2 զույգ թևերը (10-94 մմ) թափանցիկ են, խիստ ջղավորված: Փորիկը երկար է (14-120 մմ) Ձվադրում են ջրում, հողում, ջրային բույսերի հյուսվածքներում: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (բացակայում է հարսնյակի փուլը): Թրթուրները ևս գիշատիչներ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա: Ապրելով կանգնած ջրամբարներում՝ թրթուրները բազմակի (մինչև 15 անգամ) մաշկափոխվում են, ձեռք են բերում թևերի սաղմեր, ձևափոխվում հարսնյակի (նիմֆա), ապա թևավոր հասունի: Վերջիններս արագաշարժ են, սնվում են միջատներով, ճանճերով, մոծակներով, որոնց որսում են թռիչքի ժամանակ: Կարող են տարածել ընտանի թռչունների վտանգավոր հիվանդություն (պրոտոգոնիմոգ):
ՃՌԻԿՆԵՐ (Grylloidea), ուղղաթև միջատների կարգի վերնաընտանիք: Հայտնի է 2 հզ., ՀՀ-ում՝ 16 տեսակ:
Մարմինը գլանաձև է, երբեմն՝ գնդաձև, բեղիկները՝ սովորաբար մարմնից երկար: Որոշ տեսակների թևերը կարճացած են կամ անհետացած: Արուները վերնաթևերի վրա ունեն ձայնարձակ ապարատ, որի օգնությամբ գիշերները «երգում են»: Լսող. օրգաններն առջևի ոտքերի վրա են: Էգերը սովորաբար ունեն նիզակաձև ձվադիր, ձվադրում են հողում կամ բույսերի ցողուններին: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Ձմեռում են և՛ թրթուրները, և՛ հասունները: Ստորգետնյա, գիշերային կենսակերպի միջատներ են, հանդիպում են ամենուր՝ դաշտերում, հողի ճեղքերում, քարերի տակ, տներում և այլն: Ամենակեր են: Գյուղատնտ. մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում իշախառանչը և տափաստանային ճռիկը (Melanogryllus desertus): Վերջինս նախընտրում է առավել խոնավ, փխրուն հողով վայրերը, որտեղ հեշտությամբ ցերեկային ապաստան է գտնում թաքնվելու համար: Վնասում է տարեկանին, ծխախոտին, կաղամբին, կարտոֆիլին, սոխին, խաղողի վազին: Ուտում է բույսերի մատղաշ տերևները, բողբոջները և այլն: Ձվադրում է հողի ճեղքերում՝ հունիսին: 14-18 օր անց ձվերից դուրս եկած թրթուրները թաքնվում են քարերի, հողակոշտերի, տերևների տակ կամ ճեղքերում: Ունի 5 հասակ, ձմեռում է թրթուրը՝ վերջին հասակում՝ քարերի, տերևների տակ:
ՃՈՒՌԱԿԱՆՄԱՆ ՇԱՀՐԻԿ (Silvia nisoria), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-27 սմ, կենդանի զանգվածը՝ 21-25 գ: Խոշոր շահրիկ է՝ դարչնա-մոխրագույն փետրավորմամբ, թևին կան 1 զույգ բաց գույնի զոլեր, կտուցը հաստլիկ է: Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մարմինը վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ՝ կիսալուսնաձև մուգ խայտերով: Հասունը դեղնամոխրագույն է՝ մոխրա-դարչնագույն երանգներով, մարմինը ներքևից՝ թույլ զոլավոր, աչքի ծիածանաթաղանթը՝ մուգ, հոնքը՝ բաց գույնի: Երկչոտ է, հաճախ բնադրում է շամփրուկների հարևանությամբ: Թաքնված թռչուն է, ճանաչվում է արուի բարձր երգով: Բնակվում է արևկող անտառեզրերին, լեռնալանջերի թփուտային մացառուտներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից, ձվերի լրիվ քանակով բները՝ մայիսի 2-րդ տասնօրյակի վերջից հունիսի 3-րդ տասնօրյակը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 100-125 մմ)՝ ցողուններից: Բնադրում է փշոտ թփուտներում: Դնում է 21 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ դարչնագույն և ձիթապտղագույն-կանաչ պտերով 4-5 ձու: Թխսակալում են հավանաբար էգը և արուն՝ 12-14 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-12-րդ օրը: Աներեր թռչող ձագերը ծնողների հետ ընտանիք են կազմում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև օգոստոսի 1-ին տասնօրյակը:
Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսի վերջին:
ՃՈՒՌԱԿՆԵՐ (Accipitridae), բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիք: Հայտնի է 122, ՀՀ-ում՝ 27 տեսակ՝ անգղեր, արծիվներ, լորաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ, թավշաոտ ճուռակ, մեծ ճուռակ, կրետակեր, տափաստանային ճուռակ, մկնաճուռակներ, ցիներ, ցախաքլորաորս, թուրքմեն, ճնճղաճուռակ, մեծ շահնարծիվ, ճուռակակերպ արծիվ (վերջին 3 տեսակի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի) ևն:
Փետրածածկը հիմնականում մուգ կամ բաց շագանակագույնից շիկակարմիր է, մուգ մոխրագույն, կուրծքը կամ մեջքը՝ մուգ շերտերով, ոտքերը՝ հիմնականում դեղին, կտուցը՝ սրածայր, կեռ, մագիլները՝ սուր: Զոհին որսում են գետնին կամ թռիչքի ընթացքում: Կենդանի զանգվածը 100 գ-6,5 կգ է։
ՃՔՃՔԱՆ ՄՐՏԻՄՆ (Anas querquedula), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 37-41 սմ է, թևերի բացվածքը՝ 60-63 սմ, կենդանի զանգվածը՝ 280-550 գ: Արուի դիմային հատվածը և վիզը շիկակարմիր-դարչնագույն