Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին: Բնադրում է գետնին, բույնը պատրաստում է խոտաբույսերից, եղեգից, ճյուղերից: Ձվադրում է մայիս-հունիսին: Դնում է 42 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ 4-5 ձու:
Չուն՝ օգոստոսի վերջին:
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Lacerta praticola), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի մողես: Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Lacerta կամ Darevskia ցեղին:
ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում:
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,7-6,5 սմ), պոչը՝ գրեթե կրկնակի երկար: Գլուխը տափակ չէ: Երիտասարդի մարմինը մուգ է կամ սև: Հասունի մեջքը գորշ շագանակագույն է, գորշ կամ շագանակագույն՝ մանր սև բծերով: Մեջքի, կողքերի ու պոչի վրայով անցնում են գորշ շերտեր: Հասուն արուի փորիկը դեղնականաչավուն է, էգինը՝ սպիտակ:
Բնակվում է հիմնականում անտառային ու մարգագետնային բուսականությամբ ոչ շատ քարքարոտ վայրերում: Թաքնվում է ծառերի արմատների ու քարերի արանքներում, փորող կենդանիների բներում: Ձմեռում է նոյեմբերի վերջից մարտ: Սնվում է մանր անողնաշարավորներով: Բազմացումը սկսվում է հունիսից: Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 3-6 ձու, երկար.՝ մինչև 1 սմ։ Ձագերը ծնվում են օգոստոսից սեպտեմբեր: Սեռահասուն են դառնում 2 տարեկանում:
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ՉՔՉՔԱՆ (Saxicola rubetra), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-24 սմ, կենդանի զանգվածը՝ 13-15 գ: Պոչը կարճ է, կուրծքը՝ նարնջագույն, կտուցը, ոտքերը՝ սև: Բնադրման շրջանում հասուն արուի մարմինը վերևից դարչնագույն-սև է, հոնքերը, բեղերը՝ սպիտակ, թևերին կան սպիտակ բծեր: Էգն ավելի խամրած է, հոնքը՝ բաց դարչնագույն-դեղին: Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին, սակայն վերևից փետուրները բաց գույնի լայն երիզներով են: Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է՝ սպիտակ պտերով, կոկորդը և կուրծքը՝ դարչնագույն խայտերով: Զոհին հետևում է՝ խոտերին կամ ցանկապատերին նստած: Բնակվում է լեռնամարգագետիններում, չուի ընթացքում լայնորեն տարածված է: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:
Գարնանային վերադարձը՝ մարտի 1-ին կեսից հոկտեմբերի 1-ին տասնօրյակ: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կես-մայիսի ընթացքում: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին՝ մայիսի 1-ին կես-հունիսի ընթացքում: Դնում է 19 մմ տրամագծով, բաց դարչնագույն 4-7 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 11-13-րդ օրը, սակայն ինքնուրույն թռիչքի են դիմում ևս 2-3 շաբաթ ծնողների խնամքի տակ գտնվելուց հետո:
Աշնանային չուն՝ հուլիսի վերջ-օգոստոսին:
ՄԱՐԳԱՀԱՎ (Crex crex), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 27-30 սմ է, թևերի բացվածքը՝ 46-53 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ: Մարմնի փետրածածկը վերևից բաց մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, կողքերը՝ բաց կարմրադարչնագույն՝ սպիտակ զոլերով: Թևերի թույլ թափահարումով թռիչքի ընթացքում նկատելի են կարմիր դարչնագույն թևավերևը և կախված ոտքերը: Կտուցը վարդագույն երանգով է: Թաքնվում է խիտ թաքստոցներում: Վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, հազվադեպ թռիչքի է դիմում: Մշտապես արձակում է երկհնչյուն ճիչեր՝ կրեքս-կրեքս (այստեղից՝ լատ. անվանումը): Բնակվում է լեռնատափաստաններում, թաց մարգագետիններում, խոտհարքներում, մշակովի դաշտերում: Սնվում է միջատներով, որդերով, սերմերով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջին: Բույնը խոտաբույսերից է (տրամագիծը՝ 18 սմ)՝ գավաթաձև: Բնադրում է գետնին: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսից: Դնում է 37 մմ տրամագծով, բաց կապույտից խամրած դեղնադարչնագույն՝ մանուշակագույն պտերով 8-12 ձու: Թխսակալում է 18-19 օր:
Աշնանային չուն՝ սեպտեմբերին:
Համարվում է արժեքավոր որսի թռչուն:
ՄԱՐՄԱՐՅԱ ՄՐՏԻՄՆ (Marmoronella angustirostis), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար.՝ 39-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 0,4-0,6 կգ: Ընդհանուր գունավորումը բաց մոխրավուն դարչնագույն է՝ դեղնավուն սպիտակ պտերով ու զոլերով, աչքի շուրջը կա մուգ գույնի բիծ: Արուի փուփուլը կարճ է՝ անհավասար, հարսանեկան խաղերի ընթացքում՝ ցցուն բացվածքով: Սովորաբար