տերևային մակերեսը նվազում է, վերածվում փշերի կամ թեփուկների: Գերջերմադիմացկուն են: ՀՀ-ում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը և, ջերմատներում՝ հալվեն, ագավին: Հեմիքսերոֆիտներ՝ ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին: Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է հյուսվածքների գերտաքացումը: ՀՀ-ում հայտնի են սիբեխը, կարմրանը, ուղտափուշը և այլն: Էվքսերոֆիտներ կամ իսկական Ք.՝ արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում: Աչքի են ընկնում դանդաղ գոլորշիացմամբ, բարձր շոգեդիմացկունությամբ, թառամելու տևական վիճակին դիմանալու ընդունակությամբ: Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն: ՀՀ-ում աճում են փետրախոտը, օշինդրը, մոմիկը, լերդախոտը, բորակաթուփը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, աղապատուկը, ցմախը և այլն: Պոյկիլոքսերոֆիտները իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում: Ընդունակ են դիմանալու ամենախիստ չորային պայմաններին (պլազմայի թեթևակի դոնդողացման շնորհիվ): Ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ: Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն գործունեությունը: ՀՀ-ում տարածված են քարաքոսերը, կիսաանապատային կապտականաչ ջրիմուռները և այլն:
ՔՐԻԶԱՆԹԵՄ (Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ:
Ցողունը կանգուն է, բարձր.՝ 0,5-1,5 մ։ Տերևներն ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված: Ծաղիկները լեզվակավոր, բազմաթերթ, բազմերանգ են՝ խմբված զամբյուղներում: Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխ. կիսումով, ընտրասերումնաբան. նպատակով՝ նաև սերմերով: Ծաղկում է աշնանը:
Երևանի բուսաբ. այգում աճեցվել է Ք-ի ավելի քան 100 սորտ: ՀՀ-ում առավել տարածված են սպիտակ, ոսդեկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ: Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով:
ՔՐՔՈՒՄ (Crocus), չիգտամ, զաֆրան, հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 80, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ք. հրաշալի (C. speciosus) և Ք. Ադամի (C. adamii): Տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ): Աճում է անտառի բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլն:
Տերևները բազմաթիվ են, արմատամերձ, նեղ գծաձև, զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո: Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, բաց վարդագույն, վարդամանուշակագույն, բաց մանուշակագույն: Հրաշալի Ք. ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի Ք.՝ մարտ-մայիսին: Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի: Սպիները վառ նարնջագույն են (դրանցից ստացվում է «զաֆրան» ներկանյութը): Գեղազարդիչ և համեմունքային բույս է: Բազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով:
Երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՕՃԱՌԱԽՈՏ (Saponaria), օճառաբույս, փրփրիկ, մեխակազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Օ. դեղատու (Տ. officinalis), Օ. կպչուն (Տ. viscosa) և Օ. արևելյան (Տ. orientalis): Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ և չոր լանջերին:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 40-80 սմ. Տերևները հակադիր են, էլիպսաձև, գծանշտարաձև: Ծաղկաբույլը վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն, ձվաձև, միաբուն տուփիկ է: Սերմերը կնճռոտ են, երիկամաձև կամ քիչ ուռուցիկ: Դեղատու Օ-ի արմատները պարունակում են սապոնիններ, եփուկը կամ թուրմն օգտագործում են որպես խորխաբեր, միզամուղ, լեղամուղ միջոց: Միջատասպան է:
ՕՇԱԿ (Dorema), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 16, ՀՀ-ում 1 տեսակ՝ Օ. մերկ (D. glabrum): Հարավանդրկովկասյան բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան գոգավորության հվ-արլ. մասում, Վայոց ձորի (Արենի գ-ի շրջակայք), Արարատի (Վեդու շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Կոտայքի