Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/490

Այս էջը հաստատված է

ՀՀ-ում հանդիպում է Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային, հիմնականում չոր կենսավայրերում: Վարում է գլխավորապես փորող կենսակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում:

Մարմինը բավականին բարակ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (12-40 սմ), պոչը մոտ 4,5-5 անգամ կարճ է: Գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր: Միջքթային վահանիկը լայնացած է՝ հարմարված փորելուն: Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին: Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն: Մեջքը դեղնավուցնից նարնջագույն է: Գլուխը բաց գույնի է: Վերաչքային վահանիկների վրայով անցնում է դեպի առաջ կորացած սև լայնակի գիծ: Ծոծրակային վահանիկների գրեթե ողջ մակերեսը ծածկված է սրտանման սև խալով: Պարանոցի մեջքային մակերեսին կա առջևից խորը կտրվածքով, լայն, սև, վզնոցանման գիծ: Որովայնը սպիտակ կամ վարդագույն է:

Սնվում է մրջյունների թրթուրներով և հողում ապրող մանր անողնաշարավորներով: Բազմացումը ուսումնասիրված չէ: Մարդու և կենդանիների համար անվնաս է:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԱՐԴԵՐ (Aranei), սարդակերպների դասի հոդվածոտանի կենդանիների կարգ: Հայտնի է մոտ 27 հզ., ՀՀ-ում՝ 300-350 տեսակ, առավել տարածված են տնային սարդը, խաչասարդը, թռչնակեր սարդը, ջրասարդը և այլն:

Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը, առաջացնում է ընդհանուր թունավորում:

Մարմինը (երկար.՝ 0,7-11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միմյանց միացած են կարճ ցողունիկով: Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում: Վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, 2-րդ զույգը (պեդիպալպներ) հիմնակնում շոշափելիքի օրգաններ են (արուների մոտ դրանց ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգը ճանկերով վերջացող քայլող ոտքեր են:

Բաժանասեռ են, արուներն ավելի փոքր են: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության, արտահայտված է սեռ. երկձևությունը: Ս-ին հատուկ են պաշտպան․ գունավորման, շրջապատին հարմարվելու, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները: Ապրում են ցամաքում (բացի ջրասարդից): Գիշերային գիշատիչներ են: Սնվում են հիմնականում միջատներով:

ՍԱՐՅԱԿՆԵՐ (Sturnidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 104-111, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական սարյակ և վարդագույն սարյակ:

Մարմնի երկար. 18-43 սմ է: Կտուցն ուղիղ է, հազվադեպ՝ թեթևակի կեռված, ոտքերն ուժեղ են: Փետրածածկը հաճախ մետաղ․ փայլով է: Բնադրում են փակ տեղերում (փչակներում, որջերում, քարերի տակ, կառույցներում և այլն), դնում 2-9 (հաճախ՝ 4) ձու: Ամենակեր են:

Օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակության միջատներ:

ՍԵՎ ԱԳՌԱՎ (Corvus corax), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 64 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ, կենդանի զանգվածը՝ 798-1560 գ: Սև, փայլուն փետրածածկով խոշոր թռչուն է: Կտուցը հաստ է, երկար, պոչը՝ երկար՝ բութ սրված: Ս. ա-ները հաճախ հանդիպում են փոքր խմբերով, սակայն բնադրում են մեկուսացած զույգերով՝ ժայռապատերին: Ճարպիկ թռիչքի ընթացքում, թևերը պարբերաբար փակելով, արագ պտույտներ է գործում՝ կողքից կողք և, վայր ընկնելու տպավորություն թողնելով՝ կարճ տարածություն անցնելուց հետո նորից պարզում է թևերը: Ձայնը հեռու տարածվող կոպիտ կռռոց է: Լայնորեն տարածված է լեռներում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, լեշերով:

Հարսանեկան զույգերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում: Գարնանային թռիչքային խաղերը (արուների հետապնդումը էգին) նկատվում են դեռևս փետրվարի սկզբից մարտի ընթացքում: Բների նորոգումը կամ նորերի կառուցումն ավարտվում է փետրվարի կեսերին: Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ ճյուղերից, երբեմն՝ մետաղալարերից, ցամքարը՝ բրդե լաթերից: Բնադրում է ժայռաքիվերին, երբեմն՝ էլեկտրասյուների հենակներին: Ձվերը բներում հայտնվում են փետրվարի կեսերից, լրիվ քանակով՝ մարտի ընթացքում: Դնում է 49 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչից սևավուն վրձնախազերով ու գծիկներով 4-6 ձու: Թխսակալում է հիմնականում էգը՝ 19-21 օր: Ձագերը բներում հայտնվում են մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածաբար՝ մայիս-հունիսին: Մայիսի 1-ին կեսին նորելուկ ձագերի կողքին գրանցվում են հասուն, թռիչքի պատրաստ ձագեր: Հունիսի վերջին նույնպիսի ձագեր են գրանցվում Խոսրովի անտառ արգելոցում: Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը հայտնվում են հուլիսի 2-րդ տասնօրյակից: Հաճախ թռիչքային խաղեր են նկատվում սովորական հողմավար բազեի հետ, համատեղ