Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/470

Այս էջը հաստատված է

որոշ մակաբույծ Ն-ի (հատկապես՝ միկրոսպորիդների) օգտագործման եղանակներ՝ վնասատու միջատների դեմ պայքարի համար: Այդ ուղղությամբ արդեն կան հուսադրող արդյունքներ: Ն-ի շատ տեսակներ (ամեոբա, ինֆուզորիա) լայնորեն օգտագործվում են բջջաբան., գենետիկ. և կենսաֆիզ. ուսումնասիրություններում: ՀՀ-ում հայտնի են ազատ ապրող և մակաբույծ բազմաթիվ Ն.՝ տրիխոմոնասներ, լամբլիաներ, լեյշմանիաներ, էվգլենաներ, ամեոբաներ, տոքսոպլազմներ, ինֆուզորիաներ: Ն-ի ուսումնասիրությամբ զբաղվում է պրոտոզոոլոգիա գիտությունը:

ՆԱՅԱԴԱՅԻՆ ՍԱՀՆՕՁ(Coluber najadum), ձիթապտղագույն սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ: Որոշ հեղինակների կողմից դասվում է ինքնուրույն Platyceps ցեղին: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի նախալեռներում ու ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չորային նոսրանտառային բուսականությամբ, նաև ջրամերձ քարքարոտ կենսավայրերում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (20-108 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարակ է: Գլուխը երկարավուն է՝ մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով: Աչքերը խոշոր են՝ ոսկեգույն կամ մուգ կարմրավուն ծիածանաթաղանթով, բիբը կլոր է: Մեջքային թեփուկները հարթ են, գրեթե անփայլ: Մեջքային մակերեսը մոխրագույնից բաց ձիթապտղագույն է, մաշկափոխությունից առաջ՝ գրեթե շագանակագույն: Պարանոցի ու մարմնի առջևի հատվածի կողքային մակերեսի երկայնքով ձգվում է սպիտակավուն եզրերով մուգ խալերի մեկական շարք: Խալերի առաջին զույգը, հաճախ միավորվելով, ձևավորում է վզնոցանման նախշ: Մարմնի առջևի հատվածի մեջքային մակերեսին երբեմն լինում են մանր, սև կետիկների Նայադային սահնօՏ Գորշ նապաստակ երկայնակի շարքեր: Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է: Սնվում է մանր ողնաշարավորներով (երկկենցաղներ, մողեսներ և կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլմայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգն ածում է 3-16 ձու: Ձվերն իլիկանման են (37-44 X 13-14 մմ) Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի 2-րդ կեսը: Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Բավական ագրեսիվ օձ է: Կծածը կարող է առաջացնել տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ:

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ (Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ Եվրոպական նապաստակը (Lepus europaeus): Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր: Մարմնի երկար. 50-60 սմէ, կենդանի զանգվածը՝ 4-5, երբեմն՝ մինչև 7 կգ: Ականջները երկար են, պոչը՝ կարճ: Հետին վերջավորությունները երկար են առջևիններից: Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է: Ձմռանը գույնը չի փոխում: Ակտիվ է մթնշաղին, մասամբ՝ գիշերը: Արագավազ է: Սնվում է բուս, կերով: Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-6 և ավելի ձագ: Ապրում է 10-12 տարի: Ունի որսարդյունագործ. նշանակություն: Միսը համեղ է, մորթին՝ էժանագին: Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը: Կարող է տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:

ՆԱՏԵՐԵՐԻ ԳԻՇԾՐԱՉՂՋԻԿ (Myotis nattereri), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հվ. մարզերու(որտեղ կան արհեստ, ջրամբարներ), Արաքս գետի հովտում: Մարմնի երկար. 42-52 մմ է, պոչինը՝ մոտ 39-44 մմ, նախաբազկինը՝ 36-48 մմ, կենդանի զանգվածը՝ 7 գ Մորթին մեջքի մասում դեղնամոխրավուն է, դեպի փորը վերածվում է սպիտակադեղնավունի: Բնակվում է ծառերի փչակներում, բնակելի տների ձեղնահարկերում, տանիքներում, պատերի ու ժայռերի ճեղքերում: Որսի է դուրս գալիս մթնշաղին, թռչում է ցածր, պոչը՝ իջեցրած: Ոչնչացնում է մեծ քանակությամբ մոծակներ և մլակներ (1 գիշերվա ընթացքում՝ 700-850): Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՆԵՊՈՒԿՆԵՐ, պապուկներ (Oniscoidea), հավասարաոտ խեցգետնակերպների Ենթակարգ: Հայտնի է 1000 տեսակ: ՀՀ փոքր գետերում ապրում են Ligidium, հողում՝ Oniscus և Hemilepis սեռերի ներկայացուցիչները: Մարմնի երկար. 1-50 մմ է՝ մեջքափորային ուղղությամբ սեղմված: