Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/405

Այս էջը սրբագրված է

են հունիսի 1-ին տասնօրյակից հուլիսի 2-րդ տասնօրյակը: Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 3-5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 10%-ը): Թխսակալում են էգը և արուն: Ձագերը բներում հայտնըվում են հունիսի 2-րդ տասնօրյակից հուլիսի վերջ կամ ավելի ուշ: Ձագերը կյանքի 23-26-րդ օրը լիարժեք ձևավորվում են և կայուն ու աներեր տիրապետում թռիչքին: Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի 1- ին կեսը:

ԺԱՅՌԱՅԻՆ ՃՆՃՂՈՒԿ (Petronia pet-ronia), ճնճղուկների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, տարածված:

Մարմնի Երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 28-32 սմ, կենդանի զանգվածը՝ 31-33 գ: Հասունի փետրածածկը վերևից դեղնադարչնագույն է՝ սև խայտերով և Փետուրների բաց երիզներով: Ներքևից թույլ խայտերով է: Գլխի կենտր. մասը և հոնքը բաց գույնի են, կողքերը՝ սևավուն շերտերով: Պոչը կարճ է, ծայրը՝ բաց պտերով, ներքնապոչին կան մուգ կիսալուսնաձև վրձնախազեր: Արուի կոկորդի հիմքում կա փոքր, դեղին բիծ, որը տեսանելի է միայն հարսանեկան խաղերի ընթացքում: Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մարտ-ապրիլին: Հետբնադրման շրջանում երամներով կերակրվում է ցանքադաշտերում: Բնադրում է՝ սկսած մայիսի 1-ին կեսից՝ ժայռերի ու շինությունների ճեղքերում: Բույնը (տրամագիծը՝ 15-20 սմ) գնդաձև է, կառուցում են արուն ու էգը՝ խոտաբույսերից: Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը: Դնում է 21,5 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 4-7 ձու: Ձագերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակին: Հունիս-հուլիսին տեղի է ունենում ձագերի զանգվածային թռիչքը բներից, հուլիս-օգոստոսին ձևավորվում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20-200 թռչուն): Աշնանային չուն՝ հոկտեմբերին:

ԺԱՅՌԱՅԻՆ ՄԵԾ ՍԻՏԵՂ (Sitta tephronota), սիտեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 15,5 սմ է, թևերի բացվածքն՝ 25-30 սմ, կենդանի զանգվածը՝43-50 գ: Մարմնի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, ներքևից՝ ավելի բաց գույնի: Կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածվում է սև ակնաշերտ, որն աչքի հետին մասում լայնանում է: Կտուցը սև է, հաստ ու երկար: Կզակի և կրծքի սպիտակն աստիճանաբար փոխվում է մարմնի կողքերի և ներքնապոչի բաց նարնջագույնի: Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, գետաձորերում, կիսաանապատներում: Սնվում է միջատներով, սարդերով, խխունջներով, աշնանը և ձմռանը՝ չոր պտուղներով: Աղմկոտ է: ժայռերի և ցածր թփուտների արանքով շարժվում է ցատկոտելով: Ամրակազմ և մկանոտ է: Թռչում է թևերի կարճ և արագ թափահարումներով: Ճարպկորեն վերուվար է անում ժայռերի ուղղաբերձ պատերով: Ձայն է տալիս կամ երգում՝ ժայռի կատարին կամ թփի ծայրին նստած: Երգը բարձր տոնայնության ելևէջներով սրնգային հնչյուններով սուլոցների և կլկլոցների է նման:

Հարսանեկան խաղերն սկսվում են հունվար-փետրվարին: Բնադրում է ժայռաքիվերի տակ, ժայռապատերի ճեղքերում: Բույնը նման է կիսագնդի (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով): Կառուցում են արուն և էգը՝ 15-17 օրվա ընթացքում, ծեփում են կավից, օգտագործում որոշ միջատների մնացորդներ, կպչողականությունը բարձրացնելու համար արտաքին մասը մշակում են ծառի խեժով: Մարտ-ապրիլին դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրա- դարչնագույն վրձնախազերով 5-7 ձու: Թխսակալում է 13-17 օր: Վտանգի դեպքում (բնի տարածքում այլ թռչունների, մարդու հայտնվելը) անձնուրաց պաշտպանում է բույնը:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԺԱՅՌԱՅԻՆ ՓՈՔՐ ՍԻՏԵՂ (Sitta neumayer), սիտեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 13,5-14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-25 սմ, կենդանի զանգվածը՝ 24-27 գ: Մարմինը վերևից և պոչը կապտամոխրագույն են, ներքևից՝ սպիտակ, ներքնապոչը՝ բաց նարնջագույն: Կտուցը Ժայռային ճնճղուկ բարակ է, սև, հիմքում՝ բաց գույնի: Կտուցի հիմքից դեպի ծոծրակն է ձգվում սև, համաչափ լայնությամբ ակնաշերտը: Բնակվում է ժայռոտ սարալանջերին, ձորերում, ձմռանը՝ ծառերի վրա: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով: Աղմկոտ է, շարժունակ և ամրակազմ: Երգը նման է սուլոցների: ժայռերի, թփերի արանքում ցատկոտում է ընդհատ-ընդհատ ոստյուններով: Հաճախ կտրուկ թափ է տալիս թևերն ու շարժում պոչը:

Հարսանեկան խաղերն սկսվում են փետրվարի կեսից մայիս-հունիս: Բնադրազույգերը մշտական են: Բույնը կառուցում է հիմնականում արուն՝ 15-18 օրվա ընթացքում (էգը ժամանակ առ ժամանակ շինանյութ է մատակարարում): Բնադրում է ժայռաճեղքերում կամ ժայռերի պատերին: Բույնը կլորավուն է (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով), ծեփում է կավից (որը շաղախում է թքով), օգտագործում գունավոր բզեզների և այլ միջատների մնացորդներ, արտաքին մասը պա¬տում մեծ թրթուրների (որոնց ճզմում է կտուցով) լորձով: Ցամքարը բաղկացած է մանր կրծողների մազերից: Ապրիլի սկգբին բնում հայտնվում են առաջին ձվերը: Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-10 ձու: Թխսակալում է էգը՝ 15-18 օր: 25 օրական ձագերը դուրս են գալիս բնից, սակայն կատարյալ թռիչքի ունակություն ձեռք են բերում ևս 24-25 օր ծնողների հսկողության տակ մնալուց հետո: