Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/377

Այս էջը հաստատված է

կան կարճ ցցուն փետուրներ: Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում:

Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց, խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ): Սնվում է ձկներով:

Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում: Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում: Բույնը գաղութային է. ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է (տրամագիծը՝ 56-57 սմ): Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին: Դնում է 95 մմ տրամագծով, սպիտակ 2-3 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին:

Ներկայումս աշխարհում Գ. հ-ի թվաքանակի անկումը շարունակվում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է, ուստի անհատ. պաշտպանության կարիք ունի:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԳԱՌՆԱՆԳՂ (Gypaetus barbatus), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5,5-6,5 կգ: Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ: Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն: Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի: Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն: Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով: Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում: Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռչուններ, մանր կաթնասուններ:

Ամուսնական զույգերը անբաժան են ողջ կյանքի ընթացքում: Բազմանում են հունվար-սեպտեմբերին: Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց: Բնադրում է ժայռաքիվերին կամ խոր խորշերում: Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու: Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստ. կերակրման:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԳԵԿՈՆՆԵՐ (Gekkonidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք: Ընդգրկում է 5 ենթաընտանիքի շուրջ 102 ցեղ և 1076 տեսակ: ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ կասպիական նեղմատ գեկոնը: Բնորոշվում են մարմնից լավ տարանջատված խոշոր գլխով, խոշոր աչքերով և նուրբ մաշկով: Պոչը ինքնահատվող է: Տեսակների մեծ մասը վարում է մթնշաղային և գիշերային ապրելակերպ: Հիմնականում ձվադիր են: Ձվերը պատված են պինդ կրակալած կամ թղթանման փափուկ թաղանթով: Շատ տեսակներ կարող են արձակել բազմազան ձայներ:

ԳԵՂԱՆԻ ԱՐՈՍ (Chlamydotisundulata), արոսների ընտանիքի թռչուն: ՀՀ-ում համարվում է անհետացած տեսակ:

Մարմնի երկար. 55-65 սմ է, թևերի բացվածքը՝ 135-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1-2,4 գ: Հասունի մարմինը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ սևավուն պտերով, ներքևից՝ սպիտակավուն: Դիմային մասը աղոտ սպիտակավուն է, վիզը՝ երկար, մոխրագույն՝ կողքերից դեպի ներքև տարածվող սև փետուրների օձիքանման շերտով: Վզի սև և սպիտակ երկարավուն փետուրները ծածկում են կուրծքը: Գլխին կան փուփուլանման փետուրներ: Թևերը մուգ են, արտաքին առաջնային փետուրների հիմքը՝ սպիտակ բծերով: Երիտասարդի փետուրները դեղնավուն երանգով են, առաջնային փետուրների վրա կա բաց դարչնագույն-դեղին բիծ, օձիքանման շերտը բացակայում է: Բնակվում է չոր տափաստաններում և լայնատարած հարթավայրերում: Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, սոխուկներով, միջատներով, մողեսներով: Զգույշ է, հիմնականում՝ լռակյաց, վտանգի դեպքում թաքնվում է քարերի, թփուտների մեջ կամ վազում որոշ տարածություն (կարող է զարգացնել ժամում մինչև 35-40 կմ արագություն), ապա դանդաղ, թևերը ծանր թափահարելով՝ թռչում: Բնադրում են առանձին զույգերով՝ մայիսի 1-ին կեսին: Բույնը սարքում է գետնին: Դևում է կանաչա-ձիթապտղագույն, աննկատելի պտերով 2-3 ձու: Ձագերը հայտնվում են հուլիսի կեսից մինչև ամսվա վերջը:

ՀՀ-ում կրկին հայտնվելու դեպքում (որը չի բացառվում) կարիք ունի անհատ. պաշտպանության:

ԳԵՂԱՆԻ ԿՌՈՒՆԿ (Anthropoides virgo), կռունկների ընտանիքի թռչուն: Չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 90-100 սմ է, թևերի բացվածքը՝ 165-185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-3,5 կգ: Հասունի փետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝ սև, գագաթը՝ մոխրագույն: Երիտասարդի գլուխը մոխրագույն է, դիմային նախշը բացակայում է: Թռչում է մոխրագույն կռունկի նման: Բնակվում է արոտավայրերում, բաց դաշտերում, խոնավ մարգագետիններում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ: Սնվում է բույսերով, միջատներով,