Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/487

Այս էջը սրբագրված է

ները 15-18 հատ են: Մեջքը և կողքերը մոխրագորշ են կամ դարչնաձիթապտղագույն: Ամբողջ մարմնի վրա ցրված են կլորավուն, մանր սև պտեր: Փորիկն արծաթասպիտակ է: Արուները բազմացման ընթացքում ձեռք են բերում կապտասև գունավորում:

Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում: Ջ. լ-ները բազմանում են զույգերով՝ մայիս-հունիսին՝ 22-30°C ջերմաստիճանային պայմաններում: Արուն այդ ընթացքում բույն է կառուցում և հոգ տանում ձկնկիթի ու մանրաձկների նկատմամբ: Բեղունությունը հասնում է 20-400 հգ. ձկնկիթի, որը բաց Նարնջագույն է, կպչուն: Ձկնկիթի զարգացումը տևում է 5-8 օր, որից 7-10 օր հետո թրթուրներն անցնում են արտաքին սննդառության:

Սնվում է գանազան անողնաշարավորներով ու փոքրիկ ողնաշարավորներով (ձկներ, գորտեր և շերեփուկներ): Սննդային ակտիվությունը սովորաբար բարձր է գիշերը: ՀՀ ձկնային տնտեսություններում երբևէ լայն տարածում չի ունեցել և աճեցվել է ժամանակ առ ժամանակ:

ՋՐԱՍԱՄՈՒՅՐ (Lutra lutra), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է մեծ գետերում և լճակներում: Մարմնի երկար. 70-75 սմ է, պոչինը՝ 50 սմ, կենդանի զանգվածը՝ 5-6 (երբեմն՝ 10) կգ: Մարմնի վերին մասը մուգ դարչնագույն է, որովայնը՝ արծաթափայլ: Ոտքերը կարճ են, թաթերը՝ մերկ, մատները՝ լողաթաղանթով միացած: Պոչը մկանուտ է, հիմքում՝ լայն, ծայրը՝ սրված: Ականջների ներսում կան ջրում արտաքին լսող, անցքը փակող փականներ: Քիստամազը կոպիտ է, աղվամազը՝ նուրբ ու խիտ: Բույնը կառուցում է գետափին, որի ելքը ջրի մեջ է: Ցամքարը չոր խոտաբույսեր են, տերևներ, ջրիմուռներ և այլ բուս, մնացորդներ: Օդափոխության համար բնից դեպի վեր փորում է 2-3 անցուղի, որոնց ելքերը բացվում են ծառերի արմատների, թփուտների, քարերի տակ և քողարկված են: Ունենում է նաև ժամանակավոր թաքստոցներ՝ առափնյա փչակներում, կուտակված չոր խոտերի ու ճյուղերի տակ: Լավ լողում է և սուզվում: Ցամաքում քայլում է դանդաղ՝ ծանր ու հաստ պոչը քարշ տալով:

Սնվում է ձկներով, միջատներով (Երբեմն հարձակվում է ափում բնադրող ջրլող թռչունների կամ նրանց ձագերի վրա), ջրային ու առափնյա բուսականությամբ:

Բազմանում է գարնանը, ունենում 2-3 (երբեմն՝ 5) ձագ. սեռահասուն են դառնում 2-3 տարեկանում: Ձագերը մինչև հաջորդ տարվա գարուն մնում են մոր մոտ (ձմռանը սառած ջրավազանում երիտասարդ կենդանին չի կարող ինքնուրույն որս անել): Արուն ապրում է առանձին, սակայն որսի ժամանակ միանում է էգին ու ձագերին: Վարում է գիշերային կենսաձև: Ապրում է մինչև 11 տարի:

Հեշտությամբ ընտելանում է: Մորթին արժեքավոր է:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՋՐԱՍԵՐՆԵՐ (Hydrophilidae), կարծրաթև միջատների ընտանիք: Հայտնի է մոտ 2 հզ., ՀՀ-ում՝ 70 տեսակ՝ տարածված ամենուրեք՝ անապատներից մինչև ալպիական գոտի: Առավել տարածված են դեղնաթեվ, քառակետ, գորշաոտ, փայլուն, ճահճային և այլ բզեզներ: ճահճային Ջ. լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը (հացահատիկային մշակաբույսերին):

Մանր ու միջին մեծության (երկար.՝ 1-50 մմ), ձվաձև, կիսաուռուցիկ միջատներ են, առաջնակուրծքը և վերնաթևերը՝ փայլուն ու հարթ: Մեծամասնությունն ապրում է ջրամբարներում, ջրով ողողվող հողամասերում (այստեղից՝ անվանումը), որոշ տեսակներ՝ գոմաղբում, փտած բուս, մնացորդներում: Հիմնականում բուս ակեր են, թրթուրները՝ բազմակեր:

ՋՐԱՐԾԻՎ (Pandion haliaetus), բազեանմանների կարգի ջրարծիվների ընտանիքի թռչուն: Հայտնի է 1 տեսակ: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 55-58 սմ է, թևերի բացվածքը՝ 145-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,3-1,9 կգ: Խոշոր գիշատիչ թռչուն է՝ սևի ու սպիտակի համադրությամբ: Թևերը համեմատաբար Նեղ Են, պոչը՝ կարճ: Հասունի կրծքի վերին մասի լայնակի բաց մոխրագույն շերտը փոփոխական է: Երիտասարդը վերևից ավելի բաց գույնի է, ներքևից՝ քիչ խայտերով, կրծքի շերտը նեղ է: Թռչում է՝ թևերը կախ գցած: Ձուկ որսալիս հաճախ մի պահ կանգ է առնում օղում, ապա թևերի արագ ու կարճ թափահարումներով, ոտքերն առաջ պարզած, նետվում է ջուրը: Նստում է սյուներին, ծառերի անթաքույց ճյուղերին: Բնակվում է ափամերձ անտառների կամ ժայռերի առկայությամբ գետերում, լճերում, լճակներում (ՀՀ-ում՝ Սևանա լճում, Արարատյան դաշտի ձկնաբուծ. տնտեսություններում, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում): Սնվում է ձկներով, հազվադեպ՝ գորտերով: Երկար, հզոր մատների ու մագիլների շնորհիվ կարողանում է անվրեպ ձուկ որսալ ջրի խորքերում: Փետրածածկը շատ խիտ է, սուզվելիս այն չի թրջվում: ճանկում է 200-400, որոշ դեպքերում՝ 800-900 գ ձկներ. ողջ բնադրման շրջանում օգտագործում է մոտ 150 կգ ձուկ: Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից: Բնադրում է ամենաբարձր ծառերին կամ ժայռաքիվերին, նախընտրում է բարձր սյուների վրա հարմարեցված արհեստ, բնադրահարթակները: Գնում է 62 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիրդարչնագույն վրձնախազերով 2-3 ձու: Թխսակալում է հիմնականում էգը՝ 35-38 օր:

Աշխարհի մի շարք երկրներում թունաքիմիկատների օգտագործման