58-64 հատ են: Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և ունի դեպի ներքև կորացած մանր ատամիկներ: Խոշոր առանձնյակների մոտ այդ ատամիկներն արտահայտված չեն: Կլանային ատամները եռաշարք են, հազվադեպ՝ երկշարք: Մեջքը և կողքերի վերին մասը մոխրագույն են, մոխրականաչավուն կամ պողպատագույն՝ կապտավուն կամ ոսկեգույն նրբերանգով: Կողագծից ներքև կողքերը դեղնաոսկեգույն են, փորիկը՝ արծաթասպիտակ: Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրն իր արտաքին մասում ունի սև եզրաշերտ: Մեջքային, կրծքային և պոչային լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն, փորային լողակները և հետնալողակը՝ նարնջագույն կամ դեղնավուն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին:
Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում: Բազմանում է ապրիլ-հունիսին: Այդ ընթացքում արուների դնչի վրա հայտնվում են մաշկային բշտիկներ: Բեղունությունը կարող է հասնել մի քանի տասնյակ հազար ձկնկիթի: Ձվադրումը կատարվում է գետի խոշոր ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին, երբեմն՝ բույսերի մեջ՝ ջրի արագ հոսքի պայմաններում:
Հիմնականում բնակվում է դանդաղահոս ջրերում: Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված խմբերով: Վարում է մերձհատակային կենսակերպ: Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, մանրաձկներով, երբեմն՝ ջրային բույսերով:
Չնայած համային բարձր արժանիքներին և խոշոր չափերին՝ փոքրաթվության պատճառով արդ. նշանակություն չունի: Սիրող․ ձկնորսության ցանկալի օբյեկտ է:
ՃԱՆՃԵՐ իսկական (Muscidae), երկթևանի միջատների ընտանիք: Մարմնի երկար. 2,5-15 մմ է։ ՀՀ-ում հանդիպում է մոտ 40 տեսակ: Առավել տարածված են տնային ճանճը և խայթաճանճերը։
Մարմինը հիմնականում մոխրագույն է, սև, հազվադեպ՝ դեղին կամ մետաղ. կապույտ: Գլուխը, կուրծքը և ոտքերը ծածկված են բազմաթիվ մազիկներով ու խոզաններով: Փորիկը ձվաձև է: Թրթուրները գիշատիչ են, գլուխ չունեն, լավ զարգացած են բերանային հավելվածները՝ կարթերը: Զարգանում են քայքայվող օրգ. մնացորդներում, երբեմն՝ բույսերի կամ կենդանիների հյուսվածքներում: Կան սինանտրոպ տեսակներ, տարբեր հիվանդությունների հարուցիչներ:
ՃԱՆՃՈՐՍՆԵՐ (Muscicapidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ խայտաբղետ ճանճորս, կիսասպիտակավիզ ճանճորս, մոխրագույն ճանճորս, սպիտակավիզ ճանճորս, փոքր ճանճորս։
Մարմնի երկար. 9-23 սմ է, կենդանի զանգվածը՝ 12-18 գ: Մեծ մասի կտուցը լայն է, տափակ (վերին կտուցի ծայրը՝ ցած կեռված), հիմքում՝ լավ զարգացած կոշտ ցցամազիկներով: Ոտքերը կարճ են, թույլ զարգացած, հարմարված չեն քայլելուն: Հանդիպում են հիմնականում առանձին անհատներով: Բնադրում են ծառերին, փչակներում, ժայռածերպերում, շինություններում: Դնում են 2-6 ձու: Միջատակեր են:
ՃԱՐՊԻԿ ՄՈՂԵՍ (Lacerta agilis), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզերում: Բնակվում է մարգագետնատափաստանային, թփուտային և նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, երբեմն նաև այգիներում ու մշակահողերում, հաճախ՝ առուների ու լճերի ափամերձ վայրերում:
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,3-14,4 սմ), պոչը 1,5-2 անգամ երկար է, ինքնհատվող: Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով: Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը՝ լավ արտահայտված: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Երիտասարդ մողեսների մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշամոխրագույն է կամ շագանակագույն, որի վրայով անցնում են 1-2 մուգ զոլեր, որոնք բաժանված են նեղ սպիտակավուն գոլերով: Մարմնի կողմնային մակերեսներին կան մուգ եզրագծով մանր սպիտակավուն խալերի երկայնակի շարքեր: Տարիքի հետ մուգ զոլերը բաժանվելով առաջացնում են մուգ, տձև խալերի զուգահեռ շարքեր կամ գրեթե աննկատ են դառնում, իսկ մեջքային մակերեսի ընդանուր գունավորումը կարող է տատանվել գորշամոխրագույնից վառ կանաչ: Արուների որովայնային մակերեսի ընդհանուր գունավորումը կանաչ է, էգերինը՝ սպիտակավուն, սովորաբար՝ բազմաթիվ մանր սև խալերից բաղկացած երկայնակի շարքերով: Որոշ տարածքներում հանդիպում է համատեղ մոտ ազգակից զոլավոր և միջին մողեսների հետ, որոնցից տարբերվում է թեփուկավորման և գունավորման որոշակի առանձնահատկություններով: Բազմացումն սկսվում է մայիսից: Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 4-14 ձու: Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի վերջը:
Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբ: Սնվում է հիմնականում անողնաշարավորներով:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:
Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:
ՃԵՐՍԱԿԱԹԻԹԵՌՆԵՐ (Pieridae), ցերեկային թիթեռների ընտանիք: Հայտնի է 500, ՀՀ-ում 26 (27) տեսակ: