նաև ստորջրյա բույսերով: Սննդային ակտիվությունը սովորաբար բարձր է գիշերը:
Արժեքավոր ձկնատեսակ է: Թվաքանակի հետագա աճի դեպքում կարող է ունենալ արդ. նշանակություն: Սիրող․ ձկնորսության ցանկալի օբյեկտ է:
ԳԱԼԱՄԼԱԿՆԵՐ (Cecidomyiidae), երկարաբեղիկ երկթևանիների կարգի միջատների ընտանիք: Հայտնի է 4300, ՀՀ-ում՝ մոտ 100 տեսակ: Առավել տարածված են սալորենու բողբոջամլակը (Asphondylia pruniperda), վարդենու գալամլակը (Wachtliella rosarum), խնձորենու գալամլակը (Dasineura mali), ուռենու գալամլակը (Dasineura salicis), ուռենու վարդանման գալամլակը (Dasineura iteobia), բարդու գալամլակը (Dasineura salicinerda) ևն: Մեծամասնության թրթուրները բնակվում են գալերի մեջ (այստեղից՝ անվանումը), որոնք առաջանում են բույսի հյուսվածքների գրգռման հետևանքով: Հասուն Գ. սնվում են բույսերի շաքարային արտադրություններով (կամ չեն սնվում) և ապրում են մի քանի օր: Տարբեր տեսակների Գ-ի գալերի ձևը և կազմությունը տարբեր են: Գալերը լինում են վայրի և մշակաբույսերի տարբեր տեսակների պտուղների, ծաղիկների, բողբոջների, տերևների, տերևակոթունների, ցողունների, կեղևի, շիվերի գագաթների, արմատների վրա:
Մանր, նուրբ մոծակներ են՝ բարեկազմ մարմնով, երկար ու բարակ ոտքերով: Բեղիկները բազմահոդ են (8-36): Ջղավորումը խիստ պարզեցված է. թևի եզրին 6-ից ավելի չէ: Թրթուրը երկարացած է, մարմինը՝ 13 հատվածից (բացի գլխից) բաղկացած: Կրծքային հատվածի ստորին կողմում կա «թիակ» կոչվող մասը, որի ձևը մեծ նշանակություն ունի կարգաբանության մեջ: Էգը ձվադրում է բույսերի հյուսվածքների մեջ: Թրթուրների զարգացման փուլն ավարտվում է շատ արագ (4-15 օրում), որից հետո նրանք հարսնյակավորվում են կամ ընկնում հարաբեր․ հանգստի մեջ: Բուսակեր Գ-ի թրթուրները ձմեռում են հողում կամ բույսի վրա, որոնք հարսնյակավորվում են գարնանը, որոշ տեսակների ձմեռումն անցնում է ձվի փուլում: 5-7 օրից հարսնյակները վերածվում են հասունի (իմագո): Տարվա մեջ ունենում են 1-4 սերունդ: Թրթուրների մեծ մասը դեղին է, նարնջագույն կամ սպիտակ: Ազատ ապրող Գ-ի թրթուրները զարգանում են հողում, սնկերում, թաղված տերևածածկում, քայքայվող բնափայտում: Գ-ի ընտանիքում կան նաև օգտակար ձևեր՝ աֆիդոֆագներ, որոնք ոչնչացնում են լվիճներին, և դերբիֆագներ, որոնք զարգանում են մոլախոտերի վրա՝ վնաս պատճառելով դրանց: Գ-ի նեղ մասնագիտացված այդ տեսակները կարելի է օգտագործել որպես էկոլոգիապես անվտանգ կենսբ. պայքարի միջոց: Սակայն Գ-ի մեծ մասը բույսերի վնասատուներ են (վնասում են բոլոր օրգանները), հատկապես՝ պտուղներում, ծաղիկներում, շիվերի գագաթնային մասում զարգացողները: Տնտ. մեծ վնաս են պատճառում հեսենյան ճանճը, ցորենի գալամլակը (Contarinia tritici), որոնք կարող են ամբողջովին ոչնչացնել ցորենի և այլ հացահատիկների բերքը:
ԳԱՃԱՃ ԱՐԾԻՎ (Hieraaetus pennatus), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ: Փոքր արծիվ է՝ բաց կամ մուգ փետրավորմամբ (բաց գույնի անհատներն ավելի տարածված են): Մարմինը վերևից մուգ է, ուսափետուրները՝ բաց գույնի, թևավերևի ծածկողները՝ բաց գույնի լայնակի շերտով: Թռչելիս ակնառու են թևավերևի արտաքին եզրի բաց գույնի մանր նախշերը: Բաց գույնի հասուն անհատները ներքևից աղոտ սպիտակ են, թափահարող փետուրները՝ սև, պոչի ծայրաշերտը՝ լայն, մուգ: Մուգ գույնի անհատների մարմինը և թևատակի ծածկողները մուգ են, պոչը՝ բաց դարչնագույն: Երիտասարդի մարմնի ստորին մասը թույլ շիկակարմրավուն խայտերով է: Հետբնադրման շրջանում հանդիպում է միայնակ (նույնիսկ՝ չուի ընթացքում): Բնակվում է անտառների տափաստանային հատվածներում: Սնվում է թռչուններով, մանր կաթնասուններով, սողուններով, միջատներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի սկզբին: Հարսանեկան խաղերը դրսևորվում են բարձր թռիչքի ընթացքում՝ բարդ ոլորապտույտներով, ձևավոր, ճարպիկ ցուցադրումներով, և շարունակվում են մինչև մայիսի վերջին տասնօրյակը: Սովորաբար զբաղեցնում են այլ թռչունների բները, սեփականը սարքում են խիստ անհրաժեշտության դեպքում: Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 85-100 սմ)՝ ճյուղերից, կանաչ խոտաբույսերից: Բնադրում է ծառերին: Ողջ բազմացման ընթացքում բույնը թարմացվում է նոր ճյուղերով: Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին, հնարավոր է նաև հունիսի ընթացքում: Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ բաց դարչնագույն վրձնախազերով 2 ձու: Թխսակալում է էգը՝ 35 օր: Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակին, լիարժեք թռիչքին տիրապետում են և բույնը թողնում կյանքի 50-րդ օրը:
Աշնանային չուն՝ հոկտեմբերի 1-ին կեսին:
Գ. ա-ի ողջ համակեցության սահմաններում բները գտնվում են իրարից 1 կմ հեռավորության վրա՝ մինչև 10 մ բարձր․ ծառերին: 1940-95-ին ՀՀ տարածքի 26 կետից յուրաքանչյուրում գրանցվել է 1-ական թռչուն, 3 դեպքում՝ 2-ական: Կարիք ունի անհատ. պաշտպանության:
ԳԱՃԱՃ ՃԱՀՃԱՀՈՎՎԻԿ (Porzana pusilla), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է:
Մարմնի երկար. 17-19 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ։ Հասունի