Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/378

Այս էջը հաստատված է

մանր ողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի 20-ից մինչև ապրիլի վերջը, աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:

Չուի ընթացքում թռչում է սեպաձև երամ կազմած (հաճախ՝ գիշերները): Ամպամած եղանակների, խիտ մառախուղի, առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհը և մեծ կորուստներ կրում՝ բախվելով էլեկտր․ լարերին, բարձր ծառերին և շինություններին:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻ (Salmo ischchan gegarkuni), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Համեմատաբար խոշոր ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկար.՝ 35-40 (երբեմն՝ մինչև 90) սմ, զանգվածը՝ մինչև 16 կգ։ Տարածված է միայն Սևանա լճում, որտեղ, ըստ բազմացման տեղի և աճման արագության, առաջացնում է 2 էկոլոգ. խմբեր, որոնց մեկը կոչվում է «յաբանի»: Վերջինս տարբերվում է ավելի փոքր աչքերով, լայն ճակատով, բարձր մարմնով: Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Բերանը համեմատաբար մեծ է: Էգերի ծնոտները հավասար երկարություն ունեն, իսկ արուների ստորին ծնոտը երկար է վերինից: Բերանը զինված է ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող լավ զարգացած ատամներով: Թեփուկները մանր են, կողագծում՝ 103-112 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 13-ն են, հետնալողակում՝ 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 17-22 երկար ու սրածայր առէջներ: Մարմնի գունավորումն անմիջականորեն կախված է սեռ. գեղձերի հասունացումից: Մանրաձկները մինչև 1 տարեկանը դեղնականաչավուն են՝ ուղղահայաց դարչնագույն շերտերով: Սեռահասուն առանձնյակները բազմացման շրջանից դուրս արծաթափայլ են՝ երկնագույն, ծիրանագույն, կանաչավուն, երբեմն՝ բաց ոսկեգույն նրբերանգներով: Մարմինը, ի տարբերություն ձմեռային իշխանի, պատված է ավելի մեծ տրամագիծ ունեցող սև, կլորավուն բծերով, որից ընդհանուր գունավորումն ավելի մուգ է թվում: Լողակները մոխրագույն են:

Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 2-րդ կամ 4-րդ տարում, արուները՝ 1 տարի ավելի շուտ: Բազմացման ընթացքում արուների մաշկը հաստանում ու մգանում է, թեփուկները թաղվում են մաշկի մեջ և գրեթե չեն երևում, արծաթափայլ գունավորումն անհետանում է, ատամները երկարում են, ստորին ծնոտի ծայրին առաջանում է կեռ ելուստ: Մարմինը ծածկվում է լորձով։ Էգերի մոտ այդ փոփոխությունները շատ ավելի թույլ են արտահայտվում։

Բազմանում է աշնանը՝ լճի մեջ թափվող գետերի (Գավառագետ, Ձկնագետ, Ծակքար, Մաքենիս, Մասրիկ և այլն ) գետաբերանից մի քանի կմ հեռավորության վրա: Գետի խճապատ հատակին «կառուցում» են 40-60 սմ երկար., 20-30 սմ լայն․ և 5-10 սմ խոր. փոսիկներ, որտեղ և կատարվում է ձվադրությունը: Բեղունությունը կարող է հասնել մինչև 3 հզ. ձկնկիթի, որի զարգացումը տևում է 4 ամիս: Նորածին թրթուրներն առաջին 10-15 օրը սնվում են դեղնուցապարկի պաշարանյութերով, այնուհետև՝ մանր կենդանիներով: Հասնելով 4-9 սմ երկար.՝ մանրաձկները վերադառնում են լիճ՝ մինչև սեռահասուն դառնալը:

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, տզրուկներով, ստորակարգ խեցգետնակերպներով: Խոշոր առանձնյակները կարող են սնվել նաև մանր ողնաշարավորներով՝ ձկներով, երկկենցաղներով: Մինչև XX դ. 80-ական թթ. Սևանա լճում ունեցել է արդ. նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճի ափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բւսցթողմամբ: Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Կլիմայավարժեցվել է Իսիկ Կուլ (Ղրղզստան) լճում, որտեղ ունի արդ. նշանակություն: Ներկայումս Արարատյան դաշտի, Վայոց ձորի մարզի մի շարք ձկնատնտեսություններում արհեստ․ պայմաններում բազմացնելու և աճեցնելու հաջող փորձեր են կատարվում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԳԵՂԳԵՂԻԿՆԵՐ, շահրիկների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 5 տեսակ՝ դեղնափոր գեղգեղիկ, ծնկլտան գեղգեղիկ, կովկասյան գեղգեղիկ, գարնանային գեղգեղիկ, ճռռան գեղգեղիկ (վերջին 2-ը ուսումնասիրված են մասնակի):

Կենդանի զանգվածը 8-12 գ է: Փոքրամարմին են, անտառաբնակ, թփուտաբնակ: Փետրավորումը բաց գորշից մոխրագույն է՝ դեղնավուն երանգով, կտուցը՝ բարակ, կարճ: Սնվում են միջատներով:

ԳԵՂՄՆԱՃԱՆՃ (Melofagus ovinus), արյունածծուկների ընտանիքի միջատ: Անթև է, հասունը (երկար.՝ 4-7 մմ) մուգ դարչնագույն երանգով է: Էգի ձվարաններում ձվից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ամրանում են ոչխարների բրդի թելերին, 20-30 օրում դառնում հասուն միջատներ և սնվում ոչխարի արյունով: Էգն ապրում է 7-8 ամիս, այդ ժամանակահատվածում արտազատում է 20-30 թրթուր: Ոչխարների տարածված հիվանդության (մելոֆագոզ) հարուցիչ է: Բուռն վարակի դեպքում նկատվում են կենդանու հյուծվածություն, բրդաթափություն, սակավարյունություն, մատղաշի աճի դանդաղում, երբեմն՝ անկումներ:

Պայքարի միջոցները․ ոչխարների լողացումներ, միջատասպան պատրաստուկների (քլորոֆոս, մակցիդալ, նեոցիդոլ, նատրիումի հիպոքլորիտի 2 %-անոց լուծույթ) կիրառում:

ԳԵՈԷՄԻԴԻԴՆԵՐ (Geoemydidae), կրիաների կարգի ընտանիք: Հայտնի է շուրջ 69, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կասպիական կրիան:

Ընտանիքն ընդգրկում է բուսակեր, լեշակեր ու գիշատիչ տեսակներ, որոնք բնակվում են ջրային, ջրամերձ և ցամաքային միջավայրերում:

ԳԵՏԱՅԻՆ ՋՐԱԾԻԾԱՌ (Sterna hirundo), ջրածիծառների ընտանիքի