Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/457

Այս էջը հաստատված է

ՄԵԾ ՁԿՆԿՈՒԼ (Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ: Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր: Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով: Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են: Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ: Հաճախ, թևերը տարածած, նստում է քարերին, ծառերին՝ թաց փետուրները չորացնելու համար: Բույնը գաղութային է՝ եղեգնուտում: Դնում է 66 մմ տրամագծով, բաց կանաչ երկնագույն 3-4 ձու:

1930-ական թթ. Գիլլի լճում հաճախ կազմակերպված Մ. ձ-ի ձվերի ու ձագերի ոչնչացման միջոցառումների և հետագայում լճի չորացման հետևանքով բնադրագաղութներն իսպառ վերացել են: Սակավ թվաքանակով գրանցվել է Արարատյան դաշտի լճակներում ու ջրամբարներում: Մինչև Սևանա լճի մակարդակի նվազումը համարվել է ձկնաբուծությանը խիստ վնասող տեսակ և անխնա ոչնչացվել է. 1985-95-ին ՀՀ տարածքի 22 կետից յուրաքանչյուրում չուի ընթացքում գրանցվել են մինչև 980, բնադրման շրջանում՝ 1-10 թափառող անհատներ:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԵԾ ՃԱՀՃԱՀՈՎՎԻԿ (Porzana porzana), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 22-24 սմ է, թևերի բացվածքը՝ 37-42 սմ Հասունի փետրածածկը վերևից դարչնագույն է, դիմային մասը՝ մոխրագույն: Կուրծքը պատված է խիտ սպիտակ պտերով: Ներքնապոչը բաց դարչնագույն-դեղին է: Կտուցը դեղին է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն: Երիտասարդի դիմային մասը բաց գույնի է, կզակն ու կոկորդը՝ սպիտակ, կտուցը՝ կանաչավուն: Կուրծքը և մարմնի կողքերը սպիտակ պտերով են: Թաքնված թռչուն է: Լողալիս և քայլելիս պոչը տմբտմբացնում է: Բնակվում է ճահճուտներում, դանդաղահոս գետակներում: Սնվում է ջրային միջատներով, բույսերով:

Բույնը նման է հարթակի, պատրաստում է ջրային բույսերից, բնադրում է ջրի մոտակայքում: Դնում է 34 մմ տրամագծով, ձիթապտղադարչնագույն՝ կարմրադարչնագույն պտերով 10- 12 ձու:

ՀՀ-ում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1990-ին:

ՄԵԾ ՃՈՒՌԱԿ (Buteo buteo), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 51-57սմ է, թևերի բացվածքը՝ 113-128 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ: Լայն թևերով գիշատիչ թռչուն է, մարմնի գույնը ներքևից խիստ փոփոխական է՝ դարչնագույնից շիկակարմիր, շիկակարմիր-սպիտակ: Բաց գույնի անհատների մարմինը ներքևից զոլավոր է, կրծքին կա սպիտակավուն շերտ, պոչի հիմքում՝ բազմաթիվ նեղ զոլեր, դաստակաբիծն ավելի ցայտուն է: Երիտասարդի պոչի և երկրորդային փետուրների ակնառու Երիզաշերտը բացակայում է: Չուի ընթացքում հաճախ հանդիպում է երամներով: Կանգը օդում անվստահ է: Որսի վրա հարձակվում է բարձրությունից կամ հետապնդում է թռիչքի ընթացքում և անվրեպ որսում գետնին: Բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում: Սնվում է կրծողներով, այլ մանր կենդանիներով, միջատներով, լեշերով:

Բնադրազույգերը հավանաբար մշտական են ողջ կյանքի ընթացքում: Ձվադրման պատրաստ բները հայտնըվում են ապրիլին: Բույնը հարթակ է՝ ճյուղերից: Բնադրում է ծառերին, հազվադեպ՝ ժայռաքիվերիև, անտառապատ տարածքներում: Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-4 ձու: Հիմնականում թխսակալում է էգը՝ 32-33 օր: Ձագերը ձվից դուրս են գալիս մայիսի վերջից հունիսի 1-ին կեսը, բնից հեռանում են հուլիսի 1-ին տասնօրյակից ամսվա վերջին, երբ արդեն ունակ են աներեր թռիչքի:

Օգտակար է. ոչնչացնում է մանր կրծողներին:

ՄԵԾ ՊԱՅՏԱՔԻԹ ՉՂՋԻԿ (Rhinolophus ferrumequinum), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպող պայտաքիթ չղջիկներից ամենախոշորը և ամենատարածվածն է (հանդիպում է բոլոր մարզերում): Ապրում է առանձնյակներով ու խմբերով (20-500 առանձնյակ), հսկա գաղութներով (35-40 հզ.)՝ պայտաքիթ և հարթաքիթ այլ չղջիկների հետ համատեղ:

Մարմնի երկար, մինչև 70 մմ է, պոչինը՝ 43 մմ, նախաբազկինը՝ 61 մմ, կենդանի զանգվածը՝ 34 գ Ամռան սկզբին ծնում է 1 ձագ: Ձագերին կերակրելու շրջանում էգերն առանձնանում են արուներից և կազմում առանձին գաղութներ:

Սնվում է միջին և մեծ չափերի գիշերային բզեզներով, թիթեռներով: