իլիկամողեսը, պղնձօձը, թռչուններից՝ սև կեռնեխը, անտառային աղավնին, կաթնասուններից՝ անտառամուկը, քնամոլները, անտառային կատուն ու այծյամը:
Լեռնատափաստանային ու մարգագետնային լանդշաֆտներին բնորոշ են. փափկամարմիններից՝ Vertigo substriata, Euxina somchetica, բզեզներից՝ կովկասյան օլոֆրումը, հայկական պտերոստիխուսը, ուղղաթևներից՝ թամբանման ու տափաստանային սագաները, մարգագետնային ու ճարպիկ մողեսները, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, ալպիական ճայը, կովկասյան մայրեհավը, տափաստանային արծիվը, դաշտամկները:
Առանձին խումբ են կազմում ջրային ու մերձափնյա (արտալանդշաֆտային) էկոհամակարգերին բնորոշ կենդանատեսակները: Դրանց կենսագործունեությունը պայմանավորված է ջրային ավազանների գոյությամբ: Այս խմբին են պատկանում՝ փափկամամիններից՝ Radix peregera, Euglesa casertana, միջատներից՝ արարատյան որդան կարմիրը, կովկասյան ախենիումը, ձկներն ու երկկենցաղները, ջրային ու բատագուրիդ կրիաները, ջրային ու սովորական լորտուները, բոլոր ջրլող ու առափնյա թռչունները, եղեգնակատուն, կուտորան և այլն:
Հայաստանի կենդանական աշխարհը հարուստ է նաև բնաշխարհիկ ու մնացուկային տեսակների բազմազանությամբ, որը պայմանավորված է հիմնականում երկարատև լեռնագոյացմամբ: Վերջինս, որպես կանոն, խթանում է օրգանիզմների առանձնախմբերի մեկուսացումն ու պահպանությունը, առանձին մերձավոր տեսակների հանդիպումը, համակեցությունն ու խաչասերումը, ինչպես նաև մուտագենեզի ակտիվացումը, ինչն իր հերթին երբեմն հանգեցնում է նոր տեսակների գոյացման: ՀՀ տարածքում և նրա շրջակայքում գոյացած բնաշխարհիկ կենդանատեսակներից են Սևանի իշխանը, ժայռային մողեսների մի շարք տեսակներ, Դարևսկու վահանագլուխ իժը և այլն: Մնացուկային տեսակներից են. երկկենցաղներից՝ սովորական տրիտոնը, թռչուններից՝ տուրպանը, թավշաոտ բուն և այլն: Լեռնային ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազամզանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավազաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների գաղթին, որը ևս խթանում է կենդանական բազմազանության զարգացումը: Գաղթող կենդանատեսակների շարքն են դասվում, թռչուններից՝ ծիծեռնակները, կռունկները, ֆլամինգոն: Սեզոնային տեղաշարժեր են կատարում նաև ազնիվ եղջերուն, մուֆլոնն ու հովազը:
ՀՀ կենդանական աշխարհը հանրային հարստություն է և կարևոր նշանակություն ունի հասարակության գիտական, գեղագիտական, ճանաչողական զարգացման համար:
Կենդանիները, լինելով կարևոր բնական պաշար և ունենալով կարևոր նշանակություն մարդու տնտեսական գործունեության համար, միաժամանակ կարող են հանդիսանալ գյուղատնտեսության վնասատուներ, որոշ վարակիչ հիվանդությունների ու մակաբույծների փոխանցողներ կամ մարդու և կենդանիների համար վտանգավոր կենդանական թույների կրողներ: Ուստի անհրաժեշտ է պահպանել նրանց հետ հարաբերվելու որոշակի կանոններ և անհրաժեշտության դեպքում նաև իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
Բոլոր կենդանատեսակները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հազվագյուտ ու անհետացող տեսակները, կարգավիճակի պարբերական որոշման արդյունքում, գրանցվում են ՀՀ Կարմիր գրքում:
Կենդանական աշխարհի և Հայաստանի Կարմիր գիրք։ Կենդանիներ քարտեզները տրված են գրքի վերջում՝ ներդիրում: