մոտ 120, ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Ց. նրբագեղ (G. elegans), Ց. երկգույն (G. bicolor), Ց. նեղատերև (G. tenuifolia), Ց. պատային (G. muralis) և այլն: Տարածված է բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ, ավազոտ և այլ վայրերում, նաև մարգագետիններում, դաշտերում, ճամփեզրերին:
Ցողունը կանգուն է կամ փռված, ճյուղավորվող, բարձր.՝ 20-100 սմ: Տերևները հակադիր են, նստադիր, ամբողջական, նեղ գծայինից մինչև ձվանշտարաձև: Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը միաբուն, ձվաձև տուփիկ է: Տեսակների մեծ մասը պարունակում է սապոնիններ: Ցողունների, տերևների ու ծաղիկների պատրաստուկներն օգտագործում են որպես փսխեցնող, ցավազրկող և այլն միջոց, արմատները՝ շամպույն, օճառափոշի պատրաստելու համար:
Որոշ տեսակներ՝ պատային Ց., Ց. ձգվածը (G. porrigens), չարորակ մոլախոտեր են, իսկ Ց. անատոլիական (G. anatolica) և Ց. Լիպսկու (G. lipskyi) տեսակները՝ հազվագյուտ և անհետացող:
Ց. արեցանմանը (G. aretioides) հազվադեպ հանդիպում է Գեղարքունիքի (Վանևան գ.) և Արարատի (Ուրծի լեռնաշղթա) մարզերում, աճում է քարքարոտ, կավոտ, կրաքարոտ վայրերում, առաջացնում է ամուր բարձիկներ, ունի հակաէրոզային նշանակություն, Ց. Թախտաջյանի (G. takhtadzhanii) Հայաստանի բնաշխարհիկ է, Ց. մտրականմանը (G. virgata) հազվադեպ հանդիպում է Երևանի և Շիրակի ֆլորիստիկ. շրջաններում, աճում է կավավազային հողերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՑՈՐԵՆ (Triticum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Ընդգրկում է 25, ՀՀ-ում 13՝ վայրի՝ Ց. վայրի միահատիկ (T. boeoticum), Ց. վայրի ուրարտական (T. urartu), Ց. արարատյան (T. araraticum) և այլն, և մշակովի՝ Ց. մշակովի միահատիկ (T. monococcum), Ց. կարծր (T. duram), Ց. կունդիկ (T. compactum), սովորական հաճար (T. dicoccum) և այլ տեսակներ: Ց-ի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է: 1930-ական թթ. ՀՀ-ում (Կարմիր բլուր) հնագիտ. պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ց-ի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հզ. տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ Ց. և Ց. փափուկ (T. aestivum) տեսակները: Ց-ի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում: Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի Ց-ի միահատիկ, ուրարտ., արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի Ց. (T.vavilovi) ու կիսահաճարը (T. spelta), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում՝ վայրի Ց-ի բազմաթիվ տարատեսակներ: Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը (տես Արգելոց հոդվածում):
Ց-ի արմատային համակարգը փնջաձև է: Ցողունը գլանաձև է, հարթ ծղոտ, բարձր.՝ 40-50 սմ: Տերևը գծանշտարաձև է: Ծաղկաբույլը բարդ հասկ է, որի առանցքի ծնկաձև ելուստներում նստած են 2 հասկիկային թեփուկներից և 3-5 ծաղիկներից կազմված հասկիկներ: Ց. ինքնափոշոտվող է: Պտուղը մերկ կամ թաղանթավոր տարբեր ձևերի (ձվաձև, երկարավուն, կլոր և այլն) և գույների (սպիտակ, կարմրավուն և այլն) հատիկ է: Ց. հիմնականում ունի 2 կենսբ. խումբ՝ աշնանացան և գարնանացան: ՀՀ-ում շրջանացված են Ց-ի աշնանացան՝ Բեգոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղ., Արմյանկա 60 և այլն, գարնանացան՝ Գալգալոս (Քռիկ), Նոր կունդիկ, Շիրակի 1 և այլ սորտեր: ՀՀ-ում Ց-ի հիմն. ցանքատարածությունները կենտրոնացված են Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և այլ մարզերում: 1970-ին արտադրության մեջ ներդրվել է ցորենի և աշորայի խաչաձևումից ստացված նոր բույս՝ Տրիտիկալե (Triticale), որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են: Ց. կարևորագույն պարենային բույս է: Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեջ: Ց-ից ստանում են նաև բարձրորակ սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ: Հատիկը, աղացման թեփուկները արժեքավոր կեր և հումք են համակցված կերերի համար: Ց. սննդարար է, պարունակում է սպիտակուցներ (10-25 %), ածխաջրեր (60-64 %), ճարպեր (2 %), վիտամիններ, ֆերմենտներ, թաղանթանյութ, հանք, նյութեր և այլն: Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար: Ց-ի Վավիլովի, արարատյան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Էրեբունի և Խոսրովի անտառ արգելոցներում աճող պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից:
ՑՈՐՆՈՒԿ (Bromus), ցորենի խոտ, փստփստուկ, դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է շուրջ 100, ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Ց. Դանթոնի (B. danthoniae), Ց. խայտաբղետ (B. variegatus), Ց. ճապոնական (B. japonicus), Ց. հուրանավոր (B. scoparius), Ց. Բիբերշտեյնի (B. biebersteinii) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուրդներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում: Ցողունը առավելապես ծղոտ է, բարձր.՝ 10-80 (100) սմ: Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ: Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ բազմաթիվ հասկիկներով (10-20):