Ապրում է միայնակ՝ գետնափոր (երկար.՝ մինչև 250 սմ, խոր.՝ 120 սմ) պարզ կառուցվածքով բներում: Սնվում է խոտաբույսերով և սերմերով: Տաք եղանակներին գործունյա է գիշերը, ձմռանը՝ նաև ցերեկը: Ձմռան համար կուտակում է կերի մեծ պաշար: Բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-9 ձագ:
Ժանտախտի հարուցչի հիմն․ կրողն է:
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿԼՈՐԱԳԼՈՒԽ ՄՈՂԵՍ (Phrynocephalus persicus), անդրկովկասյան տակիրային կլորագլուխ մողես, պարսկական դոդոշագլուխ մողես, ագամաների ընտանիքի կլորագլուխ մողեսների (Prynocephalus) ցեղի մողես:
ՀՀ-ում տարածված է Արմավիրի ու Արարատի մարզերի քարքարոտ, ավազուտային ու կավահողային կիսաանապատներում: Երևանում անհետացել է:
Լայն մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-6,5 սմ), պոչը գրեթե նույն երկարության է և չի ինքնահատվում. նրա բազմազան շարժումներով ապահովվում է հաղորդակցումը: Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի: Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ: Մեջքի գունավորումը բազմազան է (սովորաբար հողագույն է): Ընդհանուր գորշավուն կամ մոխրագույն գունավորման վրա կա համաչափ մուգ և բաց խալերից կազմված նախշ: Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն խալեր: Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ: Որովայնային մակերեսը սպիտակավուն է, հաճախ՝ խոշոր նարնջագույն խալով:
Սնվում է մրջյուններով և այլ մանր հոդվածոտանիներով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի 2-րդ կեսից հունիսի վերջ: Մայիսի սկզբից հուլիսի վերջ էգը սեփական բներում 1-3 անգամ դնում է 2-4 ձու: Ձագերը ծնվում են հունիսի վերջից սեպտեմբերի կեսերը:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՊԱՐՍԿԱԿԱՆ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԿՅՈՒՌ (Sciurus anomalus), սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի: ՀՀ-ում տարածված է հս-արլ. անտառներում (700-1900 մ բարձր-ներում):
Մարմնի երկար. մինչև 260 մմ է, պոչինը՝ 170 մմ: Պոչը խավոտ է, տակի մասում՝ 2 կողմի «սանրված»: Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով: Ականջների ծայրերն առանց վրձնիկի են: Մորթին փափուկ է, լավորակ: Մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն: Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու, երբեմն՝ խառնանտառներում, հաճախ հանդիպում է ընկուզենու և տխլենու տնկիների տարածքում ու մերձակայքում: Բնադրում է փչակներում, արմատամերձ դատարկ տեղերում, երբեմն՝ ավերակներում ու քարակույտերում: Սնվում է զանազան ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով: Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն: Գործունյա է ցերեկը, ձմռանը՝ օրվա 2-րդ կեսին: Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ:
Մորթին ունի տնտեսագործ. նշանակություն: Համաճարակաբան. նշանակությունն ուսումնասիրված չէ:
ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊՍԵՎԴՈՑԻԿԼՈՖԻՍ (Pseudocyclophis persicus), պարսկական էյրենիս, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի Pseudocyclophis ցեղի օձ:
ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզի նախալեռներում: Տարածված է կիսաանապատային ու թփուտային բուսականությամբ քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ: Վարում է գլխավորապես փորող կենսակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում, հողի փխրուն շերտերում:
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9-37 սմ), պոչը մոտ 4-5 անգամ կարճ է: Մարմինը շատ բարակ է, գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն: Մեջքը բաց ձիթապտղագույն է՝ շագանակագույն երանգով, մարմնի հետևի կեսը՝ ավելի բաց գույնի: Դունչը բաց գույնի է, գլխի մնացած մասը՝ սևագորշ: Պարանոցի վրա կա ոչ շատ լայն վզնոցանման գիծ: Էգերի մեջքի առջևի մասում նկատելի են նեղ, լայնակի զոլեր: Որովայնային մակերեսը սպիտակավուն է:
Սնվում է մանր անողնաշարավորներով: Բազմացումն ուսումնասիրված չէ: Ձվադրում է ամռան 2-րդ կեսին: Ձվերը երկարավուն են (14-15x5-6 մմ):
Մարդու և կենդանիների համար անվնաս է:
Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:
ՊԵՅԻԼԱՅԻՆ ՁԿՆԵՐ (Poeciliidae), ծածանատամնավորների կարգի ձկների ընտանիք: Ընդգրկում է շուրջ 20 ցեղ և ավելի քան 150 տեսակ: ՀՀ-ում կլիմայավարժեցված է 1 տեսակ՝ միսիսիպյան գամբուզիան:
Մանր ձկներ են, երկար.՝ 2-20 սմ: Բերանն ունի վերին դիրք: Կողագծի թեփուկները բացակայում են: Արուների հետնալողակի առաջին ճառագայթները վերածված են բեղմնավորման հատուկ օրգանի՝ գոնոպոդիումի: Ունեն ներքին բեղմնավորում, շատերը կենդանածին են:
ՊԻՐՈԼՆԵՐ (Oriotidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ պիրոլը. բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 24 սմ է, թևերի բացվածքը՝ 44-47 սմ, կենդանի զանգվածը՝ 70-85 գ: Նրբակազմ թռչուն է: Հասունի կտուցը կարմիր է: Արուն վառ ոսկեգույն-դեղին է, թևերը, սանձիկը