է մեծ արորիկը, կենդանի զանգվածը 750-920 գ է:
ՄՈՐԵԽՆԵՐ (Acridoidea), ուղղաթևների կարգի միջատների վերնատանիք: ՀՀ-ում հայտնի է Մ-ի 105 տեսակ՝ տարածված բոլոր գոտիներում:
Մարմնի երկար. մինչև 9 սմ է: Բեղիկները 28-հատվածանի են, գլուխն օվալաձև է՝ խիստ ձգված, բերանը՝ կրծող տիպի: Թևերը 2 զույգ են, երբեմն՝ թերզարգացած: Առջևի վերջավորությունները քայլող են, հետինները՝ թռչող: Ձվադրում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում: Տալիս են 1 սերունդ, զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Ըստ թրթուրների խտության՝ ձևավորվում են հոտային կամ միայնակ ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են վերնաթևերի զարգացմամբ: Բուսակեր են: 25 տեսակ (անապատային մորեխը, չվող, մարոկկոյական Մ. և այլն) գյուղատնտ. բույսերի լուրջ վնասատուներ են:
ՄՈՐԵՀԱՎԵՐ, շահրիկների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 3 տեսակ՝ անապատային մորեհավ, դալուկ մորեհավ, կանաչ մորեհավ (վերջինիս կենսակերպն ուսումնասիրված է մասնակի):
Թփուտային, մոխրաավազագույն փետրածածկով, հիմնականում լռակյաց, թաքնված, կիսաանապատներին հարմարված թռչուններ են:
ՄՈՐՄ, տարանտուլ, գայլասարդերի ընտանիքի իլկոզա սեռի մի քանի տեսակների հավաքական անունը: ՀՀ-ում հայտնի է Մ. հարավռուսականը (llcosa singoriensis). հանդիպում է Արարատյան դաշտում:
Մարմնի երկար. 3,5 սմ 1: Ապրում է քարերի տակ, գետնափոր բներում: Զուգավորվում է ամռան վերջին, ձվադրում ոստայնաբոժոժում: Ձագերը մոտ 2 շաբաթ ապրում են մոր մեջքին:
Խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում (մարդու համար ոչ վտանգավոր): Մեծ մասը ոչնչացնում է վնասատուներին:
ՄՈՐՈՒ ՇԱՀՐԻԿ (Silvia curruca), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 12,5-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16,5-20,5 սմ, կենդանի զանգվածը՝ 11-12 գ: Մոխրավուն շահրիկ է, պոչը և թևերը՝ կարճ, ոտքերը՝ մուգ մոխրագույն, հոնքը (աշնանը)՝ բաց գույնի: Արուի մարմինը վերևից դարչնավուն մոխրագույն է, գլուխը՝ մոխրագույն, ունկընկալները՝ սևավուն: Էգի փետրածածկն ավելի բաց գույնի է: Արուները չափազանց շարժունակ են, աղմկոտ ձայնով անընդմեջ ու երկար ժամանակ երգում են թփուտների թաքստոցում: Բնակվում են չոր թփուտներում, չուի ընթացքում լայնորեն տարածված են: Սնվում են անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից, ակտիվ երգող արուները գրանցված են ապրիլից հուլիսի 1-ին տասնօրյակը, որի ընթացքում ձևավորվում են հարսանեկան զույգերը: Արուն թփի վրայից ուղղահայաց թռիչքով հեռանում է 50-60 մ, ապա 1 խոշոր հանգույցապտույտ գործելով՝ տեղավորվում նույն թփի վրա՝ շարունակելով երգը: Բույնը կառուցում է (մայիսից-հունիս) էգը՝ 6 օրում: Այն գավաթաձև է (տրամագիծը՝ 91-105 մմ)՝ չոր խոտաբույսերից: Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսից հուլիսի առաջին օրերը: Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 14%-ը): Թխսակալում է էգը՝1 1-12 օր: Մայիսից մինչև հուլիսի առաջին օրերը պարբերաբար դուրս են գալիս առաջին ձագերը (Խոսրովի անտառ արգելոցում գրանցված են հունիսի 2-րդ կեսից): Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-12-րդ օրը, ևս մի քանի օր ծնողների խնամքի տակ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն:
Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:
Օգտակար է. որոշակի նշանակություն ունի վնասատուների ոչնչացման գործում:
ՄՏՐԱԿԱՎՈՐՆԵՐ (Mastigophora կամ Plagellata), նախակենդանիների դաս: Մարմինը (երկար.՝ 2-5 մկմ - 1 մմ) իլիկա-, ձվա-, գլանա- կամ գնդաձև է: Մտրակները (1 և ավելի) բարակ, ճկուն ելուստներ են, կատարում են պտուտակաձև, շրջանաձև և այլ շարժումներ: Բազմանում են անսեռ (մարմնի երկայնակի կիսմամբ), երբեմն՝ սեռ. եղանակով: Առաջացնում են գաղութներ, ինչպես նաև ցիստավորվում են: Սնվում են բույսերի նման՝ ֆոտոսինթեզով, մյուսները՝ նեխող հեղուկներում լուծվող օրգ. նյութերով կամ մակաբուծում են կենդանի օրգանիզմների արյան մեջ, հյուսվածքներում, խոռոչներում: ՀՀ-ում Մ-ից հանդիպում են տրիխոմոնասները, լամբլիաները և լեյշմանիաները որոնք հարուցում են մարդու և կենդանիների հիվանդություններ (տրիխոմոնոզ, լամբլիոզ և լեյշմանիոզ), մակաբույծ տրիպանոսոմներից՝ Լեվի սի և խոշոր եղջերավոր կենդանիների Թեյլորի տեսակները: Ազատ ապրող ձևերից կանաչ էվգլենան, հիմենոմոնասը, վոլվոքսը և այլն ախտածին չեն:
ՄՐՋՅՈՒՆՆԵՐ (Formicidae), թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիք: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ Մ., դեղին լագիուսը և այլ տեսակներ: Կարգի մյուս ներկայացուցիչներից տարբերվում են 3 գլխ. հատկանիշներով, կաստաների՝ էգերի, արուների և աշխատավորների (անթև) առկայությունը, մետապլևրալ գեղձերի գոյությունը և թևերի ջղավորության բնորոշ առանձնահատկությունը:
Էգերի և աշխատավորների բեղիկները ծնկաձև են, 4-12-հատվածանի, արուներինը՝ ծնկաձև կամ թելաձև՝ 12-13-հատվածանի: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: