Մորթու գույնը դեղնաավազագույնից գորշաավազագույնի մուգ երանգներով է, փորի մասը՝ ավելի բաց: Բնակվում են անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային գոտիներում (մինչև 2200 մ բարձրություններում), որտեղ հաճախ գերիշխող տեսակ են: Տեսակների մեծամասնությունը վարում է գաղութային, մյուսները՝ կիսագաղութային կամ մենակյաց կյանք: Բնակվում են գետնափոր, հաճախ՝ բարդ կառուցվածքով բներում: Սնվում են բույսերի կանաչ մասերով և սերմերով: Մի շարք տեսակներ ձմեռման համար կուտակում են սերմեր: Գործունյա են կլոր տարին, հիմնականում՝ մթնշաղին և գիշերը: Բազմանում են տարին 3-4 անգամ (ՀՀ-ում՝ 2-3), յուրաքանչյուր անգամ ունենում մինչև 11 ձագ:
ԱՎԱԶԱՅԻՆ ՑԼԻԿԱՁՈՒԿ (Neogobius fluviatilis), ցլիկաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1979-ին: Ներկայումս լայնորեն տարածված է Արարատյան դաշտի բոլոր գետերում, ջրանցքներում, լճակներում: Վարում է մերձհատակային կենսաձև:
Մարմնի երկար. 12-14 (երբեմն՝ մինչև 20) սմ է: Գլուխը մեծ է՝ վերից վար թեթևակի սեղմված: Բերանի կտրվածքը լայն է և գրեթե հորիզոնական: Դունչը սուր է, ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից: Ծնոտները զինված են մանր ատամներով, որոնք վերին ծնոտի վրա դասավորված են 3-4, ստորինի վրա՝ 4 շարքով: Շրթունքները բարակ են: Պոչային լողակը կորաեզր է: Մարմնի վրա թեփուկները մանր են, ատամնաեզր՝ 58-70 երկայնական շարքով: Թեփուկներ կան խռիկային կափարիչի վերին մասում և ծոծրակին: Փորիկի, կոկորդի և կողագծային թեփուկները բացակայում են: Մեջքային լողակները երկուսն են. առաջինն ունի 5-6 փշաձև, երկրորդը՝ 1 փշաձև և 17-18 ճյուղավորված ճառագայթներ: Փորային լողակները սերտաճած են, որոնց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ: Հետնալողակում կա 12-17 ճառագայթ:
Մարմնի ընդհանուր գունավորումը բաց մոխրագույն է կամ դեղնամոխրագույն: Կողքերի միջին մասը պատված է 9-11 բավական խոշոր գորշ բծերով: Մեջքին և կողքերի վերին մասերում ավելի մանր գորշ պտերն առաջացնում են ցանցաձև պատկեր: Կրծքային լողակի հիմքի մոտ կա երկարավուն մուգ բիծ: Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով: Արուները բազմացման շրջանում ունեն թավշասև կամ մուգ մոխրագույն գունավորում՝ կենտ լողակների դեղնավուն եզրագծով: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով:
Կենդանակեր է. հիմնականում սնվում է ջրային իշուկներով, մանր ձկներով, միջատների ջրային թրթուրներով:
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում՝ մարմնի 5,5-6 սմ երկարության դեպքում: Բազմացման շրջանը սկսվում է ձմռան վերջից և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը: Էգը ձվադրում է 3-5 անգամ: Այդ ընթացքում արուն, որը չափերով 1,5-3 անգամ գերազանցում է էգին, բներ է կառուցում ջրակալների հատակին կամ դրանց զառիթափ ափերին: Այդ բներում էգը դնում է մոտ 2 մմ երկար. մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ձկնկիթ, դրանք արուն պահպանում և խնամում է մինչև մանրաձկների դուրս գալը:
Արդ. նշանակություն չունի: Կարող է վնասել այլ ձկնատեսակների՝ սնվելով նրանց մանրաձկներով: ՀՀ ջրակալներում նկատվում է գլխաքանակի կտրուկ աճ և տարածման արեալի ընդարձակում:
ԱՎԴՈՏԿԱՆԵՐ (Burhinidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ավդոտկա (Burhinus ocdicnemus). բնադրող-չվող է, հազվագյուտ: Տարածված է միայն կիսաանապատային գոտում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում:
Մարմնի երկար. 40-44 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, կենդանի զանգվածը՝ 400 գ: Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց դարչնագույն է, մարմինը վերևից և կուրծքը՝ մանր սև խայտերով: Թռչելիս ցայտուն երևում են թևերի ծածկող փետուրների մուգ սահմանագծված սպիտակ գիծը և թևի վերևի ցայտուն նախշը: Կտուցը հաստ է, կարճ, դեղին, ծայրը՝ սև, աչքերը և ոտքերը՝ դեղին: Երիտասարդի խայտերը թույլ են, թևերի ծածկող փետուրների սև գծերը բացակայում են: Առավելապես գիշերային թռչուն է, խիստ աշխույժ և գործուն է նաև արևածագից առաջ ու մթնշաղին: Ամենաբնորոշ կանչը կազմված է երկհնչյուններից՝ երկրորդն ավելի բարձր է (սրնգային երանգի): Բնակվում է նոսր թփուտներով կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, չոր տափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, սողուններով:
Բնադրում է ապրիլի 2-րդ կեսին՝ գետնին: Բույնը փոքրիկ, ոչ խորը փոսիկ է: Ձվադրում է ապրիլի վերջից մայիսի սկզբին: Դնում է 54 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն, փոփոխական սև նախշերով 1-3 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 26 օր: 2 օրական ձագերը հմուտ և արագ վազքով թաքնվում են թփերում, հասունների ուղեկցությամբ հանդիպում են հունիսին: Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի կեսերին:
Որպես սահմանափակ տարածված տեսակ՝ պաշտպանության կարիք ունի:
ԱՐԱԳԱՇԱՐԺ (Alburnoides bipunctatus), տառեխիկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հայտնի է Ա. հայկական (Alburnoides bipunctatus armeniensis) ենթատեսակը: Տարածված է գրեթե բոլոր գետերում, բացառությամբ Սևանա լճի ավազանին պատկանողների: Հանդիպում է մինչև 2200 մ բարձրություններում: Բնակվում է գետերի արագահոս տեղամասերում՝ վտառներով:
Մարմինը կողքերից սեղմված է, երկար.՝ 7-8 (երբեմն՝ մինչև 12) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ։ Բերանը դնչի ծայրին է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով: Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով: Պոչային լողակը մկրատաձև է: Թեփուկները