Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/443

Այս էջը հաստատված է

է տարին մինչև 5 անգամ: Հղիությունը տևում է 19-20 օր: Ունենում է 5-8 (երբեմն՝ 18) ձագ: Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին (ամռանը և ձմռանը հողի մակերեսին գործունեությունը նվազում է):

Վնասում է գյուղատնտ. մշակաբույսերին: Մի շարք վարակիչ հիվանդությունների կրող է:

ՀԱՍՏԱԿՏՈՒՑ ԵՐԱՇՏԱՀԱՎԵՐ (Panuridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 19, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բեղավոր երաշտահավ և երկարագի երաշտահավ:

Կենդանի զանգվածը 8-47 գ է: Բնադրում են անտառներում և եղեգի մացառներում: Աչքի են ընկնում երկար պոչով, մոխրագույն և շիկավուն համեստ գույներով, այտերի բեղանման կամ հոնքի սև շերտով:

ՀԱՍՏԱԿՏՈՒՑ ՔԱՐԱԴՐ (Charadrius leschenaultii), քարադրների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 22-25 սմ է, թևերի բացվածքը՝ 53-60 սմ: Երկարաոտ է, կտուցը՝ սև, երկար: Թռչելիս տեսանելի է թևի սպիտակ շերտը: Հանգստի պահին թևի ծայրը հավասար է պոչի ծայրին: Բնադրման շրջանում արուի կրծքի կարմիր-դարչնագույն շերտն անցնում է սև ակնաշերտի վերին սահմանը: Էգն ավելի խամրած է, հաճախ կրծքի կողքերին կան բաց կարմիր-դարչնագույն բծեր: Երիտասարդի գլուխը, կուրծքը դեղնավուն դարչնագույն են, փետուրները վերևից՝ բաց երիզով: Կերակրվում է քարադրներին բնորոշ շարժումներով (կանգ-վազք-կանգ): Ձայնը բաղկացած է բարձր դայլայլուն հնչյուններից: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճափերին: Արմաշի ձկնաբուծ. լճակներում 1989-90-ի տվյալներով գրանցված է 1-4 և 8-10 թռչուն:

Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 1-ին կեսին: 1-ին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին-մայիսի ընթացքում: Հունիսի 2-րդ տասնօրյակում հայտնվում են աղվափետրածածկ, չթռչող ձագեր, որոնք հուլիսից օգոստոս հմուտ թռչելու ունակ են: Աշնանային չուին նախապատրաստվող խմբերը կազմվում են օգոստոս-սեպտեմբերին:

Որպես հազվագյուտ, փոքրաքանակ և բավական սահմանափակ տարածված տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության:

ՀԱՎԱԼՈՒՍՆԵՐ (Pelecanidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ գանգրափետուր հավալուսն և վարդագույն հավալուսն:

Կենդանի զանգվածը 7-14 կգ է: Ակնառու են սպիտակ փետրածածկով, երկար, տափակ, նարնջադեղնավուն ստորին կտուցի պարկով, մինչև 3 մ թևերի բացվածքով: Առավելապես թռչում են սավառնումով: Սնվում են ձկներով:

ՀԱՎԱՍԱՐԱԹԵՎՆԵՐ միակերպաթևներ (Homoptera), միջատների կարգ: Բաժանվում է ցիկադների (Cicadinea), տերևալվիկների (Psylloidea), սպիտակաթևերի (Aleyrodinea), լվիճների, կոկցիդների կամ որդանների ու վահանակիրների:

Երկար. 1-16 մմ է: Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է՝ սովորաբար 3-հատվածանի կնճիթի ձևով, որն ամրացած է գլխի հետևի մասին և հանգիստ վիճակում ծռված է դեպի մարմնի ստորին մասը: Առաջին զույգ թևերը համասեռ են, միանման ամրությամբ (թաղանթային կամ կաշեկերպ), հետին զույգ թևերն առաջիններից փոքր են կամ բացակայում են: Հանգիստ վիճակում թևերը ծալվում են մարմնի երկարությամբ՝ տանիքաձև: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Սնվում են բույսերի տարբեր օրգանների հյութերով՝ բույսերի վրա առաջացնելով ուռուցքներ կամ գալեր:

ՀՀ-ում հանդիպում է Հ-ի ավելի քան 450 տեսակ, առավել տարածված և վնասակար են խնձորենու, տանձենու, փշատենու տերևալվիկները, սովորական փրփրացիկադը, վարդենու, խաղողի թզուկ ցիկադները, դեղձենու ցողունային լվիճը, կեղծ վահանակիրը, ջերմատնային սպիտակաթևը և այլն:

Որոշ Հ. արտազատում են քաղցր, կպչող հյութ՝ մեղրացող, որի վրա զարգանում են մրիկասնկերը: Շատ տեսակներ բույսերի վիրուսային հիվանդությունների տարածողներ են:

ՀԱՏԲԵԿԻՉ (Coccothraustes coccothraustes), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 29-33 սմ, կենդանի զանգվածը՝ 49-57 գ: Թվացյալ ծանրամարմին ու կարճապոչ թռչուն է, պոչի ծայրը՝ սպիտակ, թևին՝ սպիտակ և դարչնագույն-նարնջագույն մեծ շերտ, կտուցը հզոր է: Թռիչքի պահին նկատելի է առաջնային փետուրների սպիտակ շերտը: Բնադրման շրջանում հասունի կտուցը մուգ է: Արուի գլուխն ու վիզը սև են, դարչնագույն-նարնջագույն և մոխրագույն հատվածներով, կենտր. թափահարողները՝ կապույտ-սև փայլով: Էգի գլուխն ու վիզը ավելի խամրած են, թևի կենտր. փետուրները՝ մոխրագույն երիզով: Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկն ավելի խամրած է, կտուցը՝ դեղնավուն: Երիտասարդը հասունից ավելի խամրած է և ավելի դարչնագույն, մարմինը ներքևից՝ դարչնագույն պտերով ու զոլերով: Բավական թաքնված թռչուն է: Հաճախ հանդիպում է ընտանեկան փոքր խմբերով՝ ծառերի սաղարթի միջով կամ վրայով թռչելիս: Սովորաբար կերակրվում է ծառերի սաղարթի բարձր և խիտ հատվածում կամ անտառի սավանում: Բնակվում է սաղարթախիտ անտառներում, պտղատու այգիներում: Սնվում է սերմերով, պտուղներով, բողբոջներով, որոշ անողնաշարավորներով:

Հասուն էգերը գրանցվում են հունվարի վերջից մարտի սկիզբը, լիարժեք երգող արուները՝ փետրվարի 2-րդ կեսից: Բնի կառուցումն սկսվում է մարտի վերջին տասնօրյակից: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, չոր ճյուղերից: Բնադրում է սովորաբար խիտ թփերի կամ պտղատու ծառերի վերին սահմանում: Դնում է 24 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնավուն սև պտերով ու գծիկներով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝ մայիսին՝ 14 օր: Կրկնակի բնադրման դեպքում հունիսին հայտնվում են թարմ ձվերով բներ: Հունիսի 3-րդ տասնօրյակից ձագերը դուրս են գալիս բնից և ընդհանուր երամներ են կազմում սերինոսների այլ տեսակների հետ: Գունագեղ փետրավորման, կեցվածքի,