Բնակվում է ցածրադիր տարածքներում. բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով:
Կլոր տարին երամային է, կազմում է նոսր բնադրագաղութներ: Բնադրում է ոչ մեծ խմբերով՝ ծառերի վրա կամ պատերի ճեղքերում: Բույնը գնդաձև է, ծավալուն, անփույթ, կառուցում են արուն և էգը՝ խոտաբույսերից: Դնում է 22 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու:
ԼԱՄԲԼԻԱՆԵՐ (Lamblia intestinalis), մտրակավորների դասի մակաբույծ միաբջիջ նախակենդանիներ: Տանձաձև են, երկար.՝ 10-20 մկմ, ունեն օվալաձև 2 կորիզ, 4 զույգ մտրակներ: Մեջքային մասն ուռուցիկ է, փորայինը՝ հարթ: Մարդու (հատկապես երեխաների) աղիքների մակաբույծ են, հազվադեպ լինում են լեղածորանում և լեղապարկում, առաջացնում են լամբլիոզ հիվանդությունը: Աղիների ստորին հատվածներում ցիստավորվում են, ապա դուրս գալիս արտաքին միջավայր և վարակում մարդկանց: Լ-ի մյուս տեսակները հանդիպում են տարբեր կաթնասունների (մկներ, ճագարներ) աղիներում:
ԼԱՅՆԱԿԱՆՋ ԾԱԼՔԱՇՈՒՐԹ ՉՂՋԻԿ (Tadarida teniotis), չղջիկների ենթակարգի բուլդոկակերպ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում այդ ընտանիքի միակ ներկայացուցիչն է:
Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում: Ոչ մեծ խմբերով (5-25 առանձնյակ) թաքնվում է ժայռաճեղքերում, ոչ խորը քարանձավներում, փչակներում ևն:
Մարմնի երկար. 90-93 մմ է, պոչինը՝ 44-57 մմ (որի գրեթե կեսը ազատված է միջազդրային թաղանթից, ինչը բնորոշ չէ ՀՀ ֆաունայի այլ ձեռնաթևավորներին), նախաբազկինը՝ 37-40 մմ։ Ականջները հաստ են ու լայն, որոնք ծայրերով գրեթե միանում են միմյանց: Վերին շրթունքը ծալքեր է գոյացնում (այստեղից՝ անվանումը): Մեջքի մորթին պատված է խիտ ու փափուկ մազերով, որոնց հիմքը սպիտակավուն է, միջին մասը և ծայրերը՝ մոխրածխագույն, փորի մասինը՝ ավելի բաց գույնի: Որսի է դուրս գալիս ուշ երեկոյան և թռչում է ողջ գիշեր (պարբերաբար կատարում է կարճատև ընդմիջումներ): Թռիչքն ուղիղ է և սրընթաց (երբեմն շփոթում են ծիծառների հետ): Սնվում է մեծ և միջին բզեզներով, թրթուրներով: Հուլիսի սկզբին ծնում է 1 ձագ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԼԱՅՆԱԿԱՆՋ ՈԶՆԻ (Hemiechinus auritus), ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում: Բնակվում է բացատներում, պուրակներում, գետահովիտներում ևն։ Հիմնականում վարում է գիշերային կյանք: Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խոր.՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում:
Մարմնի երկար. 14-21 սմ է, պոչինը՝ 1-2,5 սմ, ականջինը՝ 0,36-0,42 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 0,42 կգ: Մարմնի կողքերը և որովայնը պատված են սպիտակավուն փափուկ մազերով: Գլխի վրա անմազ շերտ չունի:
Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն: Ունի լավ զարգացած հոտառություն: Նոյեմբերից ապրիլ ձմեռային քուն է մտնում: Բազմանում է ապրիլից մինչև ամռան կեսը: Հղիությունը տևում է 7 շաբաթ: Ունենում է մինչև 8 ձագ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:
ԼԱՅՆԱԿՏՈՒՑ ԲԱԴ (Anas clipeata), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Կլոր տարին չվահյուր է: Քիչ է տարածված:
Մարմնի երկար. 42-44 սմ է, թևերի բացվածքը՝ 70-84 սմ, կենդանի զանգվածը՝ 0,47-0,69 կգ։ Կտուցը լայն է, տափակ, բավական երկար: Արուի գլուխը կանաչ է, վիզը, կուրծքը՝ սպիտակ, փորը՝ շիկակարմիր-դարչնագույն, ներքնապոչը՝ սև: Էգը դարչնագույն խայտավոր է, կտուցը՝ մուգ՝ նարնջագույն երիզով: Թռչելիս արուի և էգի դաստակաթևի վրա նկատելի է բաց կապույտ հատված: Լողում է փոքր խմբերով: Բնակվում է լճերում (եղեգնուտներ և ճահճաեղեգնուտներ), գետերում, ձկնաբուծ. լճակներում: Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով:
Լ. բ. արժեքավոր է որպես որսորդ․ տեսակ: 1940-99-ին ՀՀ տարածքի 27 կետերում գրանցվել է 1-30 (երամ կազմած՝ 60-300) թռչուն:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԼԱՅՆԱՊՈՉ ԵՂԵԳՆԱԹՌՉՆԱԿ (Cetta cetti), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 15-19 սմ, կենդանի զանգվածը՝ 15-17 գ: Պոչը լայն է, կլորավուն: Մարմինը վերևից միատարր մուգ շիկակարմիր-դարչնագույն է, ներքևից՝ միատարր մոխրագույն-սպիտակ, հոնքը՝ խամրած սպիտակ: Չափազանց թաքնված թռչուն է, թաքնվում է խիտ սաղարթի ստորին մասում: Բնակվում է ճահճուտներում, մինչև ենթալպյան գոտի տարածվող խիտ թփուտներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի առաջին օրերին: Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, որն ուղեկցվում է արուի զրնգուն, հեռուն տարածվող երգով, այն ընդհատ նոտաներով կանչ է հիշեցնում: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12 սմ)՝ տերևներով լավ քողարկված: Բնադրում է գետնին մոտ: Դնում է 18 մմ տրամագծով, կարմրավուն 4-5 ձու: Հունիսից օգոստոս հայտնվում են երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր, որոնք կերակրվում են հասունների հսկողությամբ: Կրկնակի բազմացման դեպքում բներում նորելուկ ձագեր են