Խրամի հովտով բաժանվում է Աջարա-Իմերեթյան (Վրաստանի արմ. սահմաններում) և Վիրահայոց-Արցախյան մասերի: Վերջինս կազմված է Կուրի և Արաքսի ջրբաժան լեռնաշղթաներից ու դրանց լեռնաբազուկներից:
ՀՀ տարածքում Փ. Կ-ի արտաքին շարը կազմված է Վրաստանի սահմանով ձգվող Վիրահայոց, Դեբեդի ու Աղստևի ջրբաժան Գուգարաց (Սևորդյաց, Ոսկեպար, Կոտմանի, Մթնասարի, Պապաքարի լեռնաբազուկներով), Միափորի (Հախումի, Կենաց, Տավուշի, Խնձորուտի լեռնաբազուկներով) լեռնաշղթաներից: Ներքին շարը կազմված է գրեթե զուգահեռականի ուղղությամբ ձգվող Բազումի լեռնաշղթայից (Ուրասար, Չքնաղ, Արջաքար լեռնաբազուկներով) և դրանից հվ-արմ. տարածվող Շիրակի լեռնաշղթայից. վերջինս Ջաջուռի թամքոցով միանում է Փ. Կ-ի ներքին շարը կազմող Փամբակի լեռնաշղթային, որից սկսվում և դեպի հվ-արլ. է տարածվում Ծաղկունյաց լեռնաշղթան: Ներքին շարի մաս են կազմում Սևանա լճի արլ. ափով ձգվող Արեգունու, Սևանի և Արլ. Սևանի լեռնաշղթաները: Փ. Կ-ի համակարգում ամենաբարձրը Զանգեզուրի լեռնաշղթան է (Կապուտջուղ, 3904 մ), որը որոշ հեղինակների կողմից մտցվում է Մերձարաքսյան լեռների մեջ: Արլ-ում Փ. Կ-ի լեռնագր. հիմն. տարրերն են Մռավի ու Արցախի լեռնաշղթաները, որոնք իրարից բաժանվում են Թարթառի միջլեռն. իջվածքով: Հարուստ է գունավոր մետաղների ու հանք. ջրերի պաշարներով:
ՔԱՇԱԹԱՂ, լեռնագագաթ Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հանգուցակետում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի արլ. սահմանագլխին: Բարձր. 2901 մ է: Կազմված է կավճի հրաբխ. ապարներից: ժայռոտ ու քարքարոտ է, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային:
ՔԱՋԱՐԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Կապուտջուղի լեռնանցք, ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտջուղ լեռնագագաթից հվ.՝ 3280 մ բարձր, վրա: Ք.լ- ով է անցնում Կապան-Նախիջևան ճանապարհը:
ՔԱՋԱՐԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ Կապուտջուղի լեռնաշղթա, Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Սյունիքի մարզում: Ջրբաժան է Ողջի և Գեղի գետերի միջև: Առավելագույն բարձր. 3403 մ է (Քաջարանց լ.): Կազմված է պալեոգենի հրաբխանստվածք. ծալքավոր ապարներից: Տիրապետում են ծանրահակ ու էրոզային երևույթները, կան սառցապատման հետքեր: Լանջերը կարճ ու զառիթափ են՝ մասնատված գետահովիտներով, լանդշաֆտը՝ լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային:
ՔԱՐԱԽԱՉԻ ԼԵՌՆԱՆՑՔ, ՀՀ Շիրակի մարզում` Ջավախքի ու Բազումի լեռնաշղթարների միջև՝ 2273 մ բարձր. վրա: Շիրակի և Լոռու դաշտերը կապում է միմյանց: Ք.լ-ով է անցնում Գյումրի-Տաշիր ավտոխճուղին:
ՔԵԹԻ, տես Ծարասար:
ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ, բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության վրա հիմնված՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում առանձնացվում են 8 Ֆ. շ.:
Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայկ. լեռնաշխարհի հս-արլ-ում, ՀՀ ամենաընդարձակ շրջանը, ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերը: Հս-ից եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներով, արլ-ից՝ Գեղամա լեռնավահանով ու նրա հվ. շարունակությունը կազմող Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներով, հվ-ից՝ Հայկ. Պար լեռնաշղթայով, Մեծ ու Փոքր Մասիսներով, արմ-ից՝ Կարսի սարահարթով: Ռելիեֆի գլխ. տարրը Արարատյան գոգավորությունն է, որը ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Նախիջևանի գոգավորություն: Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի Արարատյան դաշտ, լեռնաճյուղերը ջրբաժան են գետերի միջև, որոնք առաջացրել են նեղ, խոր քարքարոտ կիրճեր (Քասաղի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն): Շրջակա հրաբուխներից ժայթքած լավաները առաջացրել են նախալեռն. գոտու սարավանդները (Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի): Անցումը դաշտից դեպի նախալեռներ կտրուկ է, երբեմն՝ աստիճանական: