Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/371

Այս էջը հաստատված է

կանաչամոխրագույն՝ մուգ կարմրադարչնագույն մուգ մոխրամանուշակագույն պտերով 3-4 ձու:

Երիտասարդ, թռչելու ունակ ձագերը հայտնվում են հուլիս-օգոստոսին:

Բնադրման շրշանում չափազանց զգույշ է: Վերջին տարիներին թվաքանակը խիստ նվազել է: Համարվում է հազվագյուտ տեսակ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԲԶԱԿՏՈՒՑԱՎՈՐՆԵՐ (Recurvirostridae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Տեսակների ընդհանուր թիվը հայտնի չէ, ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ ոտնացուպիկ և բզակտուց: Խոշոր թռչուններ են: Կտուցը շատ երկար է՝ ուղիղ կամ կեռ, փետրածածկը՝ խայտաբղետ: Բնադրում են ոչ մեծ գաղութներով:

ԲԶԵԶՆԵՐ, կարծրաթևներ (Coleoptera), միջատների ամենամեծ կարգը: Հայտնի է 400 հզ., ՀՀ-ում գրանցված է 5 հզ. տեսակ:

Վերնաթևերը կարծր են, սովորաբար՝ ուռուցիկ, ծառայում են մարմինը պաշտպանելու համար: Ներքևի թևերը բարակ են, ջրավորված, ապահովում են թռիչքը: Բերանի օրգանները ծամող են, հազվադեպ՝ ծծող: Ունեն մի քանի հատվածներից բաղկացած շոշափուկներ: Աչքերը բարդ են, շատ մեծ, հազվադեպ՝ կույր: Բեղիկները 11-հատվածանի են, թաթերը՝ 3-5: Բաժանասեռ են՝ լրիվ կերպարանափոխությամբ, ձվածին, հազվադեպ՝ կենդանածին: Կուսածնությունը բնորոշ է 4 ընտանիքների: Բ-ի մեջ մակաբուծականությունը հազվադեպ է: Մեծամասնությանը հատուկ է արտաքին մարսողությունը. կերը մարսվում է դրսում՝ թքի հետ արտազատված ֆերմենտների օգնությամբ, ապա ներծծվում: Շատ տեսակների բնորոշ է խնամքը սերնդի նկատմամբ: Լուսատտիկ Բ-ի էգերի սեռ. ազդանշանումը հաղորդվում է յուրօրինակ լուսատու օրգաններով, որոնցով կարող են օժտված լինել նաև արուները կամ թրթուրները: Տարածված են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, քարայրերում: Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ: Ձմեռում են հասուն անհատները, երբեմն՝ թրթուրները կամ ձվերը: Մեծամասնությունը գիշատիչ է, մյուսները՝ բուսակեր, սնկակեր և այլն: Կան տեսակներ, որոնք լուրջ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը (ՀՀ-ում առավել տարածված է կարտոֆիլի վնասատու կոլորադյան բզեզը), անտառային և պահեստային տնտեսություններին, որոշ Բ. ճիճվային հիվանդությունների միջնորդ տերեր են, սնկիկային, բակտերային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ: Շատ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասակար անողնաշարավորներին:

ԲԶԶԱՆՆԵՐ (Syrphidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 120 տեսակ՝ տարածված ամենուրեք:

Միջին մեծության կամ խոշոր ճանճեր են, արտաքին տեսքով՝ նման կրետներին, մեղուներին: Մարմնի երկար. 5-15 (հազվադեպ՝ 25) մմ է: Մարմինը վառ գունավորված է կամ սև, որոշ տեսակներինը թավշոտ է՝ պատված խիտ մազիկներով: Դեմքի վրա կան լավ զարգացած ելուններ: Բեղիկները 3-հատվածանի են, վերջին հատվածը կրում է մազանման հավելված: Փորը վերևից հաճախ բծերով է: Հասուն Բ. հիմնականում ապրում են ծաղիկների վրա, սնվում ծաղկափոշով ու նեկտարով: Թրթուրների մարմնի ձևն ու կենսակերպը խիստ բազմազան են: Որոշ տեսակների թրթուրները սնվում են լվիճներով, որոշներն ապրում են բույսերի ցողուններում, սոխուկներում, կան նաև տիղմի և ջրի մեջ ապրողներ: ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի սոխի բզզանը (Eumerus strigatus), որի վնասակարությունը հայտնաբերված է Արարատյան դաշտում․ լուրջ վնաս է հասցնում սոխի, սխտորի, գազարի, ճակնդեղի և կարտոֆիլի պալարներին: Թրթուրները (մինչև 100) հայտնվում են վնասված սոխուկներում: Ճանճերի առաջին սերնդի թռիչքը սկսվում է հունիսի սկզբին և շարունակվում է 1 ամիս: Էգերը ձվադրում են փոքր կույտերով՝ սոխուկների և դրանց մոտիկ հողի վրա: Հարսնյակավորվում են հողում: 2-րդ սերնդի թռիչքը՝ հուլիսի վերջից սեպտեմբեր: Տարեկան տալիս են 3 սերունդ: Հասունի մարմնի երկար. 5-8 մմ է: Դեմքը բեղիկների տակ խորացած չէ: Փորիկը թույլ արտահայտված մոխրագույն բծերով է: Թրթուրի գլխի հատվածում կան լավ արտահայտված ծնոտներ:

ԲԼԱԶԻՈՒՍԻ ՊԱՅՏԱՔԻԹ ՉՂՋԻԿ (Rhinolopus blasii), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Հազվադեպ է և քչաքանակ: ՀՀ-ում հաճախ հանդիպում է Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ՝ ոչ շատ խորը խորշերում և քարանձավներում: Որպես ապաստարան՝ օգտագործում է նաև անմարդաբնակ շինությունների նկուղները, տանիքները, պատերի ճեղքերը:

Մարմնի երկար. 46-54 մմ է, պոչինը՝ 20-30 մմ, նախաբազկինը՝ 50 մմ։ Քթի վրա կա պայտանման գոյացություն, որի նշտարն ունի եռանկյունու տեսք և կողքերից սեղմված չէ:

Սնվում է ոչ մեծ թիթեռներով, երկթևանիներով և մանր բզեզներով, թաքստոցներում՝ սարդերով, նեպուկներով, մրջյուններով, ճանճերով: