Մարմինը բաղկացած է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից:
Զարգացած բնազդներով միջատներ են: Մրջնաընտանիքում անհատների թիվը 1 տասնյակից մի քանի մլն է: Այն բաղկացած է աշխատավորներից (թերզարգացած սեռ. օրգաններով էգեր, մարմնի երկար.՝ 0,8-30 մմ), թևավոր էգերից և արուներից, 1 կամ մի քանի հիմնադիր էգերից: Էգերի և արուների կենսագործունեությունը սահմանափակվում է բազմացմամբ և տարաբնակեցմամբ: Ընտանիքում բոլոր աշխատանքները կատարում են աշխատավոր անհատները՝ սննդի հայթայթում ու բաշխում, էգի և սերնդի խնամք, բնի կառուցում ու պահպանություն և այլն: Բնում զարգացած թևավոր էգերն ու արուները լքում են այն և հարսանեկան թռիչքի ժամամակ զուգավորվում: Արուները կարճ ժամանակ անց մահանում են, իսկ բեղմնավորված էգերը, ազատվելով թևերից, պատրաստում են ապագա բնի առաջին խցիկը, որտեղ ձվադրում են: Հասունացած աշխատավորները կատարում են մրջնանոցի հետագա աշխատանքները: Աշխատավոր Մ. կարող են ապրել մինչև 3-4 տարի, իսկ հիմնադիր էգերի կյանքի տևողությունը ամենաերկարն է միջատների աշխարհում (մինչև 20 տարի):
Սնվում են անողնաշարավորներով, սերմերով, մեղրացողով (լվիճների քաղցր արտաթորանքը), ծաղկահյութերով, սնկերով, բույսերի կանաչ մասերով:
Օգտակար են. մասնակցում են հողառաջացմանը, բույսերի փոշոտմանը, սերմերի տարածմանը, անտառներում չոր փայտանյութի մնացորդների քայքայմանը, վնասակար անողնաշարավորների քանակի կարգավորմանը: Կան վնասակար տեսակներ՝ կաթնասունների և թռչունների վտանգավոր հիվանդությունների (տրեմատոդոզներ, ցեստոդոզներ) հարուցիչների տարածողներ, օգտակար միջատների (արարատյան որդան կարմիր, մեղու, շերամ) ոչնչացնողներ և այլն:
ՄՈՒՐԾԱ (Barbus mursa), մուրծի, ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան գետերում:
Միջին չափի ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկար.՝ 25-30 (երբեմն՝ մինչև 40 և ավելի) սմ, զանգվածը՝ մինչև 1 կգ և ավելի: Մեջքը (ծոծրակից մինչև մեջքային լողակը) մի փոքր ուռուցիկ է: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով: Շրթունքները լավ են զարգացած, ստորինը եռաբլթակ է, որով տարբերվում է Հայաստանի մյուս բեղլուներից: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Թեփուկները մանր են, կողագծում՝ 89-107 հատ: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ: Ալանային ատամները եռաշարք են: Մեջքը սև է կամ սևագորշ: Խոշոր առանձնյակների կողքերը մուգ մոխրագույն են, կանաչամոխրագույն կամ դեղնամոխրագույն՝ ոսկեգույն նրբերանգով: Երիտասարդ առանձնյակների կողքերին կան համեմատաբար խոշոր և անկանոն տեղաբաշխված մուգ պտեր: Փորիկը սպիտակ է կամ դեղնավուն, լողակները՝ մոխրագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է:
Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում: Բազմանում է ապրիլ-հունիսին: Ձվադրում է բաժիններով, 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ: Բեղունությունը կարող է հասնել 30 հգ. և ավելի ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն, խոշոր, տրամագիծը՝ 1,3 մժ. Հիմնականում բնակվում է արագահոս ու քարքարոտ հատակ ունեցող ջրերում՝ սակավաթիվ առանձնյակներից կազմված վտառներով: Վարում է մերձհատակային կենսաձև: Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ջրային բույսերով, սերմերով:
Ունի համային բարձր հատկանիշներ և համեմատաբար խոշոր չափեր, սակայն փոքրաթվության պատճառով արդ. նշանակություն չունի: Սիրող, ձկնորսության ցանկալի օբյեկտ է:
ՆԱԽԱԿԵՆԴԱՆԻՆԵՐ (Protozoa), միաբջիջ կենդանիների տիպ: Բնորոշ են մանրադիտակային չափերը և միաբջիջ կառուցվածքը:
Մարմինը (Երկար. 2 մկմ - 3 սմ) կազմված է արտաքինից ծակոտկեն թաղանթով ծածկված բջջանյութից, ունի 1 կամ մի քանի կորիզներ, մարսող. վակուոլ, միտոքսոնդրիաներ, Գոլջիի ապարատ, ռիբոսոմներ և լիզոցիմևեր: Կորիզը շրջապատված է բնորոշ կրկնակի թաղանթով, պարունակում է կարիոպլագմա, քրոմոսոմներ և նուկլեոլներ: Ն. բաժանվում են 5 դասի: Հայտնի է 25-30 հզ. տեսակ, հավանաբար մի քանի անգամ շատ է, սակայն, կապված Ն-ի մանրադիտակային մեծության և տեխ. բարդությունների հետ, բոլոր տեսակներն ուս ումնասիրելը դժվար է: Բազմաթիվ Ն-ի բնորոշ է օրինաչափորեն արտահայտված անսեռ և սեռ. բազմացման հաջորդականությունը: Անբարենպաստ պայմաններում պատենավորվում են: Սնվում են օսմոտիկ, ֆագոցիտոզի և այլ եղանակներով՝ հատուկ բջջաբերանով: Ն. լայնորեն տարածված են բնության մեջ և զգալի տեղ են գրավում որոշակի կենսահամակեցության, ամբողջ կենսոլորտի սնման գործում, հատկապես ծովային զոոպլանկտոնի և թիաոտավոր խեցգետնակերպների համար: Որոշ Ն. (հատկապես՝ ինֆուզորիաները) լավագույն սնունդ են երիտասարդ ձկների համար: Մեծ թվով Ն. վարում են մակաբույծ կյանք, իսկ նրանց սպորավորների և կնիդոսպորիդաների դասերը հիմնականում մակաբույծներ են: Մակաբույծ Ն-ի մի մասն առանձնահատուկ նշանակություն ունի մարդու, ընտանի կաթնասունների, թռչունների և ձկների համար: Մարդու և կենդանիների հիանդությունների (մալարիա, լեյշմա- նիոգ, լամբլիոզ, ամեոբիազ) հարուցիչներ են: Խոշոր եղջերավոր կենդանիների անկման բարձր դեպքերով ընթացող հիվանդություններից են պիրոպլազմոգները, թեյլերիոզները, տրիպանոսոմոզները և այլն: Մակաբույծ Ն. մեծ վնաս են պատճառում նաև թռչնաբուծությանը (կոկցիդիոզներ), արդ. ձկնաբուծությանը (երբեմն ոչնչացնում են ձկների ամբողջ պոպուլացիան), մեղվաբուծությանը և շերամորդին: Ներկայումս մշակվում են