Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/430

Այս էջը հաստատված է

մակերեսի վրա կազմել է 0,002-0,3 թռչուն: Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, մանր ձկներով, երկկենցաղներով։ Հարսանեկան առաջին խաղերը դիտվում են մայիսի ընթացքում: Սովորաբար 1 էգին հետապնդում են տարբեր կողմերից թռիչքով կամ լողալով դեպի էգը մոտեցող արուներ, որոնցից ամենաուժեղին է հաջողվում ծածկել էգին և նույն պահին հեռանալ: Դիտվում են նաև խրոխտ կեցվածքով լողացող արուներ, որոնք առջևից ու հետևից ուղեկցում են շարք կազմած 3-4 էգի:

Բները հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը: Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 30-25 սմ)՝ խոտաբույսերից ու աղվափետուրներից: Բնադրում է գետնին: Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ կեսը: Դնում է 59 մմ տրամագծով, բաց մոխրագույն 5-10 ձու: Թխսակալում է էգը՝ 28 օր: Թռիչքին տիրապետում են սեպտեմբերից և մինչև հաջորդ տարվա գարունը կազմում մեծ երամներ:

ԿԱՐՄՐԱՃԱԿԱՏ ՍԵՐԻՆՈՍ (Serinus pusillus), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 12 սմ է, թևերի բացվածքը՝ 21-23 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ: Փոքր, խայտավոր թռչուն է: Պոչի եզրերի և առաջնային փետուրների երկայնքով ձգվում են դեղին շերտեր: Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը և կուրծքը մուգ սև են, գագաթի առջևի մասը՝ հրակարմիր: Էգի ընդհանուր գունավորումն ավելի մոխրագույն է, գոտկատեղը՝ խայտերով, ճակատին կա փոքր կարմիր բիծ: Հետբնադրման շրջանի անհատները նման են բնադրման շրջանի էգին: Երիտասարդի գլուխը դարչնագույն-նարնջագույն է: Կ. ս-ները երամներ են կազմում հետբնադրման շրջանում:

Առատ ձյան պայմաններում կեր է փնտրում ուղղաբերձ ժայռերում: Բնակվում է թեք, չոր լեռնալանջերին, սաղարթավար կամ գիհու նոսրանտառներում, ձմռանը՝ գետահովիտներում, պտղատու այգիներում, կիսաանապատներում: Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով:

Գարնանային առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից: Խոսրովի անտառ արգելոցում լիարժեք երգող արուները գրանցվել են մարտի վերջից ապրիլի սկիզբը: Բների կառուցումն սկսվում է մայիսի 1-ին տասնօրյակին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, ցողուններից: Բնադրում է ժայռաճեղքերում կամ խիտ թփուտներում (կառուցում են էգն ու արուն): Դնում է 17 մմ տրամագծով, կապտավուն սպիտակ՝ վարդագույն պտերով ու գծիկներով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 14-15 օր: Երիտասարդ, թռիչքին լավ տիրապետող ձագերի ընտանեկան խմբերը հայտնվում են հուլիս-օգոստոսին: Բնադրման ընթացքում չափազանց զգույշ է: Գունագեղ փետրավորման և անազատ պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտ. արժեք է ներկայացնում:

ԿԱՐՄՐԱՈՏ ԲԱԶԵ (Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 29-31 սմ է, թևերի բացվածքը՝ 66-78 սմ, կենդանի զանգվածը՝ 130-170 գ: Արուի ընդհանուր գունավորումը սևակապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ ավելի բաց մոխրագույն, ոտքերից մինչև ներքնապոչը՝ կարմիր: Էգի գագաթը և մարմինը ներքևից նարնջագույն են, ակնադիմակը և բեղերը՝ սև, մեջքը՝ կապտամոխրագույն՝ զոլավոր, աչքերի շուրջը և կտուցի հիմքը՝ կարմիր: Երիտասարդը վերևից մուգ կապտամոխրագույն է, փետուրները՝ լայն, շիկակարմիր՝ դարչնագույն երիզով, գագաթը, ճակատը՝ բաց գույնի, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ շիկակարմրադարչնագույն խայտերով: Զոհին փնտրում է՝ լարերին նստած կամ օդում կանգի պահին նետվում նրա վրա: Բնակվում է բաց տարածքներում: Սնվում է անողնաշարավորներով և այլ մանր կենդանիներով: Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին կեսին: Բնադրում է մայիսի վերջին՝ ծառերի փչակներում կամ փորվածքներում, ագռավների հին բներում: Դնում է 37 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 3-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 28 օր: Երիտասարդ թռչունները հայտնվում են օգոստոս-սեպտեմբերին:

Համարվում է որսորդ թռչուն: Ոչնչացնում է մանր կրծողներին:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱՐՄՐԱՈՏ ԿՏՑԱՐ (Tringa totanus), մորակտցարների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 59-66 սմ: Կտուցը սև է, հիմքը՝ նարնջագույն-կարմիր: Թռչելիս մեջքի հետին մասը, գոտկատեղը, թևավերևի հետին եզրը սպիտակ են, ոտքերը՝ նարնջագույն-կարմիր: Բնադրման շրջանում մոխրագույն-դարչնագույն է, գլուխը, մարմինը ներքևից՝ մուգ դարչնագույն՝ խիտ խայտերով: Հետբնադրման շրջանում վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրավուն: Զգույշ է, հաճախ առաջինն է ազդարարում վերահաս վտանգը: Լավ տեսանելի է ու ճանաչելի բնորոշ սրնգային ձայների շնորհիվ: Բնակվում է լճափերին, ճահճուտներում: Սնվում է անողնաշարավորներով:

Արարատյան դաշտի լճակներում ու ճահճուտներում հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում: Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջ: Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 90-120 սմ)՝ մի քանի խոտաբույսերի ցողուններից ու թփերից, անփույթ