Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/459

Այս էջը հաստատված է

է ոչ միայն արուի և էգի, այլև իգական անհատների (մայր և աշխատավոր մեղու) միջև: Մեղվաընտանիքը կենսբ. ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փոխկապակցված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության: Այն բաղկացած է 1 մայր, 60-80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից:

Մայր մեղուն (մարմնի երկար.՝ 20-25 մմ, կենդանի զանգվածը՝ 200-250 մգ) լավ զարգացած սեռ. օրգաններով էգն է. ընտանիքում կատարում է 1 ֆունկցիա՝ ձվադրում: Սեռահասուն է դառնում մայրաբջջից (հյուսում են աշխատավոր Մ-ները) դուրս գալուց 5-7 օր հետո: Ապրում է 5 տարի: Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկանը: Աշխատավոր մեղուները (մարմնի երկար.՝ 12-14 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 100 մգ) չզարգացած սեռ. օրգաններով էգերն են, որոնք հյուսում են մեղրահացը, հավաքում նեկտար ու ծաղկափոշի, պատրաստում մեղր, կերակրում թրթուրներին, պահպանում բույնը, ապահովում պահանջվող խոնավություն և ջերմություն բնում, կարգավորում բնական պարսը և այլն: Ծաղկափոշի հավաքել-տեղափոխելու համար հետին ոտքերն ունեն «խոզանակիկ» և «զամբյուղիկ», որովայնի ստորին կիսաօղակների վրա կան մոմային «հայելիով» մեղվակաթ արտադրող հատուկ գեղձեր և այլն: Մեղվակաթով կերակրում են աշխատավոր մեղուների և բոռերի թրթուրներին մինչև 3 օրականը, մայր մեղվի թրթուրին՝ զարգացման ամբողջ ընթացքում, իսկ մայր մեղվին՝ ձվադրման ընթացքում: Աշխատավոր Մ-ները ձվադրում են միայն մայր մեղվի կորստի դեպքում: Ձվերը բեղմնավորված չեն, դրանցից զարգանում են միայն բոռեր:

Ապրում են 26-40 օր:

Բոռերը (մարմնի երկար.՝ 15- 17 մմ, կենդանի զանգվածը՝ 200 մգ) արուներն են, ունեն միայն 1 ֆունկցիա՝ մայր մեղվի բեղմնավորում: Սեռ. օրգանները լավ զարգացած են: Սեռահասուն են դառնում 8-14 օրում: Մեղվաընտանիքում ապրում են ամռանը՝ մայր մեղվի բեղմնավորման շրջանում, երբ վերջինս դուրս է գալիս փեթակից:

Մեղրատու Մ-ները բաժանվում են եվրոպ., կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի: ՀՀ-ում տարածված են կովկասյան գորշ մեղուն և հայկական դեղին մեղուն:

ՄԺՂՈՒԿՆԵՐ (Ceratopogonidae), երկարաբեղիկ երկթևանիների կարգի միջատների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 40 տեսակ, առավել տարածված են լվանման, թամբաձև, կովկասյան, սովորական և այլ Մ.՝ հիմնականում Արաքսի հովտում և անտառային շրջաններում:

Մարմնի երկար. 1,5-2,8 մմ է, բեղիկները 15-հատվածանի են, ոտքերը՝ բարակ ու երկար, թևերը՝ հաճախ բծավոր: Թրթուրները որդանման են, զարգանում են առավելապես խոնավ միջավայրում: Ակտիվ են հուլիս-սեպտեմբերին: Տարածում են տարբեր հիվանդություններ (օնխոցերկոզ, ժանտախտ և այլն):

ՄԻԱՍԵՌ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darevskia unisexualis), սպիտակափոր ժայռային մողես, միասեռ դարեվսկիա, սպիտակափոր դարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա (Darevskia) ցեղի տեսակ:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ լեռն․ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում:

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-7,0 սմ), պոչը կրկնակի երկար է, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով, մեջքային մակերեսը՝ միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն և շագանակագույն երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված մանր բծերով ցանցանման նախշ: Կողմնային մուգ զոլերը կազմված են այս կամ այն չափով միաձուլված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից, ունեն սպիտակավուն կենտր. խալ և մուգ եզրագիծ: Առջևի վերջավորությունների մակարդակին կան կապույտ խալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Որովայնային մակերեսը սպիտակավուն է, եզրային վահանիկները մեկընդմեջ ունենում են կապույտ խալեր: Կարող է հանդիպել համատեղ հայկ., Ռադդեի և Վալենտինի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով:

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Կուսածին է. հունիսի վերջից հուլիսի սկիզբ էգը դնում է 2-7 ձու (12,5 x 8 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին: Խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում:

ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐ (Insectivora), կաթնասուն կենդանիների կարգ: ՀՀ բոլոր մարզերում տարածված են 3 ընտանիքի 7 ցեղի 12 տեսակի Մ.՝ ոզնիների ընտանիքի 2 ցեղի 2 տեսակ, խլուրդների ընտանիքի 1 ցեղի 1 տեսակ, սրընչակների ընտանիքի 4 ցեղի 9 տեսակ:

Փոքր և միջին մեծության կենդանիներ են: Մարմնի երկար. 3,5-44 սմ է, պոչինը՝ 1-21 սմ, կենդանի զանգվածը՝ 1,3-1300 գ: Մեծամասնության թաթերը հնգամատ են՝ լավ զարգացած ճանկերով: Ականջները մեծ են կամ թերաճ, որոշների դունչը ձգված է, կնճիթաձև, շարժունակ: Բնորոշ է ատամների թույլ տարբերակվածությունը և ատամնաշարի լրիվ կազմը (մինչև 44 ատամ): Մարմնի կառուցվածքը պայմանավորված է կենսակերպով, որը բավականին բազմազան է: