Վ-ից պատրաստում են ալյուր (պարունակում է կարոտին՝ A-նախավիտամին), տարբեր վիտամիններ, հանք․ աղեր), ձավար («Հերկուլես»), որոնք կիրառվում են բուժ, և մանկ, սննդում:
ՎԱՐՈՒՆԳ (Cucumis), դդմազգիների ընտանիքի միամյա բանջարաբույս: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Վ. ցանովի (C. sativus): Մշակվում է գրեթե բոլոր մարզերում: Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկար.՝ 50-200 սմ Տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ: Ծաղիկները միատուն են (հազվադեպ՝ երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուգանման ծաղկաբույլերով, իգակնները՝ տերևանութներում, մեկական: Ցողունի հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ: Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է: Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը: Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր: Վ. պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգ. թթուներ, վիտամիններ C, B, B2, եթերայուղ և այլն: Ջերմա-, լուսա- և խոնավասեր է: Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր: Վ. աճեցնում են բաց և փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով: Բերքատվությունը բաց գրունտում 300-400 ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40): Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած: Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի տեղ., Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60 և այլն, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմա Աթայի և այլ սորտեր:
ՎԻԿ (Vicia), գյուլուլ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ Երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 32 տեսակ՝ Վ. կտրած (V. truncatula), Վ. ցանկապատի (V. sepium), Վ. քառասերմ (V. tetrasperma), Վ. մազմզոտ (V. hirsuta), Վ. Նեղատերեվ (V. angustifolia) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին, գետափերին և այլն: Մեծ մասը մոլախոտ է, աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքերը, խաղողի և պտղատու այգիները: Որոշ տեսակներ՝Վ. ցանովի կամ սովորական (V. sativum), Վ. փրչոտ կամ թավոտ (V. villosa), կարելի է մշակել որպես կերաբույս՝ ցածրադիր լեռն, և նախալեռն, գոտիներում:
Արմատն իլիկաձև է: Ցողունը ճյուղավորվող է, անկյունավոր, կանգուն կամ փռվող, բարձր.՝ 120-150 սմ՝ պատված մազմզուկներով (երբեմն՝ մերկ): Տերևները հերթադիր (կամ հակադիր) են, զույգփետրաձև, գծանշտարաձև, ձվաձև կամ էլիպսաձև, բեղիկներով: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն, ծիրանագույն, երբեմն՝ վարդագույն կամ սպիտակ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղն ունդ է (պարունակում է 4-10 սերմ): Սերմերը կլորավուն են, սև, գորշ կամ կանաչավուն: Արժեքավոր կերաբույս է, 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 22 կերային միավորի: Պարունակում է պրոտեին, կարոտին (A-նախավիտամին), ալկալոիդներ, վիտամիններ C, E և այլն:
ՎԻՇԱՊԱԳԼՈՒԽ (Dracocephalum), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 45, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Վ. Ռուշի (D.ruyschiana), Վ. ավստրիակաև (D.austriacum), Վ. բազմացողուն (D.multicaule) և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է քարքարոտ լանջերին և ժայռերի վրա, անտառներում, մարգագետիններում և այլն:
Վ. մոլդովականը (D. moldavica) կոսմոպոլիտ մոլախոտ է, հանդիպում է Արարատյան գոգավորության էկոհամակարգերում: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-60 սմ: Տերևներն ամբողջական են, նշտարաձև, բութ կամ ատամնավոր: Ծաղկաբույլը հասկանման է կամ գնդաձև,