էգին, սակայն գլուխը դարչնագույնի գերակշռությամբ է, այտը՝ առանց շերտի: Ճանաչելի է երգի (հաճախ կրկնվող եռահնչյուն կանչեր) շնորհիվ: Բնակվում է մոլախոտերով հարուստ ցորենի, գարու, վարսակի դաշտերում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում (մինչև 2800 մ բարձր-ներում): Սնվում է հացահատիկներով, մոլախոտերի սերմերով, միջատներով: Վերջին 10-15 տարիների ընթացքում հացահատիկային ցանքատարածքների կրճատման հետևանքով ՀՀ-ում (հատկապես հս. շրջանների բարձրադիր հողահանդակներում) թվաքանակը խիստ նվազել է: Մեծ թվաքանակով (1 հա/1,65 թռչուն) պահպանված է Սևանի ավազանի Լճաշեն գ-ի հողահանդակներում:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակի սկզբին: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ տասնօրյակից մայիսի վերջ-հունիսի սկգբին: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են հունիսի կեսերին: Բույնը ոչ խորը փորվածք է, ցամքարը՝ խոտաբույսերից: Բնադրում է խոտհարքներում, մշակովի դաշտերում: Ոչ լրիվ քանակով ձվերը բներում հայտնվում են հուլիսին: Դնում է 30 մմ տրամագծով, կապտավուն, ձիթապտղագույն-դարչնագույն՝ դարչնագույն պտերով 8-16 ձու: Թխսակալում է էգը՝ 15-17 օր: Առաջին և վերջին ձվերի հայտնվելու ժամկետները խիստ փոփոխական են, որը վկայում է սերնդատվության 2-րդ փուլի առկայությունը: Երևանի շրջակայքում և այլ ցածր հարթավայրերում հանդիպում են առանձնյակներ, որոնք ձմեռում են մինչև գարուն: Լ-ին բնորոշ են թվաքանակի տատանումները՝ կապված կերի պաշարների, միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետ: Որպես ամենատարածված որսատեսակ՝ հայտնի է աշխարհի շատ երկրներում: Միսը և ձուն օժտված են բարձր սննդային հատկանիշներով: Հեշտությամբ հարմարվում է անազատ պայմաններին: Հացահատիկի բերքահավաքի և խոտհնձի ժամանակ Լ-ի սերնդի կորուստը կանխելու նպատակով անհրաժեշտ է մեքենաները զինել պաշտպանիչ սարքերով:
ԼՈՐԱՃՈՒՌԱԿ (Accipiter nisus), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված։
Մարմնի երկար. 28-38 սմ է, թևերի բացվածքը՝ 55-70 սմ: Թաքնված գիշատիչ թռչուն է: Հոնքերը թույլ սպիտակ են, թևերը՝ կարճ, կլորավուն, պոչը՝ երկար: Հասուն արուն զգալի փոքր է էգից, վերևից մուգ մոխրագույն է, գագաթը՝ մուգ, այտերը՝ շիկակարմրավուն, ներքևից՝ սպիտակ՝ խիտ շիկակարմրավուն գոլերով: Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից ավելի դարչնագույն է՝ նեղ նարնջագույն երանգի երիզված փետուրներով, ներքևից՝ դարչնագույն անկանոն զոլերով: Թռչում է թևերի արագ թափահարումներով, որոնց հաջորդում է կարճ սահասավառնումը: Որսին հետևում է անտառներում, անտառեզրերին և բաց տարածություններում, զոհին բռնում է գետնին կամ օդում: Բնակվում է անտառի բացատներում, լքված պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է թռչուններով: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 41-47 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ: Բնադրում է ծառերի ճյուղավորումներում՝ 5-8 մ բարձր: Դնում է 40 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝ 35 օր:
Լ. ոչ մեծ խտությամբ զբաղեցնում է մեծ տարածություններ, հատկապես՝ աղավնանոցների մերձակայքում, քանի որ թռիչքի պահին հաճախ է աղավնիներ որսում: Որպես ճկուն ու ճարպիկ որս կատարող թռչուն՝ բարձր գնահատականի է արժանացել որսորդ թռչուններով զբաղվողների շրջանում: Ձմռանն ավելի հաճախ է հայտնվում բնակավայրերի երկնքում:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԼՈՔՈՅԱՁԿՆԵՐ (Siluridae), լոքոյակերպների կարգի ձկների ընտանիք: Ընդգրկում է 2 ցեղի շուրջ 10 տեսակ: ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ սովորական լոքոն:
Մարմինը զուրկ է թեփուկներից: Հետնալողակը երկար է և ձգվում է մինչև պոչի լողակի հիմքը: Վերին ծնոտի վրա առկա է 1, ստորինի վրա՝ 1-2 զույգ բեղիկներ: Ծնոտները զինված են մանր, մի քանի շարքով դասավորված ատամիկներով:
ԼՈՐՏՈՒՆԵՐ (Colubridae), օձերի ենթակարգի ամենախոշոր ընտանիքը:
Ընդգրկում է շուրջ 303 ցեղի 1827, ՀՀ-ում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, պարսկական պսևդոցիկլոֆիս, վգնոցավոր էյրենիս, հայկական էյրենիս, հանդարտ էյրենիս, Շմիդտի սահնօձ, նայադային սահնօձ, խայտաբղետ իժանման սահնօձ, կապարագույն սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, Պալլասի մագլցող սահնօձ, սովորական պղնձօձ, սովորական լորտու, ջրային լորտու, սովորական մողեսաօձ և կովկասյան կատվաօձ:
Ընտանիքն ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկար.՝ 0,3-3,5 մ): Բնորոշվում են բարեկազմ մարմնով: Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից: Մաշկը ծածկված է հարթ կամ կատարավոր թեփուկներով: Տեսակների մեծամասնության գլուխը ծածկված է համաչափ դասավորված խոշոր հարթ վահանիկներով: Աչքերը լավ են զարգացած, բիբը կլոր է կամ օվալաձև, ուղղահայաց կամ հորիզանական: Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ: Լ-ի որոշ ցեղեր բնորոշվում են վերին ծնոտի հետին մասում տեղադրված ակոսավոր թունամուղ ատամների առկայությամբ: Լ-ի միայն աջ թոքն է զարգացած, ձախը մնացորդային է: Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով: Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ: Բնակվում են կենսավայրերի շատ լայն շրջանում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանները, հողային ծածկույթն ու ծառերը: Կան կիսաջրային, անպատային, անտառային և լեռն․ տեսակներ: