Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/399

Այս էջը հաստատված է

կենդանի զանգվածը գերակշռել է հայրական ձևին 80-85 %-ով, մայրականին (ընտանի ոչխար)՝ 20-25 %-ով: Մաքուր ցեղերի գառների մսի մաքուր ելունքը (միսոսկրային հարաբերություն) 8 ամսականում կազմել է 78,3-79,5%, խառնածիններինը՝ 81,6 %: Խառնածիններն ունեն նուրբ, մուգ վարդագույն, սպիտակուցներով հարուստ, ճարպի ցածր պարունակությամբ, դյուրամարս և համեղ միս: Օժտված են կերհատուցման բարձր ունակությամբ, կայուն ընտրասերման հատկանիշներով:

ԹԱՂԱՆԹԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ (Hymenoptera), միջատների կարգ: Հայտնի են 150-300 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում՝ մինչև 3 հզ. տեսակ:

Մարմնի երկար. 0,2 մմ-ից 4-6 սմ է: Մեծ մասն ունի 2 զույգ թափանցիկ, յուրօրինակ ջղավորությամբ թաղանթաթևեր (այստեղից՝ անվանումը): Որոշ տեսակների (օրինակ՝ մրջյունների) թևերը բացակայում են: Ստորակարգ Թ-ի բերանային ապարատը կրծող է, բարձրակարգերինը՝ լիզող-կրծող: Ստորին շրթունքը վերածվել է կնճիթիկի: Ոտքերը վազող, քայլող կամ փորող են: Էգերն ունեն ձվադիր, որը խայթակիրների մոտ վերածվել է խայթիչի: Մրջյունների մի մասի խայթիչը հետզարգացած է: Արուները զարգանում են չբեղմնավորված, էգերը՝ բեղմնավորված ձվաբջջից, առանձին տեսակներ՝ կուսածնությամբ: Մակաբույծ և խայթակիր որոշ տեսակների բնորոշ է բազմասաղմությունը: Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է: Թրթուրները որդանման են՝ առանց աչքերի: Հասուն Թ. սնվում են շաքարային հյութերով (ծաղիկների նեկտար, բույսերի հյութեր), որոշները գիշատիչ են: Ապրում են ընտանիքներով. կրետների, իշամեղուների թիվը կարող է հասնել տասնյակների ու հարյուրների, մեղուներինը՝ մի քանի տասնյակ հազարի, մրջյուններինը՝ միլիոնների: Խայթակիրներից շատերը խնամք են տանում սերնդի նկատմամբ. թրթուրներին կերակրում են էգի բերած կենդ․ (միջատ) կամ բուս․ (մեղր, ծաղկափոշի) կերով: Ավելի բարդ բնազդ նկատվում է մրջյունների, մեղուների, կրետների մոտ: Որոշ Թ. (տելենոմուս, աֆելինուս, պսևդաֆիկուս և այլն) կենսբ. պայքարի միջոց են: Բուսակեր Թ. (եղջերապոչեր, սղոցողներ) մեծ վնաս են հասցնում անտառային տնտեսություններին: Կան օգտակար տեսակներ (մեղուներ և այլն):

ԹԱՎՇԱԹԻԹԵՌՆԵՐ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (Ropalocera) ընտանիք: Վերջին տարիներին դիտարկվում է որպես նիմֆալիդների ընտանիքի ենթաընտանիք: Հայտնի է 2500, ՀՀ-ում՝ մոտ 65 տեսակ: Առավել տարածվածներից են Գալաթեա (Melanarejia galathea), Թ. Գեյյերի (Pseudochazara geyeri), պրիզեիդա (Chazara briseis), Թ. Բիշոֆի (Chazara bishoffi), սևաթիթեռ Լիգեյա (Erebia ligea), Սաադիի տյոնոնիմֆա (Coenonympha saadii) և այլ տեսակներ: Հանդիպում են ամենուրեք՝ չոր նախալեռն․ անապատներում, ալպիական մարգագետիններում, լեռն․ անտառներում: Թռչում են խմբերով, որոնց կազմում կարելի է հանդիպել Թ-ի տարբեր տեսակներ:

Միջին չափի թիթեռներ են՝ հիմնականում շագանակագույն երանգներով գունավորմամբ: Թևերի ստորին կողմը տարբերվում է վերևինից և ունի պաշտպանական գունավորում:

Թրթուրները զարգանում են վայրի հացագգիների վրա: ՀՀ-ում հանդիպող շատ տեսակներ (Բիշոֆի Թ., Սաադիի տյոնոնիմֆա) Հվ. Անդրկովկասի և հարակից շրջանների բնաշխարհիկներ են, որոշները (Գեյյերի, Կարսի, Զանգեգուրի Թ.)՝ զուտ հայկական բնաշխարհիկներ:

ԹԱՎՇԱՈՏ ԲՈՒ (Aegolius funereus), բվերի ընտանիքի թռչուն: Հազվագյուտ է, նստակյաց: ՀՀ տարածքում հայտնաբերվել է 1960-ական թթ.՝ Խոսրովի արգելոցում:

Մարմնի երկար. 24-26 սմ է, թևերի բացվածքը՝ 54-62 սմ, կենդանի զանգվածը՝ 120-190 գ: Էգերը խոշոր են արուներից: Հասունի ընդհանուր գունավորումը մուգ դարչնագույն է, վերևից՝ սպիտակ պտերով, առավելապես՝ գագաթը: Գլուխը խոշոր է, ուղղանկյունաձև, դիմային սկավառակները՝ սև, նեղ երիզով և խիտ դարչնագույն խայտերով: Աչքերն ու կտուցը դեղին են, «հոնքագծերը»՝ սև: Կտուցի մոտ կան սպիտակ պտեր, թևերի վրա դրանք նոսր են: Ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը: Գիշերային թռչուն է, թռիչքն արագ է, ալիքաձև, ձայնը՝ 5-7 ցածր տոնայնությամբ հնչյուններ, որոնք լսելի են մինչև 2 կմ տարածության վրա: Բնակվում է խառը և փշատերև անտառներում: Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով:

Բնադրում է փչակներում: Ձվադրում է ապրիլի սկզբին, դնում 33 մմ տրամագծով, սպիտակ 3-7 ձու: Թխսակալում է 25-31 օր: 30 օրական ձագերը հեռանում են բնից: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԹԱՎՇԱՈՏ ՃՈՒՌԱԿ (Buteo lagopus), ճուռակների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 50-60 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ Թևերը լայն են, դաստակաբիծը՝ խոշոր, սևավուն, պոչը՝ երկար: Հասունի մարմինը վերևից մուգ է, ներքևից՝ ավելի բաց գույնի, փորը՝ մուգ, պոչը՝