Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/347

Այս էջը հաստատված է
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ՀՀ տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը ՀՀ կենդանական աշխարհի տեսակների վրա:

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ: Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ: Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը:

ՀՀ կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները: Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ:

ՀՀ ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով: Անողնաշարավորները ՀՀ-ում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով, ընդ որում միջատները կազմում են այս խմբի մոտ 90%-ը:

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է:

Կենդանիների բազմազանության տարածական տեղաբաշխվածությունը հիմնականում կախված է երկրի կլիմայական պայմաններից ու լանդշաֆտային բազմազանությունից:

ՀՀ ֆաունայի գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային ու նոսրանտառային լանդշաֆտներին:

Կիսաանապատներին բնորոշ են առավել ջերմասեր ու չորադիմացկուն կենդանատեսակները, փափկամարմիններից՝ Xeropicta derbentina, Xerosecta crenimargo, բզեզներից՝ Թախտաջյանի էրեմոդրոմիուսը, կովկասյան ախենիումը, սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ավազային մողեսիկները, գյուրզան, մողեսաօձը, թռչուններից՝ պարող քարաթռչնակն ու թուրաջը, կաթնասուններից՝ ավազամկները, լայնականջ ոզնին, աղվեսը և այլն:

Նոսրանտառներում գերիշխող են ավելի խոնավասեր տեսակները, փափկամարմիններից՝ Orculella ruderalis, Pupilla bipapulata, բզեզներից՝ Շնեյդերի կոլոտեսը, մետաղագույն ցիբոցեֆալուսը, սողուններից՝ միջին մողեսը, Ռադդեի իժը, իժանման սահնօձերը, թռչուններից՝ սև անգղը, կարմրաճակատ սերինոսը, կաթնասուններից՝ բեզոարյան այծը, հովազը և այլն:

Խոնավասեր տեսակները գերադասում են խոնավ անտառային ու բարձրլեռնային, տափաստանամարգագետնային լանդշաֆտները: Խոնավ ու ստվերոտ անտառներին բնորոշ են. փափկամարմիններից՝ Cecilioides acicula, Serrulina serrulata, բզեզներից՝ բծավոր գալերուցելան, ոսկեգույն խալկոիդեսը, երկկենցաղներից՝ սովորական ծառագորտը, սողուններից ժայռային մողեսները,