օգտագործվում են որպես սննդամթերք (գետային խաչափառը, օմարները): Խ-ի առանձին տեսակներ բազմացնում են ձկնաբուծարաններում մատղաշ ձկներին կերակրելու համար: Մակաբույծ հյ. մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են:
ԽԺՌՈՂ ԵՐԿՐԱՉԱՓ (Erannis defoliaria), երկրաչափների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում հանդիպում է հս. և հվ. անտառային շրջաններում: Թևերի բացվածքը 35-40 մմ է: Այս տեսակի մոտ արտահայտված է երկսեռությունը: Արուն ունի լրիվ զարգացած թևեր, էգը գրկված է թևերից, հատկապես՝ թռչելու հատկությունից: Արուի թևերը բաց դեղին են, առջևի թևերը՝ լայն, գորշակարմրավուն, ալիքավոր 2 շերտով, որոնք ծածկված են ժանգագույն գորշ փոշիով: Հետին զույգ թևերը դեղնասպիտակավուն են: Հասուն թրթուրի երկար. 25-33 մմ է: Մեջքային մակերեսը սևավուն կամ գորշագույն է՝ ավելի բաց գույնի լայնական շերտերով, փորային և կողքային մասերը՝ վառ դեղին: Հարսնյակը մուգ գորշագույն է, հաստ գլխի վրա կրում է 2 թմբիկ, իսկ փողիկի ծայրին՝ փշիկներ: Զանգվածային բազմացման տարիներին թրթուրները մեծ վնաս են հասցնում ՀՀ հս. շրջանների և Զանգեզուրի անտառներին ու պտղատու ծառերին (մոտ 50 տեսակի բույսերի):
ԽԼՈՒՐԴՆԵՐ (Talpidae), միջատակերների կարգի ընտանիք: Ընդգրկում է 12 ցեղի 19 տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Խ. ցեղի 1 տեսակ՝ փոքր կամ հարավային խլուրդը։
Փոքր և միջին չափի, հիմնականում ստորգետնյա, փորող կենսակերպ ունեցող կենդանիներ են: Կան վերգետնյա և կիսաջրային կենսակերպ ունեցող տեսակներ: Փորող տեսակների առջևի թաթերը լայն են և դեպի դուրս շրջված, ճանկերը տափակ են, երկար և ամուր: Մարմինը գլանաձև է՝ ծածկված փափուկ ու խիտ, սև մորթով: Ականջակոնքերը, աչքերը և պոչը փոքր են, հաճախ՝ ապաճած:
ԾԱԾԱՆ (Cyprinus carpio), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Քասաղ գետերում, Արփի լճում, Արարատյան դաշտի ջրանցքներում, արհեստ․ լճակներում: Հանդիպում է նաև Ախուրյանի, Ապարանի և մի շարք այլ ջրամբարներում (եզակի առանձնյակներ որսվել են նաև Սևանա լճում):
Խոշոր ձուկ է: Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկար.՝ 35-50 (երբեմն՝ մինչև 75) սմ, զանգվածը՝ մինչև 8 կգ և ավելի: Բերանը դնչի ծայրին է: Վերին շրթունքի վրա կան 2 զույգ կարճ բեղիկներ: Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 36-40 հատ: Ծածան Ալանային ատամները եռաշարք են: Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է: Մեջքային լողակը երկար է՝ 23-27 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով: Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ ու երկշարք փոքրիկ ատամիկներ: Խռիկային առէջները 22-27 հատ են: Մեջքը և գլխի վերին մասը մուգ մոխրագույն են կամ գորշ, մոխրականաչավուն, կողքերը՝ դեղնաոսկեգույն, փողիկը՝ սպիտակավուն կամ դեղնավուն: Մարմնի թեփուկներից յուրաքանչյուրը (բացառությամբ փողիկի ու կողքերի ամենաստորին հատվածի) արտաքին մասում ունի մուգ եզրագիծ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գրեթե սև: Պոչային լողակի ստորին բլթակը հաճախ կարմրակամ նարնջամոխրագույն է, կրծքային լողակները՝ մոխրագույն, փորայինները՝ նաև դեղնամոխրագույն, նարնջամոխրագույն: Հետնալողակը դեղին է կամ նարնջագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է, վերին մասում՝ մոխրագույն:
Սեռահասուն է դառնում 4-6 տարեկանում (կախված ապրելավայրից)՝ մարմնի 35 սմ նվազագույն երկարության դեպքում: Հարթավայրային շրջաններում ընդհատումներով բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիսին՝ ջրի 15-16°C-ի դեպքում: Այդ ընթացքում արուների մարմնի վրա հայտնվում է «մարգարտյա» ցան: Բազմացման համար կարևոր նախապայման է ձվադրավայրերում ջրերի վարարումը և առափնյա բուսականության առկայությունը:
Բեղունությունը կարող է հասնել մինչև 650 հզ. ձկնկիթի: Հասունացած ձկնկիթը դեղնավուն է, կպչուն, տրամագիծը՝ 1,3-1,4 մմ։ Դնում է մերձափնյա բույսերի վրա (ջրի մակերեսին մոտ): Ձկնկիթի զարգացումը (կախված ջրի ջերմաստիճանից) տևում է 4-5 օր, թրթուրներինը՝ մինչև 1 ամիս:
Հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում: Բնակվում է ջրամբարների մերձհատակային շրջանում: Ամենակեր է: Հիմնականում սնվում է բենթոսային մանր անողնաշարավորներով, միջատների թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, որդերով, բույսերով, դետրիտներով: Սննդային ակտիվությունը սովորաբար բարձր է առավոտյան և երեկոյան:
Արժեքավոր ձկնատեսակ է, որի քանակն անխնա որսի հետևանքով նվազում է: Համապատասխան բնապահպան. միջոցառումների իրականացման արդյունքում կարող է ունենալ արդ. նշանակություն:
Հայաստանի ձկնային տնտեսություններից բնական ջրամբարներ են ներթափանցել ծածանի ընտելացված ու ավելի բարձրամարմին ձևերը՝ թեփուկային և հայելային կարպերը, որոնք ազատորեն խաչասերվում են ծածանների հետ: Դա կարող է հանգեցնել ընտելացված ձևերի կողմից վայրի ծածանների գենետիկ․ կլանմանը:
ԾԱԾԱՆԱՁԿՆԵՐ (Cyprinidae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք: Ընդգրկում է շուրջ 245 ցեղի 1500 (այլ տվյալներով՝ մինչև 2100) տեսակ: ՀՀ-ում հայտնի է 20 ցեղի 26 տեսակ՝ արագաշարժ, արծաթաձուկ, արծաթափայլ կարաս, անդրկովկապան սպիտակաձուկ, անդրկովկասյան կոդակ, բրամ, գուստերա, դառնակ, թեփոպ, խայտաբղետ հաստաճակատ, սպիտակ հաստաճակատ, ճանար, մանրաթեփուկ, մուրծա, ծածան, հայկական կարմրակն, հաջամ, Քուռի կոդակ, Սևանի կոդակ, Քուռի սպիտակաձուկ, սովորական քառթակ,