Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/431

Այս էջը սրբագրված է

դասավորված: Բնադրում է գետնին: Հաճախ ձվադրում է առանց բույն պատրաստելու, ուղղակի գետնին՝ արևի ճառագայթներից չպաշտպանված: Դնում է 44 մմտրամագծով, դեղին-սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-4 ձու: Թարմ փետրածածկով երիտասարդ անհատները հանդիպում են հուլիս-օգոստոսին: Ուշացած բնադրման դեպքում մի քանի օրական նորելուկ ձագերը ծնողների հսկողությամբ կարող են հանդիպել օգոստոսի սկզբին: Սովորաբար կազմում են զույգեր կամ փոքր խմբեր (1-30 թռչուն), առանձին դեպքերում դրանք կարող են միավորվել (մինչև 300 թռչուն):

Որպես սիրող, և մարզ, որսատեսակ՝ առանձին հետաքրքրություն չի ներկայացնում:

ԿԱՐՄՐԱՏՈՒՏՆԵՐ, կեռնեխների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում տարածված է 3 տեսակ՝ կարմրափորիկ կարմրատուտ, սևուկ կարմրատուտ, սովորական կարմրատուտ: Վերջին երկուսը լայնորեն տարածված են, աչքի են ընկնում հստակ կեցվածքով, շիկակարմիր շարժուն պոչով: Բնադրում են փչակներում, գետնին, խորշերում և արհեստ, թռչնաթևերում: Կենդանի զանգվածը 13,8-17,5 գ է։

ԿԱՐՄՐԱՓՈՐԻԿ ԿԱՐՄՐԱՏՈՒՏ (Phoenicurus erythrogaster), կեռնեխների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 28-30 սմ: Արուն վերևից սև է, գագաթը և թևի բիծը՝ սպիտակ, մարմինը ներքևից և պոչը՝ կարմիր: Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ բաց նարնջագույն-դարչնագույն, պոչը՝ կարմիր-նարնջագույն և մշտապես դողդոջուն: Բնակվում է լեռնային ձորերում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:

ՀՀ-ում այս թռչունի գոյությունը հաստատված է 2 հաղորդումով: Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման:

ԿԵՂԵՎԱԿԵՐՆԵՐ (Ipidae), բզեզների ընտանիք: ՀՀ-ում հայտնի 160 տեսակ:

Մարմինը փոքր է (երկար.՝ 0,8- մմ), գլանաձև, դեղին, թուխ կամ սև, սովորաբար՝ մազոտ, հազվադեպ՝ լերկ, երբեմն՝ թեփուկներով ծածկված: Գլուխը վերևից մասամբ թաքնված է: Բեղիկները ծնկաձև են, ցողունիկը կազմված է 1-6, գուրզը՝ 3 հոդից: Առաջնամեջքն ուռուցիկ է, առջևից հաճախ կրում է թմբիկներ կամ ատամիկներ: Վերնաթևերը զուգահեռ կետաշարքերով են, հետևից՝ շատ թե քիչ սահմանազատված լանջով: Ոտքերը փորող են, թաթերը՝ հավանաբար քառահոդ, 3-րդ հոդը՝ երկբլթակ: Թրթուրը սպիտակ է, անոտ, C-աձև ծռված, դեղնաթուխ գլխով: Հարսնյակը սպիտակ է, բաց գույնի՝ փորի մեծ մասը ծածկող թևերով, վերջավորվում է 2 ելուստով: Զարգացման շրջանն ամռանը տևում 11- 1,5 ամիս (ձվի փուլը 10-15 օր, թրթուրինը՝ 15-30, հարսնյակինը՝ 10-15): Հիմն, վնասատուներից են քայքայիչ շերտավոր Կ.,անտառային մեծ և փոքր պարտիգպաններ ը: Ապրում են կեղևի տակ, երբեմն՝ բնափայտում, արմատներում, վնասում անտառները, պտղատու ծառերը, միաժամանակ ծառերի հիվանդությունների տարածողներ են:

ԿԵՌՆԵԽԱՆՄԱՆ ԵԴԵԳՆԱԹԸՌՉՆԱԿ (Acrocephalus arundinaceus), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող Է, տարածված:

Մարմնի երկար. 19-20 սմ է, թևերի բացվածքը՝ 25-29 սմ, կենդանի զանգվածը՝ 27-32 գ: Խոշոր է, ոտքերն ու կտուցը՝ ամուր: Հոնքը բաց գույնի է, սանձիկը՝ մուգ: Մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից շիկակարմիր-դարչնագույն է, գոտկատեղը՝ ավելի բաց, ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ ավելի մուգ: Երգում է խռպոտ, բայց հեռուն տարածվող զրնգուն ձայնով՝ եղեգի ծայրին նստած: Բնակվում է ճահճուտներում: Սնվում է անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մարտի 1-ին կեսից: Բները հայտնվում են ապրիլի կեսերին, կառուցում են էգը և արուն՝ 8 օրում: Բույնը գավաթաձև է՝ եղեգից, եղեգի ցողունին ամրացված, երբեմն բնադրում է նախորդ տարվա խարխլված բնում: 1-ին ձվերը հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի 1-ին օրերին: Դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտից կանաչ՝ մուգ դարչնագույն պտերով 3-5 ձու: Սովորական կկուն գերադասում է ձվադրել Կ. Ե-ի բնում՝ ձվերի գույնը նմանեցնելով տիրոջ ձվերի գույնին: Թխսակալումը 14 օր է: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 13-14-րդ օրը: Հուլիս-օգոստոսին գրանցվում են ընտանեկան խմբեր՝ թռիչքին հմուտ տիրապետող ձագեր և երիտասարդ թռչուններ: Կրկնակի բնադրման դեպքում էգը, առաջին բնից դուրս եկած ձագերի խնամքը թողնելով արուի վրա, նոր բույն է պատրաստում, թխսակալում, ապա արոփ հետ անցնում 2-րդ բնի ձագերի կերակրմանը:

Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի 1-ին կեսը:

ԿԵՌՆԵԽՆԵՐ (Turdidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 27 տեսակ՝ արշալոաիկ, կարմրատուտներ, սև կեռնեխ, սևախածի կեռնեխ, սպիտակախածի կեռնեխ, սպիտակահոնի կեռնեխ, չքչքաններ, սինակեռնեխ, սոսնձակեռնեխ, սոխակներ, քարաթռչնակներ, խայտաբղետ քարակեռնեխ, կապույտ քարակեռնեխ և այլն:

Աչքի են ընկնում ոչ մեծ գլխով, աշխուժությամբ, հաստատուն կեցվածքով, փոքր ու մեծ չափերով (երկար.՝ 100-400 մմ, կենդանի զանգվածը՝ 10- 200 գ), տարբեր փետրագունավորմամբ: Բնադրման շրջանում փետրածածկն առավելապես մուգ և բաց պտերով է: Սնվում են հիմնականում միջատներով, աշնանը և ձմռանը՝ նաև հատապտուղներով:

ԿԶԱՔԻՍՆԵՐ (Martes), կզաքիսազ-գիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների սեռ: Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 8), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քարակզաքիսը: Ունեն ձիգ, ճկուն մարմին, կարճ վերջավորություններ, երկար, փափկամազ պոչ: