Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/382

Այս էջը հաստատված է

գնայուկները միամյա սերունդ ունեն, սակայն կարող են ապրել մի քանի տարի և կրկնակի զուգավորվել: Ձվի փուլը տևում է մի քանի օրից 3 շաբաթ, թրթուրինը՝ 2-3, հարսնյակի փուլը շատ կարճ է: Սովորաբար ձմեռում է հասուն բզեզը: Հիմնականում գիշատիչ են, կան նաև բուսակերներ, այդ թվում՝ գյուղատնտ. բույսերի վնասատուներ: Որոշ տեսակներ (ցայտագնայուկներ, գեղամարմիններ) օգտակար են. սնվում են վնասատու միջատների թրթուրներով: Տեսակների մեծ մասի և՛ թրթուրները, և՛ հասունները բազմակեր են: Գ. բ. ակտիվ են գիշերը, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների տակ: Վտանգի ժամանակ արտանետում են այրող հեղուկ:

ԳՈՄԵՇՆԵՐ (Bubalus), երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի որոճող կաթնասուններ: ՀՀ-ում հայտնի Գ. ասիականի (Bos bubalus) ընտանի տեսակը:

Մարմինը խոշոր է, կառուցվածքը՝ համաչափ, գլուխը՝ մեծ, ոտքերը՝ հաստ ու ամուր, պարանոցը՝ կարճ, մեջքը՝ ուղիղ, կուրծքը՝ խոր: Արուների պարանոցի և կրծքավանդակի հատվածում կա մաշկային ծալք՝ «ենթակուրծք»: Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն կամ մոխրագույն, հազվադեպ հանդիպում են ալբինոսներ: Մազածածկը կարճ է, նոսր: Տարիքի հետ մազերն աստիճանաբար թափվում են: Պոչը երկար է, ծայրը՝ վրձնաձև մազափնջով: Եղջյուրները երկար են, կիսաաղեղնաձև, եռաեզր: Էգերն ունեն 2 զույգ կաթնապտուկ:

Սնվում են խոտաբույսերով:

Հասուն Գ-ի մնդավի միջին բարձր. 125-130 (երբեմն՝ մինչև 160-180) սմ է, իրանի երկար.՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ, կենդանի զանգվածը՝ 450-500 կգ։ Կաթնատվությունը բարձր չէ. 600-800 (հազվադեպ՝ 1500-2000) կգ։ Կաթի չոր նյութերը կազմում են 15-22%, որից կաթնայուղ՝ 7,1-10,5%, սպիտակուցներ՝ 3,8-5,2%, շաքար' 4-5,8%, մոխիր՝ 0,8-0,9%: Հղիությունը տևում է 277-315 օր:

ՀՀ-ում սահմանափակ քանակությամբ հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական որոշ տնտեսություններում:

ԳՈՐԵՂԱՄԿՆԵՐ (Spalax), կրծողների կարգի կաթնասունների սեռ: ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ սովորական գորեղամուկը (Spalax microphtalmus): Տարածված է Շիրակի, Արագածոտնի մարզերում:

Մարմնի երկար․ մինչև 3 սմ է: Վարում են ստորգետնյա կյանք: Աչքերը հետզարգացած են, կտրիչները՝ շատ մեծ են՝ փորելուն հարմարված: Ապրում են տափաստանային, անտառատափաստանային, կիսաանապատային և լեռնամարգագետնային գոտիներում՝ մինչև 2500 մ բարձր-ներում: Բազմանում են տարեկան 1 անգամ, ունենում 2-5 ձագ: Սնվում են բույսերի ստորգետնյա մասերով (մեծ պաշար են կուտակում ձմռան համար): Երբեմն վնաս են հասցնում բանջարանոցներին. կրծում են արմատապտուղները:

ԳՈՐՇ ԱԿԱՆՋԵՂ ՉՂՋԻԿ (Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի:

Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990-ին: Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով): ՀՀ-ում տարածված է հս. շրջաններում: Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները: Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ):

Մարմնի երկար. 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի: Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ:

Սնվում է մանր թիթեռներով, մլակներով, մոծակներով և բզեզներով, որոնց որսում է թռիչքի պահին կամ «հավաքում» ծառերի, թփերի վրայից:

Մայիս-հունիսին էգը ծնում է սովորաբար 1 ձագ, որը, թեպետ 1 ամսականում արդեն չի տարբերվում ծնողներից, սակայն մոտ 20 օր ևս սնվում է մոր կաթով:

ԳՈՐՇ ԱՐՋ (Ursus arctos), կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի:

ՀՀ-ում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում: Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում: Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից:

ՀՀ-ում տարածված գիշատիչներից ամենախոշորն է: Մարմնի երկար. 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 190-300 կգ: Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր: Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով: Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն: Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով,