կեսից, և սկսվում է բնի կառուցումը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 75-140 մմ)՝ չոր ցողուններից՝ ցածր թփուտներում կամ ծառերին: Բները կառուցում են էգը և արուն՝ 6-11 օրում: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը: Դնում է 20 մմ տրամագծով, փոփոխական գունավորմամբ ու նախշերով 4-5 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 11-12 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, 1-2 շաբաթ անց ձեռք են բերում թռչելու և ինքնուրույն կերակրվելու ունակություն: Երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը և ինքնուրույն անհատները հանդիպում են հունիսից մինչև հուլիսի վերջը, առանձին դեպքերում՝ օգոստոսին: Օգտակար է. ոչնչացնում է ծառերի վնասատու միջատներին:
ԱՅԾԿԻԹՆԵՐ (Caprimulgidae), այծկիթանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական այծկիթը:
Կտուցը թույլ է, բերանի բացվածքը՝ լայն, ոտքերի մատները՝ կարճ, որի պատճառվ չեն կարողանում կառչել բարակ ճյուղերից, նստում են հաստ ճյուղերին:
ԱՅԾՅԱՄ (Capreolus capreolus), եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Բնակվում է անտառի հարթ, փարթամ թփուտներով շրջապատված լուսավոր բացատներում, գետափերին: Մարմինը սլացիկ է, բարեկազմ, երկար.՝ 100-150 սմ, պոչինը՝ 3 սմ, կենդանի զանգվածը՝ 41 կգ։ Վերջավորությունները երկար են, գլուխը՝ փոքր, ականջները՝ սրածայր, աչքերը՝ մեծ: Արուի եղջյուրները 3 ելուստով են (երկար.՝ 10-20 սմ), էգը հիմնականում անեղջյուր է: Ձմռանը Ա-ի մորթին մոխրագույն է՝ տարբեր երանգներով՝ դարչնագույնից շիկավուն (մազերը՝ ալիքաձև ու դյուրաբեկ), ամռանը՝ շիկակարմիր (մազերը՝ բարակ, առաձգական): Հետույքի մազերն սպիտակ են և առաջացնում են շրջանակաձև մեծ բիծ՝ «հայելի»: Սնվում է խոտաբույսերով, ծառերի, թփուտների տերևներով, դալար ճյուղերով, սնկերով, մրգերով, հատապտուղներով, ձմռանը՝ ջրիմուռներով, քարաքոսերով: Ունի լավ զարգացած հոտառություն և լսողություն: Կտղուցը օգոստոսին է և դեկտեմբեր-հունվարին: Հղիությունը տևում է 9 ամիս: Ունենում է 1-2 ձագ, որոնք կաթով կերակրվում են 6-8 ամիս: Էգը սեռահասուն է դառնում 1 տարեկանում: Մազափոխվում է միայն գարնանը: Ամռանն արածում է առավոտյան, երեկոյան և գիշերը, ձմռանը՝ օրվա ցանկացած ժամի: Ապրում է մինչև 15 տարի:
Ունի որսարդյունագործ. նշանակություն. օգտագործում են մորթին, միսը և եղջյուրները:
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԽԱԾԿՏԻԿ (Rodopechys gitagineus), սերինոսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն: Էգի փետրածածկը՝ մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը, պոչի հիմքը՝ վարդագույն երանգով: Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի: Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի, աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար: Առավոտյան և երեկոյան Ա. խ-ներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով:
Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով: Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և ցողուններից: Դնում է 18 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու: Ա. խ-ները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ՝ աղբյուրներ այցելելիս:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԱՆԱՊԱՏԻ ՄԱՇԿԵՂ ՉՂՋԻԿ (Eptesicus bottae), Օգնեվի մաշկեղ չղջիկ, հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Հազվադեպ հանդիպում է ՀՀ հփ, հվ-արլ. մարզերում: Գերադասում է թփածածկ կամ անտառազուրկ ոչ բարձր սարալանջերը (որտեղ կա ջրամբար):
Մարմնի երկար. 43-56 մմ է, պոչինը՝ 38-45 մմ, նախաբազկինը՝ 42-46 մմ: Մեջքի մազերը համեմատաբար երկար են, մուգ մոխրագույն, փորինը՝ կարճ, սպիտակ: Ականջների երկար. 16-18 մմ է, ծայրը՝ շագանակագույն:
Բնակվում է փոքր խմբերով (չեն առաջացնում մեծաքանակ գաղութներ): Որսի է դուրս գալիս արևամուտից հետո: Ամռան կեսերին ծնում է 1 (կամ 2) ձագ: Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի: