ճյուղերին և ժայռաքիվերին: Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում: Սնվում է թռչուններով, փոքր և միջին չափերի կաթնասուններով: Բազմանում է առանձին զույգերով:
Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում: Դնում 160 մմտրամագծով, սպիտակ 2-4 ձու: Թխսակալում է միայն էգը՝ 34-35 օր: Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել:
Օգտակար թռչուն է. ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ կրծողներին:
ԲՎԵՐ (Strigidae), բվանմանների կարգի գիշատիչ թռչունների գիշերային տեսակների ընտանիք: Հայտնի է 123, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ եվրոպական բվիկ, հարավային բվեճ, տնային բվիկ, անտառաբու, ականջավոր բու, ճահճային բու, թավշաոտ բու: Փետրածածկը խիտ է, փափուկ, փխրուն, գունավորումը՝ միատարր, գորշ դարչնագույն, սպիտակ՝ տարբեր պտերով ու խայտերով: Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, ականջներին հաճախ կան փետրափնջեր, աչքերը մեծ են, դեղնանարնջագույն: Վերին կտուցը կարճ է՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված: Վերնակտուցի հիմքում մոմաքթարմատը դեղին է՝ առաջ ուղղված մազանման փետուրներով: Ոտքերը կարճ են, մագիլները՝ լավ զարգացած: Գիշերային թռչուններ են, սակայն լավ տեսնում են նաև ցերեկը:
ԲՎԻԿՆԵՐ (Noctuidae), թիթեռների ընտանիք: Հայտնի է 500, ՀՀ-ում՝ ավելի քան 126 տեսակ: Ամենատարբեր չափերի գիշերային թիթեռներ են, ակտիվ են մթնշաղին կամ գիշերը: Թևերի գունավորումը բազմազան է, իսկ նկարը ընտանիքի համար ընդհանուր բնույթ է կրում: Առաջին զույգ թևերը երկարավուն են, հետինները՝ ավելի կարճ, կլորավուն, հանգստի վիճակում ծալում են տանիքաձև: Մարմինը և փորիկը ծածկված են խիտ մազիկներով: Թրթուրները մերկ են, հազվադեպ՝ մազոտ, ունեն 12-16 ոտք: Ապրում են խոտաբույսերի, ծառերի վրա կամ թաքնվում հողի մեջ: Ձվադրում են կերաբույսերի, հողի վրա կամ հողի մեջ: Ձվերը կլորավուն են, կողավոր, դնում են մեկական կամ կույտերով: Հարսնյակավորվում են հողի խորշերում կամ բոժոժներում: Բ. բաժանվում են 2 խմբի՝ Բ. կրծող, որոնց թրթուրներն ապրում են հողում ու կրծում բույսերի արմատները, և Բ. վերերկրյա, որոնք վնասում են բույսերի վերին մասերը: ՀՀ-ում հայտնի է մոտ 126 տեսակ, որոնցից աշնանացան, բամբակենու, կաղամբի, մարգագետնային և այլ Բ. գյուղատնտ. բույսերի վնասատուներ են:
ԲՐԱՄ (Abramis brama), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հայտնաբերվել է 1998-ին՝ Մեծամոր գետում: Այժմ հանդիպում է նաև Արարատյան դաշտի մյուս գետերում՝ Արաքսում, Հրազդանի ստորին հոսանքում, նաև այդ գետերի ջրերով սնվող ջրանցքներում:
Խոշոր ձուկ է: Մարմինը բարձր է, կողքերից խիստ սեղմված, երկար.' 27-35 (երբեմն՝ մինչև 45) սմ, զանգվածը՝ Մինչև 2,5 կգ և ավելի: Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ, ճակատը՝ ուռուցիկ: Թեփուկները կարճ ու լայն են, հիմքերը՝ մաշկային «գրպանիկի» մեջ: Կողագծային թեփուկները 52-56 հատ են, կլանային ատամները՝ միաշարք: Պոչային լողակը խոր մկրատաձև կտրվածքով է, որի ստորին բլթակը վերինից երկար է ու լայն: Փորային լողակների հիմքը գտնվում է մեջքային լողակի հիմքից առաջ: Մեջքային լողակն ունի 12-13 ճառագայթ, հետնալողակը՝ 28-30: Խռիկային առէջները (21-24 հատ) կարճ են ու խիտ դասավորված: Փորային լողակների և հետանցքի միջև առկա է ողնուց, որը հաճախ ծածկված չէ թեփուկներով: Մեջքը և գլխի վերին մասը մոխրականաչավուն են, կողքերը՝ արծաթափայլ կամ դեղնաոսկեգույն, փորիկը՝ արծաթափայլ սպիտակ: Մեջքային, պոչային լողակները և հետնալողակը մուգ մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով, իսկ կրծքային և փորային լողակները՝ նարնջամոխրագույն: Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է, վերին մասը՝ մուգ մոխրագույն կամ սև:
Սեռահասուն է դառնում 2 կամ 3 տարեկանում: Բազմանում է ապրիլ-մայիսին, երբեմն՝ հունիսին: Այդ ընթացքում արուների մարմնի և գլխի վրա հայտնվում է լավ արտահայտված «մարգարտյա» ցան: Բեղունությունը կարող է հասնել մինչև 10 հզ. ձկնկիթի, որը կպչուն է, բաց դեղնավուն՝ տրամագիծը՝ 1,5 մմ: Դնում է ստորջրյա բույսերի վրա:
Բնակվում է վտառներով: Սովորաբար հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում: Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև: Սնվում է բենթոսային անողնաշարավորներով՝ փափկամարմիններով, միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, որդերով,