ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուս ականությամբ քարքարոտ կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ: Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում:
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (11-59 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը համեմատաբար հաստ է: Գլուխը տափակ է, մարմնից թույլ տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են ու փայլուն: Մեջքային մակերեսը բաց մոխրագույն է կամ գորշ դեղնավուն՝ վարդագույն կամ նարնջագույն երանգով: Պոչը ավելի բաց գույնի է: Երիտասարդի մեջքին երբեմն առկա են մանր, սև կետիկներ, գլխի նախշը կազմված է աչքերի առջևի եզրերի միջև ձգվող M-անման մուգ գծից և ծոծրակային վահանիկների վրա գտնվող խոշոր, մուգ, դեպի հետ նեղացող խալից: Պարանոցային մուգ վզնոցանման գիծն ունի բաց գույնի եզրեր և երբեմն բարակ գծով միանում է ծոծրակային խալին: Տարիքի հետ գունավորումը փոխվում է՝ դառնալով ավելի միագույն, երբեմն գլխի նախշը գրեթե լրիվ անհետանում է: Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդինը՝ մոխրագույն:
Սնվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով: Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան 2-րդ կեսը՝ 1 մ-ից խոր՝ հողի չսառցակալող շերտերում: Զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հուլիսին էգը դնում է երկարավուն (16-17 մմճ 5-6 մմ) 3-8 ձու: Ձագերը ծնվում են աշնանը:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, փափկամարմիններին, թունավոր հոդվածոտանիներին:
Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Մարդու և կենդանիների համար անվնաս է:
ՀԱՇԱՍ (Aspius aspius), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Հ. կարմրաշուրթ (A. a. taeniatus) ենթատեսակը՝ Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան, Ախուրյան գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում: Մանրաձկներև ապրում են փոքրիկ վտառներով, հասունները վարում են մենակյաց կենսաձև:
Խոշոր ձուկ է: Մարմինը կողքերից թեթևակի սեղմված է, երկար.՝ 40-50 (երբեմն՝ մինչև 100) սմ: Բերանը մեծ է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով, գտնվում է դնչի ծայրին: Ստորին ծնոտը մի փոքր Երկար է վերինից, ունի փոքրիկ ցցվածք, որը, բերանը փակելիս, մտնում է վերին ծնոտի վրա գտնվող փոսիկի մեջ: Պոչային լողակը մկրատաձև է: Թեփուկները մանր են, կողագծում՝ 67-90 հատ: Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 14-17: Գլանային ատամները երկշարք են: Խռիկային առէջները (6-11) կարճ, կոշտ ու սրածայր են: Մեջքը մոխրագույն է՝ կապտավուն նրբերանգով: Կողքերը և փորիկն արծաթափայլ են: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով: Փորային, կրծքային լողակները և հետնալողակը նարնջագույն են կամ դեղնամոխրագույն: Աչքի ծիածանաթաղանթը արծաթագույն է կամ ոսկեգույն:
Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, երբ մարմնի երկար. 45 սմ է, զանգվածը՝ 2,5 կգ: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Արուներն էգերից փոքր են և ավելի երկար լողակներով: Բազմացման շրջանում արուների գլխի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան: Բազմանում է ապրիլին՝ ջրի 12-14°C ջերմաստիճանում: Բեղունությունը հասնում է 80 հզ-ից մինչև մի քանի հարյուր հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնանարնջագույն՝ 1,3 մմ տրամագծով: Դնում է ջրակալների արագահոս տեղամասերի խճապատ հատակին:
Կենդանակեր տեսակ է, երիտասարդները սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ ջրի վրա թափվող միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, այլ ջրային անողնաշարավորներով, հասունները՝ մանր ձկներով, գորտերով, նաև մանր կաթնասուններով ու ջրլող թռչուններով:
Արդ. նշանակություն չունի փոքրաթվության պատճառով: Սիրող, ձկնորսության օբյեկտ է: Անհետացող ձկնատեսակ է. պաշաղները նվազում են գերորսի և կենսամիջավայրի էկոլոգ. փոփոխությունների պատճառով:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇՏԱՄՈՒԿ (Microtus socialis), համստերանմանների ընտանիքի համստերների ենթանտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հս., հվ-արլ. և Արարատյան դաշտի կիսաանապատների առանձին կղզիացած վայրերում, որտեղ գերիշխում են դաշտավլուկազգիներով և դաշտավլուկաօշինդրային խմբակցություններով հարուստ չոր տափաստանային և կիսատափաստանային տարածքները (600-1400 մ բարձր-ներում): Սնվում է խոտաբույսերով, սերմերով, միջատներով, կրծում ծառերի և թփուտների արմատները:
Մարմնի երկար, մինչև 12,6 սմ է, պոչինը՝ 3,4 սմ: Մեջքի մորթին բաց ավազագույնից մուգ գորշամոխրագույն է, փորինը՝ սպիտակավունից մոխրագույն: Պոչը թույլ երկգույն է: Հետին թաթի տակ կա 5 կոշտուկ: Բնակվում է ոչ խորը, բարդ կառուցվածքով հողափոր բներում: Բազմանում